Դիմել բժշկի

Թոքի մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 82 տարեկան

Անամնեզում 2021թ․-ին բուժառուի մոտ ախտորոշվել է արգանդի քաղցկեղ։ Կատարվել է արգանդի էքստիրպացիա հավելումներով, ինչից հետո բուժառուն ստացել է ճառագայթային և քիմիոթերապևտիկ բուժում։ Պարբերաբար կատարվել են ՀՇ քննություններ։ Հերթական ՀՇ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է աջ թոքի S4 սեգմենտի եզակի մետաստատիկ ախտահարում՝1.8x1.3 սմ ։ Սահմանվել է դինամիկ հսկողություն։ Ամիսներ անց արձանագրվել է բացասական դինամիկա, մետաստատիկ օջախը մեծացել է չափսերով՝ 2.0x1.7սմ։ Ուռուցքաբանի կողմից ցուցվել է մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

թոքի մետաստազի ՀՇ

Բուժական պլան

Միջամտության պլանավորման փուլում կատարվեց մանրակրկիտ զննում ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվեցին անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր քննությունները։ ՌՀԱ-ի հակացուցումներ չհայտնաբերվեցին։ Որոշվեց կատարել աջ թոքի եզակի մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա՝ ՀՇ ուղղորդմամբ։

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

մետաստազի աբլացիա թոքում մետաստատիկ օջախի ՌՀԱ թոքում

Միջամտության ընթացքում ՀՇ պատկերների ուղղորդմամբ թիրախավորվեց աջ թոքի եզակի մետաստատիկ օջախը։ Համապատասխան ալգորիթմով կատարվեց մետաստատիկ օջախի ՌՀԱ։ Միջամտությունից հետո կատարվեց կրծքավանդակի ՀՇ քննություն։ ՌՀԱ-ի հետ կապված որևէ բարդություն չհայտնաբերվեց, իսկ մետաստատիկ օջախի ՌՀԱ-ն գնահատվեց լիարժեք։

ՀՇ պատկերը միջամտությունից հետո

ՌՀԱ-ի ենթարկված օջախ թոքում

Ռադիոհաճախական աբլացիան համարվում է գերժամանակակից մինիմալ ինվազիվ ԻՌ միջամտություն, որը թույլ է տալիս լիարժեք ազատվել մետաստատիկ օջախներից և վերականգնողական փուլ չի պահանջում։

Այսպիսով, միջամտությունից ժամեր անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից առանց որևէ  գանգատների։ Հետմիջամտական փուլում որևէ սահմանափակումներ և հատուկ ցուցումներ չկան։