Դիմել բժշկի

Փայծաղի գոյացությունից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 61 տարեկան

Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, ցավեր բուն էպիգաստրալ և ձախ ենթակողային շրջաններում։

Բուժառուի մոտ վերոհիշյալ գանգատներն ի հայտ են եկել մոտ 2 ամիս առաջ, ինչի կապակցությամբ հետազոտվել է, կատարվել է ՀՇ քննություն։ ՀՇ քննությամբ հայտնաբերվել են օջախային ախտահարումներ ենթաստամոքսային գեղձի գլխիկի և փայծաղի շրջաններում։ Բուժառուն զննվել է ուռուցքաբանի կողմից, և օջախային գոյացությունների բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։ 

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ քննություն, վիզուալիզացվել են փայծաղի նորագոյացությունները։

Փայծաղի նորագոյացությունների ՈՒՁՀ պատկերը

Ենթաստամոքսային գեղձի վիզուալիզացիան ՈՒՁՀ-ով սահմանափակ էր: Հաշվի առնելով գոյացությունների վիզուալիզացիան՝ որոշվել է բիոպսիան իրականացնել փայծաղի գոյացությունից։

Բիոպսիան կատարվել է տեղային անզգայացման պայմաններում, տևողությունը՝ 15 րոպե։

Բիոպտատներն ուղարկվել են լաբորատորիա՝ հյուսվածաբանական հետազոտություն։ Միջամտությունից 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում՝ առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային հակածնային կազմը համապատասխանում են դիֆուզ խոշոր B-բջջային լիմֆոմային (DLBCL, NOS):

Ախտորոշում` փայծաղի ախտահարում դիֆուզ խոշոր B-բջջային լիմֆոմայով (DLBCL, NOS):