bool(true) Քնային զարկերակի հիվանդություն, ախտանիշները, բուժման մեթոդները
Դիմել բժշկի

Քնային զարկերակի հիվանդություն

Ի՞նչ է քնային զարկերակի հիվանդությունը

 

Աորտան օրգանիզմի ամենամեծ զարկերակն է, որն ուղղվում է սրտից դեպի որովայն: Քնային զարկերակները տարածվում են աորտայից դեպի գլխուղեղ և արյուն են մատակարարում ուղեղին: Եթե զգուշորեն սեղմեք շնչափողի, պարանոցի երկու կողքերը, կզգաք քնային զարկերակների պուլսացիան:
 

Օրգանիզմի բոլոր զարկերակների նման, քնային զարկերակները նույնպես կարող են ախտահարվել և ներսից խցանվել ամբողջությամբ կամ մասնակիորեն: Զարկերակներում կուտակվող նյութը կոչվում է ճարպագեղձուռուցք (աթերոմա) և այն հիմնականում ճարպային նստվածք է: Այն առաջացնում է կուտակում, որն ի վերջո հանգեցնում է քնային զարկերակի նեղացման, որը կոչվում է ստենոզ:

Նստվածքի կուտակմանը զուգահեռ զարկերակները նեղանում և կարծրանում են: Այս պրոցեսը կոչվում է աթերոսկլերոզ և տարիքին զուգընթաց դրա առաջացման վտանգը բարձրանում է:

 

Ախտանիշները

ճարպագեղձուռուցքի (աթերոմա) կուտակումը քնային զարկերակում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Ճարպային նստվածքի մի մասը կարող է անջատվել և արյան հոսքով տեղափոխվել դեպի գլխուղեղ: Երբ այս մասնիկները կանգ են առնում գլխուղեղի ավելի փոքր զարկերակում, հնարավոր է առաջացնեն փոքր կաթված (անցողիկ իշեմիկ գրոհ) կամ ամբողջական կաթված: Խնդրի լրջությունը անկանխատեսելի է և կախված է նրանից, թե մասնիկներն ուր կտեղափոխվեն:

Եթե դրանք հայտնվում են գլխուղեղում, հիվանդի մոտ առաջանում է դժվարախոսություն, թուլություն կամ ձեռքի, հնարավոր է նաև մի կողմի ձեռքի և ոտքի թմրածություն: Թուլացման կողմը կախված է նրանից, թե քնային որ զարկերակն է խնդրի պատճառը:

Գլխուղեղի ձախ կիսագունդը վերահսկում է մարմնի աջ կողմը և գլխուղեղի աջ կիսագունդը՝ ձախ կողմը: Այդպես, եթե քնային աջ զարկերակի նստվածքից մասնիկներն անջատվեն և տեղափոխվեն դեպի ուղեղի աջ հատված, ապա պացիենտը կզգա թուլություն ձախ ձեռքում և/կամ ոտքում:

Աջլիկ մարդկանց մեծամասնության մոտ խոսքի վերահսկման կետրոնը գտնվում է գլխուղեղի ձախ կիսագնդում, հետևաբար քնային ձախ զարկերակի հիվանդությունը կարող է հանգեցնել խոսքի խնդիրների:

Այլ պարագայում կարող են առաջանալ տեսողական խնդիրներ, օրինակ՝ մեկ աչքը վարագույրով փակված լինելու զգացում: Սա նշանակում է, որ մասնիկները խցանել են աչքը մատակարարող զարկերակը:

Հիվանդի մոտ առաջանում են հետևյալ ախտանիշները.

• թուլություն, թմրածության կամ ծակծկոցի զգացում մարմնի մի կողմում, օրիակ՝ ոտքում կամ ձեռքում,

• ոտքը կամ ձեռքը վերահսկելու անկարողություն,

• մեկ աչքի տեսողության կորուստ՝ նման ինչ-որ բանով փակված լինելուն,

• պարզ խոսելու անկարողություն:

Երբեմն, գլխուղեղում կամ աչքի մեջ հայտնված մասնիկները ինքնալուծվում են և արյան հոսքը վերականգնվում է: Այս պարագայում ախտանիշները ժամանակավոր բնույթ են կրում:

Եթե ախտանիշները վերանում են 24 ժամվա ընթացքում, ապա այն համարվում է փոքր կաթված:

Այնուամենայնիվ, այս ախտանիշները չպետք է անուշադրության մատնվեն, իսկ փոքր կաթվածը նշանակում է, որ դրա կրկնության կամ ամբողջական կաթվածի վտանգ կա: Առաջին ախտանիշների ի հայտ գալը համարվում է վտանգի ամենաբարձր շրջանը, և կարևոր է դրանց առաջացման դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Եթե ախտանիշները չեն բարելավվում 24 ժամերի ընթացքում, ամենայն հավանականությամբ կաթված է տեղի ունեցել: Այս դեպքում նույնպես կարևոր է համապատասխան բուժում ստանալը, քանի որ կաթվածի կրկնության վտանգը չի նվազում:

 

Ախտորոշումը

Նախ բժիշկը կազմում է հիվանդության անամնեզ՝ հատկապես ուշադրություն հատկացնելով վտանգի գործոնների առկայությանը, օրինակ՝ ծխելուն, և ախտանիշների առաջացման ժամանակացույցին և հաճախությանը: Կատարվում է ֆիզիկալ զննում, արյան ճնշման չափում: Հնարավոր է նաև՝ էլեկտրասրտագրություն և կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն:

Ախտորոշման համար նաև կարող է կիրառվել պատկերային հետազոտություն՝ դոպլեր, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ , անոթագրություն անգիոգրաֆիա և համակարգչային տոմոգրաֆիա՝ ՀՏ :

 

Քնային զարկերակի հիվանդության բուժումը

Բուժման ռազմավարության առաջին քայլն ուղղված է վտանգի գործոնների վերացմանը, օրինակ՝ ծխելը դադարեցնելուն:

Երկրորդ քայլով կատարվում է տվյալ հիվանդին ամենահամապատասխանող դեղորայքային համակցված բուժումը, ինչն ուղղված է աթերոսկլերոտիկ վահանիկի կայունացմանը և հետագա էմբոլների կանխարգելմանը: Նշանակվող դեղորայքը կարող է ներառել ասպիրին, ստատիններ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ (ինհիբիտորներ):

Բուժման այլ եղանակ է վիրահատությունը, որը կոչվում է քնային էնդարտերէկտոմիա: Գոյություն ունի նաև այլընտրանքային ինտերվենցիոն միջամտություն, որը կոչվում է քնային զարկերակի ստենտավորում: Այս միջամտության ընթացքում ինտերվենցիոն ռադիոլոգը ստենտ է տեղադրում անոթի մեջ, որպեսզի կանխարգելի դրա խցանումը նստվածքի կուտակման պատճառով:

 




 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am