Դիմել բժշկի

Եզակի ԻՌ միջամտություն․ քարի հեռացում վիրսունգյան ծորանից միջմաշկային անտեգրադ ճանապարհով

Բուժառուն՝ արական սեռի, 54 տարեկան

Ախտորոշում

Քրոնիկ կալկուլյոզ պանկրեատիտ՝ ցավային համախտանիշով։ Խոլանգիոլիթիազ։ Պանկրեատոլիթիազ։

Գանգատներ

Ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, էպիգաստրալ շրջանի բութ ցավեր, որոնք ճառագայթում են դեպի ողնաշար, պարբերաբար ջերմության բարձրացում մինչև 38 C, դող, սարսուռ։

Գանգատները բուժառուին անհանգստացրել են շուրջ 3 տարի։ Խոլանգիոլիթիազի կապակցությամբ կատարվել է  խոլեդոխոտոմիա՝ խոլեդոխո֊յեյունո անաստամոզի ձևավորումով։ Սակայն խնդիրը արմատական լուծում չի ստացել։ Վերջին շրջանում գանգատները հարաճել են, ինչի կապակցությամբ բուժառուն դիմել է ԻՌ ծառայություն՝ հետագա բուժման նպատակով։

ԻՌ ծառայությունում կատարված կլինիկո-լաբորատոր և գործիքային քննությունների արդյունքում ախտորոշվեց  քրոնիկ կալկուլյոզ պանկրեատիտ, խոլանգիոլիթիազ, պանկրեատոլիթիազ։ Արմատական բուժման նպատակով որոշվեց կատարել վիրսունգյան ծորանից քարի հեռացում մինիմալ ինվազիվ եղանակով։

ՈՒՁՀ֊ով վիզուալիզացվեց քիչ լայնացած լեղածորանը։ Կատարվեց ՈՒՁՀ֊ուղղորդված պունկցիա, ստեղծվեց մուտք դեպի ներլյարդային լեղուղիների համակարգ։ Այնուհետև ներլյարդային լեղածորանից կատարվեց ընդհանուր լեղածորանի (խոլեդոխի) ռեկանալիզացիա։

Կատարված ռենտգեն խոլանգիոգրաֆիայով կոնտրաստավորվեց նաև լայնացած վիրսունգյան ծորանը, կոնտրաստի անցում դեպի 12-մատնյա աղիք չդիտվեց։ Այնուհետև լեղածորանի միջով ռեկանալիզացվեց վիրսունգյան ծորանը, կատարվեց ռենտգեն վիրսունգոգրաֆիա, վիզուալիզացվեց եզակի քար (շուրջ 7 մմ), որից հետո իրականացվեց քարի հեռացում ծորանից բալոն լայնիչի օգնությամբ։ Քարի հեռացումից հետո կատարված ռենտգեն վիրսունգոգրաֆիայով վիրսունգյան ծորանը լիարժեք անցանելի էր։

  

Ռեկանալիզացվեց լեղածորան֊բարակաղիքային բերանակցումը, կատարված խոլանգիոգրաֆիայով առկա էր բերանակցման հստակ նեղացում, իրականացվեց նեղացման բալոնային լայնացում։

 

Ձևավորվեց արտաքին֊ներքին կարկաս (խոլանգիոստոմա), որը և ապահովում է լեղու և պանկրեատիկ հյութի ներքին դրենավորումը։

Բուժառուն  դուրս գրվեց ստացիոնարից 1 օր անց։ Միջամտությունից հետո վերականգնողական փուլ չկա։ 

Բուժառուի հեռակա հսկողության ժամանակ նկատվեցին նախկինում առկա գանգատների՝ ցավային համախտանիշի վերացում, ախորժակի լավացում և քաշի ավելացում։