Դիմել բժշկի

Oստեոլիտիկ նեոպլաստիկ գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 73 տարեկան

Գանգատներ

Աջ գոտկային շրջանի բութ ցավեր, որոնք ճառագայթում են դեպի ստորին վերջույթ։

Անամնեզում բուժառուն 2011թ․-ին ստամոքսի ադենոկարցինոմայի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է ստամոքսի դիստալ սուբտոտալ մասնահատում ըստ Բիլռոթ 1-ի։ Այնուհետև ստացել է 5 կուրս քիմիոթերապևտիկ բուժում։ 2022թ․-ի սեպտեմբերից ի հայտ են եկել վերոհիշյալ գանգատները, որոնք ժամանակի ընթացքում հարաճել են։

ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել է ոսկրային համակարգի բազմաօջախային ախտահարում (օստեոսկլերոտիկ բնույթի) հետազոտված բոլոր մակարդակների վրա՝ կրծոսկրը, անրակների կրծոսկրային եզրերը, բոլոր ողերը և կոնքի ոսկրերը։ Լ4 ողի մարմնի աջ հատվածներում և աջ լայնական ելունում նկատվել է օստեոլիզ։

ՀՇ պատկեր

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ուռուցքաբանի և ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից և ախտահարման բնույթը պարզելու նպատակով որոշվել է կատարել ասեղային տրեպան բիոպսիա՝ ՀՇ ուղղորդմամբ, տեղային անզգայացման պայմաններում։

ՀՇ պատկերը միջամտության ընթացքում

 

Միջամտությունից անմիջապես հետո կատարվել է ՀՇ քննություն՝ հետմիջամտական բարդությունները հերքելու նպատակով։ 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են ստամոքսի ադենոկարցինոմայի երկրորդային մետաստատիկ ախտահարմանը ոսկրային հյուսվածքում։