Դիմել բժշկի

Ուռուցքի մաշկընթաց ռադիոհաճախական աբլացիան՝ որպես ցավային համախտանիշի վերացման մեթոդ

Բուժառուն՝ արական սեռի, 65 տարեկան

Մոտ 2 ամիս առաջ բուժառուի մոտ աջ ուսահոդի և թիակի շրջանում ի հայտ է եկել արտահայտված ցավային համախտանիշ։ Վերջինիս կապակցությամբ բուժառուն դիմել է բժշկի, կատարվել են ՀՇ և ՊԷՏ-ՀՇ քննություններ, ըստ որի հայտնաբերվել է թոքի նորագոյացություն, մակերիկամի և ոսկրերի բազմաթիվ երկրորդային օջախներ՝ առավել բնորոշ մետաստատիկ ախտահարման, այդ թվում նաև աջ թիակի ախտահարում։

ՀՇ և ՊԷՏ-ՀՇ պատկերներ

 

Հիվանդը զննվել է ուռուցքաբանի կողմից, ախտահարման բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։ Ցավային համախտանիշի կապակցությամբ նշանակվել են նարկոտիկ-անալգետիկ միջոցներ, որոնք սակայն անարդյունավետ են եղել։

Բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն՝ բիոպսիայի նպատակով։ Ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից վերանայվել են ՀՇ պատկերները, որոշվել է իրականացնել թոքի նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա։ Ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, որպես ցավային համախտանիշի բուժման մեթոդ, առաջարկվել է իրականացնել թիակային շրջանի մետաստատիկ ախտահարման մաշկընթաց ռադիոհաճախական աբլացիա։

Բուժման պլան

Իրականացվեց տրանսթորակալ ասեղային բիոպսիա թոքի նորագոյացությունից։ Միջամտությունն իրականացվեց ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերները միջամտության ընթացքում

 

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը՝ համադրելով հասանելի կլինիկոանամնեստիկ և ռադիոլոգիական տվյալների հետ, համապատասխանում են թոքի ինվազիվ ադենոկարցինոմային, ALK-negative, ROS1-negative, EGFR non-mutated, KRAS non-mutated, NRAS non-mutated, BRAF non-mutated:

Փուլ 2

Պլանավորվեց իրականացնել թիակային շրջանի մետաստատիկ ախտահարման ռադիոհաճախական աբլացիա։

ՈՒՁՀ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում, կատարվեց ուռուցքի թիրախավորում, տեղադրվեց աբլացիայի էլեկտրոդը։ Իրականացվեց ռադիոհաճախական աբլացիա, տևողություն՝ 15 րոպե։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

3 ժամ անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից, գանգատվում էր թիակային շրջանում թույլ բութ ցավերից։

Ցավի գնահատման սանդղակը ըստ բուժառուի 

Կատարված միջամտությունից հետո բուժառուն դիմել է ուռուցքաբանի՝ քիմիոթերապիայի կուրսեր անցնելու նպատակով, դադարել է որևէ տեսակի ցավազրկող դեղորայքի օգտագործումից։