Դիմել բժշկի

Ռադիոհաճախական և էթանոլային աբլացիաների համակցված կիրառումը՝ լյարդաբջջային քաղցկեղի բուժման մեթոդ

Բուժառուն՝ արական սեռի, 63 տարեկան

Բուժառուի մոտ պրոֆիլակտիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է վիրուսային Հեպատիտ C, ինչի կապակվությամբ ստացել է 24-շաբաթյա հակավիրուսային բուժում։ Լյարդաբանի կողմից ցուցվել է ՄՌՇ քննություն։

Ըստ ՄՌՇ պատկերների հայտնաբերվել են լյարդի ցիռոզ, հիպերվասկուլյար գոյացություններ լյարդի S2/S4a և S5 սեգմենտներում՝ առավել բնորոշ հեպատոցելյուլար (լյարդաբջջային) քաղցկեղին։

 

Լյարդի S2/S4a սեգմենտի օջախային ախտահարման ՄՌՇ պատկերը

 

Լյարդի S5 սեգմենտի օջախային ախտահարման ՄՌՇ պատկերը

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, որոշվել է կատարել լյարդի օջախային ախտահարումների աբլացիա։

Որպես լյարդաբջջային քաղցկեղի բուժման մեթոդ կիրառվում է նաև էթանոլային աբլացիան (մաշկընթաց էթանոլային ներարկում)։ Հաշվի առնելով լյարդի S5 սեգմենտի օջախային ախտահարման չափսերը՝ որոշվել է վերջինիս դեստրուկցիան իրականացնել էթանոլային աբլացիայի եղանակով։

Լյարդի S2/S4a սեգմենտի օջախային ախտահարման ռադիոհաճախական աբլացիան պլանավորվեց իրականացնել օջախին կիպ հարող դռներակի սեգմենտար ճյուղի ժամանակավոր բալոնային օկլյուզիայով՝ ռադիոհաճախական աբլացիայի առավելագույն էֆեկտի հասնելու համար։

Առաջին փուլում կատարվել է դռներակի պունկցիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Որից հետո ռենտգեն ուղղորդմամբ և կոնտրաստավորմամբ ընտրվել է բալոնային օկլյուզիայի ենթարկվող հատվածը՝ դռներակի ձախ սեգմենտար ճյուղը։ Այնուհետև պարբերաբար կոնտրաստ նյութ ներարկելով, ռենտգեն պատկերների ուղղորդմամբ, դեպի նշված հատված անցկացվեց բալոնային դիլատատորը։ ՈՒՁՀ ուղղորդմամբ դեպի լյարդի S2/S4a սեգմենտի օջախային ախտահարման կենտրոն նեմուծվեց ՌՀԱ «անձրևանոց» տիպի էլեկտրոդը, բացվեցին ասեղիկները։

Բացվեց բալոնային դիլատատորը, կատարվեց ռենտգեն քննություն, էլեկտրոդի և բալոնային դիլատատորի դիրքերը գնահատվեցին ադեկվատ։

Ձախից աջ պատկերված են ՌՀԱ էլեկտրոդը և բացված բալոնային դիլատատորը

Կատարվեց S2/S4a սեգմենտի օջախային ախտահարման ռադիոհաճախական աբլացիա։ Իջեցվեց և հեռացվեց բալոնային դիլատատորը, հեռացվեց նաև ՌՀԱ էլեկտրոդը։

ՌՀԱ «անձրևանոց» տիպի էլեկտրոդը միջամտությունից հետո՝ ասեղիկները բացված վիճակում

Երկրորդ փուլում ՈՒՁՀ ուղղորդմամբ կատարվեց լյարդի S5 սեգմենտի օջախային ախտահարման նշանակետային պունկցիա, տեղադրվեցին թվով 7 ասեղներ օջախի կենտրոնական, միջային և կողմնային հատվածներում։ Այնուհետև ասեղներով ՈՒՁՀ ուղղորդմամբ ներարկվեց գումարային մոտ 60 մլ 96 % էթիլ սպիրտ (քանակն ընտրվում է ըստ օջախային ախտահարման չափսերի)։ Ներարկումը համարվեց բավարար, ասեղները հեռացվեցին։

Օրեր անց կատարվեց որովայնի ՀՇ քննություն ն/ե կոնտրաստ նյութով, վիզուալիզացվեցին հետաբլացիեն նեկրոզի զոնաները։ Աբլացիան գնահատվեց լիարժեք, ռեզիդուալ հյուսվածք չհայտնաբերվեց։

 

Լյարդի S2/S4a սեգմենտի հետաբլացիոն զոնայի ՄՌՇ պատկերը

 

Լյարդի S5 սեգմենտի հետաբլացիոն զոնայի ՄՌՇ պատկերը

Ցուցվեց ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի հետագա հսկողություն։