Դիմել բժշկի

Թոքի գոյացության տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 71 տարեկան

Գանգատներ

Ընդհանուր թուլություն, քրտնարտադրություն, ջերմության բարձրացում մինչև 37.5 C, ցավեր կոնքի շրջանում։

Բուժառուն իրեն հիվանդ է համարում մոտ 1 ամիս, երբ ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները։ Դիմել է բժշկի, կատարվել է ՀՇ քննություն։

Աջ թոքի վերին բլթում՝ առավելապես մոտ կոստալ պլևրալ թերթիկին, վիզուալիզացվում է հյուսվածքային գոյացություն (մոտ 2,0 սմ), որն ունի անհամասեռ կառուցվածք, անհարթ եզրեր։ Առկա են սպիկուլաներ դեպի կոստալ պլևրալ թերթիկ՝ վերջինիս հաստացմամբ։

Հայտնաբերվել են նաև աջ թոքի մանր երկրորդային օջախային փոփոխություն, գլխուղեղի և ոսկրերի հավանական երկրորդային ախտահարում։

Հիվանդը զննվել է կրծքային վիրաբույժի կողմից, և նորագոյացության բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա, ինչի կապակցությամբ բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՀՇ քննության պատկերները։ Որոշվել է իրականացնել տրանսթորակալ ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տևողությունը՝ 30 րոպե։

Միջամտությունից անմիջապես հետո կատարվել է կրծքավանդակի ՀՇ քննություն, միջամտության հետ կապված բարդությունները բացառվել են։

Սլաքով ցույց է տրված բիոպսիայի ասեղի հետագիծը։

2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող բիոպտատների սահմանում հյուսվածաբանական պատկերը համապատասխանում է թոքի ինվազիվ, չափավոր տարբերակված ադենոկարցինոմային; G2: