Դիմել բժշկի

Թոքամզային արտազեղում (պլևրալ էֆուզիա)

Ի՞նչ է թոքամզային արտազեղումը

 

Թոքամզային արտազեղումը (պլևրալ էֆուզիա) ավելորդ քանակի հեղուկի կուտակումն է թոքամզի (պլևրայի) թերթիկների շրջանում:

Թոքամզային արտազեղման տեսակը կախված է հեղուկի ծագումից և կուտակման պատճառից:

Ախտանիշները

Մեծ մասամբ, թոքամզային արտազեղմանը բնորոշ ակնհայտ ախտանիշներ չեն առաջանում: Եթե առկա է մեծ քանակությամբ հեղուկ կամ բորբոքում, հնարավոր է նկատվի շնչարգելություն, կրծքավանդակի ցավ, հազ և տենդ:

 

Ախտորոշումը

Ախտորոշման համար բժիշկը կատարում է հիվանդի ֆիզիկալ զննում ստետոսկոպով կամ պերկուսիայի եղանակով (մատների ծայրերով թակոցներ կատարելով կրծքավանդակին): Սովորաբար կատարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, որը թոքամզային արտազեղումը ցույց է տալիս որպես սպիտակ գոտի թոքի հիմքում: Մանրակրկիտ տեղեկություն ստանալու նպատակով կարող են կիրառվել գործիքային հետազոտության այլ մեթոդներ:


 

Բուժումը

Բուժումը կախված է թոքամզային արտազեղման պատճառից և ախտանիշների առկայությունից: Բժիշկը հեղուկի մի մասը հեռացնում է պունկցիայի և ասպիրացիայի մեթոդով: Դա իրականացնելու համար բժիշկը ասեղ է ներմուծում կողերի արանքով դեպի կրծքավանդակի խոռոչ, և ասեղի միջոցով հեղուկը դատարկվում է պլևրալ խոռոչից: Սա կատարվում է թոքամզային արտազեղման պատճառը պարզելու և դրա առաջացրած ախտանիշները վերացնելու նպատակով:

Եթե հեղուկի քանակը շատ է կամ հեղուկը վարակված է, բժիշկը, պատկերային հսկողության ուղղորդմամբ ներմուծում է հատուկ խողովակ և դրենավորում է թոքամզային տարածությունը (պլևրալ խոռոչ), որպեսզի հեղուկը  դուրս հանի: Սա մեղմացնում է ախտանիշները և կանխարգելում է բարդությունների առաջացումը:

Եթե թոքամզային արտազեղումը կանոնավոր կերպով է առաջանում, հնարավոր է պահանջվի պլևրոդեզի միջամտություն, որը կատարվում է ինչպես վիրահատական, այնպես էլ քիմիական նյութերի կիրառման եղանակով: Եթե պլևրոդեզն անարդյունավետ է, կիրառվում է թոքամզային կեղևազատում (պլևրալ դեկորտիկացիա), ինչը ֆիբրոզային հյուսվածքի ախտահարված շերտի վիրահատական հեռացումն է:

 





 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am