Դիմել բժշկի

Ասպիրացիա (արտածծում)

Ինչ է ասպիրացիան (արտածծում)

 

Ասպիրացիան կիստոզ ախտահարումների (կիստա, աբսցես կամ արյան կուտակում) կամ կարծր ախտահարումների (գոյացություն) ասեղով ծակումն է գործիքային հետազոտության սարքավորումների հսկողության ներքո։ Կատարվում է հեղուկի դուրս բերման կամ հյուսվածքից նմուշ վերցնելու նպատակով: Ասպիրացիայի կատարելու նպատակով կիրառվող ասեղները տարբեր տրամաչափի են և երկարության:

 

Ինչպես է կատարվում միջամտությունը

Հնարավորության դեպքում դադարեցվում է արյան մակարդելիությանը խոչընդոտող դեղերի ընդունումը:

Ասպիրացիայի ընթացքը ճշգրիտ կառավարելու նպատակով կիրառվում է պատկերային ուղղորդման որևէ սարքավորում ՝ ուլտրաձային հետազոտություն ՈՒՁՀ, համակարգչային շերտագրում ՀՇ, մագնիսառեզոնանսային շերտագրում ՄՌՇ,   ասեղի ներմուծման ընթացքը ծրագրավորելու և հսկելու համար: Միջամտությունը կատարվում է հիվանդի պառկած կամ նստած դիրքում, իսկ պառկելու հստակ դիրքը կախված է նրանից, թե որտեղ է լինելու ասեղնածակման մուտքի հատվածը:

Սովորաբար, ասպիրացիան կատարվում է տեղային անզգայացման պայմաններում:

Միջամտությունն անցկացվում է ստերիլ և ապահով միջավայրում: Պատկերային ուղղորդման ներքո ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է ասեղը ախտահարված օջախ, այնուհետև ներարկչի օգնությամբ վերցնում է նմուշ կամ հեղուկ:

Ասպիրացիան կատարվում է ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում: Հնարավոր է՝ միջամտությունից հետո մի քանի ժամ ասեղնածակման շրջանում թեթև անհանգստության զգացում պահպանվի:

 

Ինչու է կատարվում ասպիրացիա

Ասպիրացիան կատարվում է ախտորոշիչ նպատակով (ախտահարման բնույթի մասին տեղեկություն ստանալու նպատակով) կամ բուժական նպատակով, օրինակ՝ կիստայի կամ այլ ախտաբանական հեղուկ կուտակումը վերացնելու համար: Երբեմն միայն ասպիրացիան ավելի նախընտրելի է փոքր աբսցեսների (3-4 սմ-ից փոքր) դեպքում քան դրենավորման  իրականացումը՝  քանի որ դրենավորող կաթետերի կարիք այսպիսի փոքր չափի աբսցեսների դեպքում չի լինում:

Ասպիրացիա խորհուրդ չի տրվում իրականացնել եթե պացիենտն ունի արյան մակարդելիության խանգարումներ կամ բացակայում է անվտանգ պունկցիոն ուղին:

Միջամտության տեխնիկական հաջողության ցուցանիշները շատ բարձր են: Քանի որ կիրառվում են բարակ ասեղներ, միջամտությունից հետո բարդություններ շատ հազվադեպ են առաջանում: Ամենատարածված կողմնակի ազդեցություններն են կապտուկը, վարակը, իսկ թոքի ապիրացիայի դեպքում՝ պնևմաթորաքսը (օդի կուտակում թոքի և կրծքավանդակի պատի միջև ընկած տարածքում):

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am