Հանգուցավոր խպիպ (զոբ)

Վահանաձև գեղձի հանգույցները կարծր (սոլիդ) կամ հեղուկով լցված գոյացություններ են, որոնք ձևավորվում են վահանաձև գեղձի ներսում: Վերջինս փոքր գեղձ է՝ տեղակայված պարանոցի հիմքում՝ կրծոսկրի անմիջապես վերևում:
Վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը լուրջ խնդիր չէ և ախտանիշներ չի առաջացնում: Հանգույցների չնչին մասն է լինում քաղցկեղային: Հանգույցների առկայության մասին հաճախ իմանում են միայն պլանային բժշկական ստուգումների արդյունքում: Հնարավոր է` բժիշկը հայտնաբերի այն առողջական այլ խնդրի առիթով անցկացված հետազոտության ընթացքում: Այնուամենայնիվ, որոշ դեքերում հանգույցները բավականին մեծ չափեր են ձեռք բերում և դառնում են տեսանելի կամ առաջացնում են կլման ակտի, շնչառության դժվարություններ:
Հանգույցի բուժումը կախված է դրա տեսակից:
Հանգույցի ախտանիշները
Մեծ մասամբ վահանաձև գեղձի հանգույցները չեն առաջացնում նշաններ կամ ախտանշաններ, սակայն եթե դրանք հասնեն մեծ չափերի՝
- հնարավոր կլինի հանգույցը զգալ
- հնարավոր կլինի հանգույցը տեսնել, հաճախ՝ որպես պարանոցի հիմքի այտուցվածություն (ուռածություն)
- հնարավոր է այն ճնշի շնչափողը կամ կերակրափողը՝ առաջացնելով դժվարաշնչություն կամ կլման ակտի դժվարացում:
Որոշ դեպքերում, հանգույցն արտադրում է հավելյալ քանակությամբ թիրոքսին հորմոն: Թիրոքսինը վահանաձև գեղձում արտադրվող հորմոններից է: Թիրոքսինի հավելյալ քանակության դեպքում հնարավոր է առաջանան վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրությանը՝ հիպերթիրեոդիզմին բնորոշ ախտանշաններ: Դրանք են.
- առանց պատճառի քաշի կորուստ
- շատ քրտնոտություն
- սարսուռ/ցնցումներ
- նյարդայնություն
- սրտի ռիթմի արագացում կամ անկանոնություն
Չնայած վահանաձև գեղձի հանգույցների միայն չնչին մասն է քաղցկեղային, այնուամենայնիվ, ախտանիշների գնահատումից զատ պահանջվում են հետազոտություններ, որոնք կօգնեն պարզել հանգույցի բնույթը: Քաղցկեղային հանգույցները կարող են չնկատվել, դանդաղ աճել, հազվադեպ՝ լինել ագրեսիվ, մեծ, պինդ և ֆիքսված:
Երբ դիմել բժշկի
Ապահովության համար անհրաժեշտ է դիմել բժշկի, երբ նկատում եք անսովոր փքվածություն պարանոցում: Շատ կարևոր է քաղցկեղի վտանգի գնահատումը: Դիմեք բժշկի, երբ նկատում եք հիպերթիրեոիդիզմի նշաններ, ինչպիսիք են.
- հանկարծակի քաշի նվազում, չնայած ախորժակը նորմալ կամ բարելավված է
- սրտխփոց
- քնի դժվարություն
- մկանային թուլություն
- նյարդայնություն կամ գրգռվածություն
Դիմեք բժշկի նաև հիպոթիրեոիդիզմի՝ վահանաձև գեղձի հորմոնների թերարտադրության ախտանիշների դեպքում: Դրանք են.
- մրսելը
- արագ հոգնածությունը
- չոր մաշկը
- հիշողության խնդիրները
- դեպրեսիան
- փորկապությունը
Հանգույցի առաջացման պատճառները
Որոշ ախտաբանական վիճակներ խթանում են վահանաձև գեղձում հանգույցների առաջացումը: Օրինակ՝
- Վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքի գերաճ. Այս ախտաբանական վիճակը երբեմն անվանում են վահանաձև գեղձի ադենոմա: Հայտնի չէ, թե ինչու է զարգանում այս վիճակը, սակայն այն քաղցկեղային չէ և չի համարվում լուրջ՝ քանի դեռ այն չի առաջացրել խանգարող ախտանիշներ իր չափի պատճառով: Որոշ ադենոմաներ հանգեցնում են հիպերթիրեոիդիզմի:
- Վահանաձև գեղձի կիստա. Հեղուկով լցված խոռոչները (կիստաներ) սովորաբար առաջանում են վահանաձև գեղձի ադենոմաների կազմափոխության (դեգեներացիայի) արդյունքում: Կիստաները սովորաբար քաղցկեղային չեն, սակայն երբեմն պարունակում են քաղցկեղային կարծր բաղադրիչներ:
Կարդալ՝ Վահանաձև գեղձի կիստայի բուժում էթանոլի միջմաշկային ներարկման մեթոդով:
- Վահանաձև գեղձի քրոնիկ բորբոքում. Հաշիմոտոյի հիվանդությունը վահանաձև գեղձի խանգարումներից է, որը կարող է առաջացնել գեղձի բորբոքում և հանգեցնել հանգույցների մեծացման: Հաճախ, սա ասոցացվում է հիպոթիրեոիդիզմի հետ:
- Հանգուցավոր խպիպ (զոբ). Խպիպ տերմինն օգտագործվում է վահանաձև գեղձի մեծացման դեպքերը նկարագրելու համար: Գեղձի մեծացում կարող է դիտվել յոդի անբավարարության կամ գեղձի այլ խանգարումների դեպքում: Հանգուցավոր խպիպի դեպքում գեղձում առկա են մի քանի առանձին հանգույցներ, որոնց առաջացման պատճառը հստակ հայտնի չէ:

- Վահանաձև գեղձի քաղցկեղ. Հանգույցի քաղցկեղի հավանականությունը քիչ է: Այնուամենայնիվ, մեծ և պինդ կամ ցավ/անհարմարություն առաջացնող հանգույցների դեպքում անհրաժեշտ է զգուշանալ: Խորհուրդ է տրվում ստուգել հանգույցի բնույթը: Որոշ գործոններ, ինչպիսիք են ընտանիքում վահանաձև գեղձի կամ այլ էնդոկրին քաղցկեղի դեպքերը, նախկինում (բժշկական կամ ատոմային) ճառագայթայման ենթարկվելը, բարձրացնում են քաղցկեղի առաջացման վտանգը:
- Յոդի անբավարարություն. Սննդակարգում յոդի պակասը երբեմն կարող է հանգույցների առաջացման պատճառ դառնալ: Մեր տարածաշրջանում յոդի անբավարարությունը տարածված երևույթ է:
Ի՞նչ բարդություններ է առաջացնում հանգույցը
Վահանաձև գեղձի հանգույցի դեպքում առաջացող բարդություններն են.
- Կլման ակտի կամ շնչառության դժվարացում
Մեծ կամ մի քանի հանգույցները կարող են ճնշում գործադրելու հաշվին դժվարացնել կլման ակտը կամ շնչառությունը:
- Հիպերթիրեոիդիզմ
Խնդիրն առաջանում է, երբ խպիպն արտադրում է վահանաձև գեղձի հորմոններ՝ հանգեցնելով օրգանիզմում այդ հորմոնի բարձր մակարդակի: Հիպերթիրեոիդիզմը կարող է հանգեցնել քաշի կորստի, մկանային թուլության, ջերմության հանդեպ անտանելիության և անհանգստության կամ գրգռվածության: Հիպերթիրեոիդիզմի հավանական բարդություններից են սրտի անկանոն ռիթմը, թույլ ոսկրերը և թիրեոտոքսիկ կրիզիսը, որը հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, երբ ախտանիշները ուժգնանում են և պահանջում անհապաղ բժշկական օգնություն:
Հանգույցի ժամանակակից բուժումը
Վահանաձև գեղձի հանգույցի բուժումը կախված է հանգույցի տեսակից և դրան ուղեկցող ախտաբանական վիճակներից: Հանգույցի տեսակը որոշելու համար կատարվում է բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա: Բիոպսիան թույլ է տալիս որոշել հանգույցի բարորակ/քաղցկեղային լինելը: Բարորակ հանգույցները հնարավոր է բուժել ոչ վիրահատական մեթոդով՝ ռադիոհաճախական աբլացիայի (ՌՀԱ) տեխնոլոգիայով:
ՌՀԱ բուժում ցուցվում է հետևյալ դեպքերում.
- չափերով մեծ, եզակի հանգույց
- հարակից օրգանները ճնշող հանգույց
- կոսմետիկ խնդիրներ առաջացնող հանգույց
Վահանաձև գեղձի հանգույցի բուժման նորարական այս մեթոդը հասանելի է Ուիգմոր Քլինիքի ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում: Խորհրդատվության համար կարող եք այցելել Պուշկին 56 հասցե, նախապես գրանցվելու համար զանգահարեք 094 94 96 85 հեռախոսահամարին: