Դիմել բժշկի

Երիկամի քաղցկեղ

Ինչ է երիկամի քաղցկեղը

Երիկամի քաղցկեղների շարքում ամենատարածվածը երիկամաբջջային քաղցկեղն է: Այն առաջանում է երբ երիկամում զարգանում են քաղցկեղային բջիջներ:

Ախտանիշներ

Հիմանականում երիկամաբջջային քաղցկեղը հայտնաբերվում է պատահական՝ պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակ կամ երբ ուռուցքի չափերն այնքան մեծ են, որ այն սկսում է մեխանիկորեն ճնշել երիկամի հարակից հյուսվածքները կամ օրգանները՝ առաջացնելով ցավային համախտանիշ: Տարածված ախտանիշներն են մեզի մեջ արյան առկայությունը, անեմիան (սակավարյունություն), ցավը որովայնի վերին շրջանի և մեջքի հատվածում: Հազվադեպ, հիվանդներն ունենում են քաշի կորուստ, զարկերակային բարձր ճնշում և կրկնվող տենդ:

 

Ախտորոշումը

Գոյություն ունեն ախտորոշման տարբեր մեթոդներ, այդ թվում՝ մի շարք գործիքային հետազոտության մեթոդներ: Դրանք են՝ ուլտրաձայնային հետազոտությունը՝ ՈՒՁՀ, համակարգչային տոմոգրաֆիան՝ ՀՏ , մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան՝ՄՌՏ, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան՝ ՊԷՏ ԿՏ:

Դեպքերի մեծամասնությունում, քաղցկեղի տեսակը և զարգացման փուլը որոշելու համար բիոպսիայի անհրաժեշտություն է առաջանում, որը կատարվում է պատկերային հսկողությամբ (ՈւՁՀ հսկողության ներքո) ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիայով:

 

Բուժումը

Գոյություն ունեն բուժման տարբեր մեթոդներ: Արդյունավետ մեթոդ է համարվում երիկամի ախտահարված ողջ հատվածի վիրահատական մասնահատումը: Սակայն ոչ միշտ է հաջողվում մասնահատել միայն ախտահարված հատվածը և երբեմն ստիպված հեռացվում է երիկամն ամբողջությամբ, ներառյալ՝ ուռուցքային ախտահարումը:

Երիկամաբջջային քաղցկեղի բուժման նպատակով կիրառվում են նաև ԻՌ բուժական մեթոդներ, օրինակ՝ ռադիոհաճախական աբլացիայի մեթոդը: Բուժական այս միջամտության ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը պատկերային հսկողության ներքո ներմուծում է հատուկ ասեղն անմիջապես ուռուցքի մեջ և դրա միջոցով ուռուցքին հաղորդում է ռադիոհաճախական ալիքներ, որն էլ ոչնչացնում է ուռուցքը:

ԻՌ մեթոդները համապատասխան ցուցումների դեպքում ապահովում են երիկամի քաղցկեղի բուժման բարձր արդյունավետություն: Որոշ ուռուցքներ լավ անոթավորված են, այսինքն՝ նրանցում առկա են միջինից բարձր թվով արյունատար անոթներ: Այսպիսի ուռուցքները հատկապես դժվար են ենթարկվում վիրահատական հեռացման, այդ պատճառով ավելի նպատակահարմար է նման հիվանդներին բուժել ԻՌ տեխնոլոգիայով: Այս պարագայում կատարվում է երիկամի ուռուցքի միջզարկերակային քիմիաէմբոլիզացիա TACE: Այս միջամտության ընթացքում ինտերվենցիոն ռադիոլոգը ներարկում է քաղցկեղասպան դեղանյութն անմիջապես ուռուցքի մեջ՝ միաժամանակ փակելով (խցանելով) նրան սնուցող անոթը, ինչն իր հերթին ևս նպաստում է ուռուցքի ոչնչացմանը:


 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am