Դիմել բժշկի

Օստեոիդ օստեոմա

Ոսկրերի բարորակ ուռուցքների շուրջ 10-15 %-ը կազմում են օստեոիդ օստեոմաները և մեծ մասամբ դրանք առաջանում են երեխաների և երիտասարդների ստորին վերջույթներին: Օստեոիդ օստեոմաների 10 %-ն է առաջանում ողնաշարի վրա: Ավելի տարածված են տղամարդկանց շրջանում:

Այս ուռուցքն ունեցողների մեծ մասը գանգատվում է հատկապես գիշերն ուժգնացող ցավերից, հնարավոր է նաև՝ շարժողական ֆունկցիայի վատթարացումից: Ցավը սովորաբար վերահսկվում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքով: Ախտանիշների միջին տևողությունը նախքան ախտորոշումը կազմում է 16 ամիս:

Օստեոիդ օստեոմայի ճառագայթային ախտորոշման լավագույն մեթոդը բարակ շերտերով ՀՏ հետազոտությունն է: Օստեոմայի ռենտգենաբանական ցուցանիշը ռենտգենաթափանցիկ նիդուսի առկայությունն է, սովորաբար՝ 1,5 սմ-ից ոչ մեծ և շրջապատող ռեակտիվ սկլերոզով, հաճախ՝ հարվերնոսկրային ռեակցիայով: ՄՌՏ հետազոտության դերը հստակ չէ: ՄՌՏ-ով արտապատկերվող ոսկրի էդեման հնարավոր է սխալական ախտորոշման պատճառ դառնա, ինչպես օրինակ ստրեսային կոտրվածքի կամ նույնիսկ չարորակ ուռուցքի:

ՀՏ պատկեր. պարանոցային (C6) օստեոիդ օստեոմա 16 մմ չափով

օստեոիդ օստեոմա

 

Օստեոիդ օստեոմայի հիստոլոգիական պատկեր

օստեոիդ օստեոմա

Մինչև 90-ականների սկիզբը օստեոմայի բուժման մեթոդը վիրահատությունն էր: Բացի վիրահատության ժամանակ օստեոմայի տեղորոշման դժվարությունից նաև զեկուցվում են հետվիրահատական բարդությունների դեպքեր՝ բուժառուների 20 – 45%-ի շրջանում: Բարդություններից են կոտրվածքները՝ հատկապես քաշ կրող ոսկրերի դեպքում, ինչպես օրինակ՝ մեծ ոլոքի: Հետվիրահատական այլ բարդություններ են բորբոքումը և նյարդ-անոթային վնասվածքը: Նկարագրված է անգամ ողնաշարային անոթի պատռվածք պարանոցային օստեոիդ օստեոմայի վիրահատությունից հետո (Bruneu et al):

Վիրահատության այսպիսի բարդությունները նոր մեթոդների կիրառման պահանջ ստեղծեցին: 1992 թ.-ին Ռոզենթալը և այլք ներկայացրեցին օստեոիդ օստեոմայի ՀՏ ուղղորդմամբ ռադիոհաճախական աբլացիայի առաջին հաջողված դեպքը: Ռադիոհաճախական աբլացիան նպատակաուղղված է թիրախային հյուսվածքին ճշգրիտ կերպով ջերմություն մատակարարելուն: ՌՀԱ էլեկտրոդով փոխանցվող բարձր հաճախականային փոփոխական հոսանքը խթանում է տեղային իոնային ագիտացիան և շփումային (friction) տաքացումը, ինչն էլ հանգեցնում է կոագուլացիոն նեկրոզի:

ՀՇ պատկեր. օստեոիդ օստեոմայի աբլացիայի ընթացքը

աբլացիա. ոսկրերի բարորակ ուռուցքի բուժում

ՀՏ ուղղորդմամբ ռադիոհաճախական աբլացիան օստեոիդ օստեոմայի ավելի քիչ ինվազիվ բուժման մեթոդ է: Որպես բուժման առաջնային ընտրություն՝ ռադիոհաճախական աբլացիան գրանցում է նույն բուժական արդյունքները, ինչ վիրահատությունը, բայց ավելի քիչ բարդություններով: Ողնաշարային և ոչ ողնաշարային օստեոիդ օստեոմաների ՌՀԱ-առնչվող բարդությունները հազվադեպ են և կապված են պատահական այրման հետ (մաշկի այրվածք), լուրջ բարդություններ, ինչպիսիք են բորբոքումը կամ նյարդ-անոթային վնասումները, չեն գրանցվել:

Բացի այդ, ՌՀԱ միջամտությունը հեշտությամբ կարելի է կրկնել առաջին միջամտության անհաջողությունց հետո:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՏ ուղղորդմամբ ռադիոհաճախական ջերմային աբլացիան օստեոիդ օստեոմաների բուժման ապահով, նվազագույն ինվազիվ և արդյունավետ մեթոդ է: Հաջող աբլացիայի համար կարևոր է օջախի չափերի ճշգրիտ հաշվարկը, քանի որ կարող է պահանջվել մեկից ավելի դիրքերից աբլացիա: Սովորաբար 90°C ջերմային աբլացիան յուրաքանչյուր դիրքից 4 րոպե տևողությամբ բավարար է բուժման համար:

 

 

Հոդվածի աղբյուր՝ researchgate.net