Դիմել բժշկի

Քնային զարկերակի ստենտավորում

Ինչ է քնային զարկերակի ստենտավորումը 

Քնային զարկերակները պարանոցի երկու կողմերում գտնվող երկու մեծ զարկերակներն են, որոք օքսիգենացված արյուն են մատակարարում դեպի ուղեղ,պարանոց և դեմք: Երբեմն, աթերոսկլերոտիկ վահանիկներ են առաջանում զարկերակներում, որը հանգեցնում է քնային զարկերակների նեղացման (հայտնի նաև՝ քնային զարկերակների հիվանդություն) կոչվող վիճակի: Ստենոզ նշանակում է, որ զարկերակի ներսի տարածքը նեղացել է՝ սահմանափակելով արյան հոսքը:

Քնային զարկերակի ստենտավորումը (CAS, կամ՝ քնային զարկերակի անգիոգրաֆիա ստենտավորումով) բուժական մինիմալ ինվազիվ եղանակ է, որն արդյունավետորեն վերացնում է ստենոզը և կանխարգելում կաթվածը: Սա ոչ-վիրաբուժական բուժում է, որի ընթացքում կաթետերների (բարակ սնամեջ խողովակ) կիրառությամբ ստենտ է տեղադրվում զարկերակի ախտահարված հատված, ինչն ապահովում է ազատ անցանելիություն՝ այդպիսով վերականգնելով արյան հոսքը:

Որոշ պացիենտների մոտ քնային զարկերակի ստենոզը չի դրսևորում ոչ մի ախտանիշ, այն ինչ որոշ պացիենտների մոտ հնարավոր է այն հանգեցնի արյան մակարդուկների գոյացման (թրոմբ), մինի-կաթվածի (սա նույն կաթվածն է, պարզապես ավելի կարճ տևողությամբ՝ մի քանի րոպե), կաթվածի (երբ գլխուղեղին արյուն մատակարարող զարկերակը խցանվում է): Քնային զարկեարկի ստենտավորումը հնարավոր այլընտրանք է այն պացիենտների համար, ում հակացուցված է ավանդական վիրաբուժական եղանակը՝ քնային էնդարտերէկտոմիա (զարկերակի ներքնաթաղանթի մասնահատում):

 

Ինչպես է կատարվում միջամտությունը

Միջամտության համար պացիենտին տեղային անզգայացում է կատարվում: Ինտերվենցիոն ռադիոլոգը, անգիոգրաֆի օգնությամբ ընթացքը վերահսկելով և դրանով ուղղորդվելով, կաթետեր է տեղադրում աճուկի կամ ձեռքի զարկերակում և քնային զարկերակի մեջ ներմուծում է բալոնայի ծայրով կաթետերը՝ ուղղորդելով այն դեպի նեղացած շրջան: Այնուհետև բալոնը փչում և արտափչում են, որպեսզի սեղմի ճարպային կուտակումը կամ խցանումը զարկերակի պատերին՝ լայնացնելով արյունատար անոթը ուժգնացնելով արյան հոսքը: Ապա բալոնը հեռացվում է:

Ինտերվենցիոն ռադիոլոգը մեկ այլ կաթետերի օգնությամբ տեղադրում է ստենտ և, որոշ դեպքերում, հնարավոր է շարունակի բալոնային ծայրով կաթետերով ընդլայնել ստենտը: Ստենտը մնում է իր տեղում, որպեսզի ապահովի զարկերակի անցանելիությունը:


 

Ինչու է կատարվում ստենտավորում

 

Ստենտավորումը հարմար բուժում է քնային զարկերակի հիվանդություն ունեցող և վիրաբուժական բարդությունների մեծ վտանգով պացիենտների համար: Սա հարմար է արդեն իսկ ավանդական վիրաբուժություն անցած պացիենտների համար, ում մոտ զարկերակի նեղացումը կրկնվել է (ռեստենոզ), այն դեպքերում, երբ նեղացման տեղակայումը չի թույլատրում վիրահատում կամ երբ նեղացումն առաջացել է ճառագայթային բուժումից հետո: Այս միջամտությունը ցուցվում է նաև առանց ախտանիշների պացիենտներին:

 

Վտանգները

Քնային զարկերակի ստենտավորման ամենալուրջ վտանգը կաթվածն է : Կաթված հնարավոր է առաջանա միջամտության ընթացքում, և այն հիմնականում պայմանավորված է աթերոսկլերոտիկ վահանիկի տեղահան լինելով և արյան շրջանառությամբ գլխղուղեղ հասնելով:

Վիրաբուժական էնդարտերէկտոմիան և նվազագույն ինվազիվ ստենտավորումը ցուցադրել են միևնույն կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքները, թեպետ վերջինս ավելի շատ է ասոցացվում կաթվածի դեպքերի հետ՝ տարեց պացիենտների պարագայում: Սակայն ի տարբերություն ավանդական վիահատության, նվազագույն ինվազիվ ստենտավորումը կրում է սրտի ինֆարկտի և մուտքուղու շրջանում արյունահոսության առաջացման ավելի քիչ վտանգ:

Որոշ դեպքերում, հնարավոր է պացիենտի մոտ առաջանա սրտի ռիթմի ժամանակավոր դանդաղում կամ սրտի կանգ, երբ զարկերակը լայնանում է իր գլխավոր ճյուղավորման կետում, թեպետ այս բարդությունները կարելի է կանխարգելել պացիենտին ատրոպինի ներմուծմամբ:

Քնային զարկերակի ստենտավորման հնարավոր այլ բարդություններ են սպազմը, արյան մակարդուկների առաջացումը, զարկերակի պատի պատռվածքը և հիպերպերֆուզիայի համախտանիշ, որը կարող է հագեցնել նյարդային համակարգի խնդիրների:

 Այս բարդությունների մեծ մասը վերանում է առանց վիրաբուժության: Հնարավոր է միջամտությունից հետո 2-24 ժամ արյան ցածր ճնշում դիտվի, որը որևէ կլինիկական խնդիր չի առաջացնում:

Հնարավոր է պատկերների վիզուալիզացիայի համար կիրառվող ներկից ալերգիկ ռեակցիա առաջանա, թեև դա շատ հազվադեպ է:

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am