Դիմել բժշկի

Միջկողային գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառու՝ արական սեռի, 72 տարեկան։

Անամնեզում հիվանդը մոտ 6 ամիս առաջ 12-մատնյա աղու գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցքի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է 12-մատնյա աղու մասնահատում։ Գտնվել է օնկոլոգի հսկողության տակ, պարբերաբար հետազոտվել է ։

Հերթական ՀՇ քննությամբ հայտնաբերվել է ողի մետաստատիկ ախտահարում և նորագոյացություն միզապարկում։

Կատարվել է ՊԷՏ-ՀՇ քննություն, ըստ որի նկարագրվել են թոքի , մակերիկամի, ոսկրերի, վերանրակային և անութային ավշահանգույցների ախտահարում, միջկողային գոյացություն՝ առավել հավանական մետաստատիկ բնույթի:

 

ՊԷՏ-ՀՇ պատկերներ՝ վառ դեղին լուսավորված երևում են համապատասխանաբար թոքի և միջկողային շրջանի ախտահարումները։

Հիվանդը զննվել է ուռուցքաբանի կողմից, ախտահարման բնույթը պարզելու նպատակով ցուցվել է բիոպսիա։

Ախտորոշման պլան

Հիվանդը զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են ՊԷՏ-ՀՇ պատկերները, կատարվել է ՈՒՁՀ քննություն։

ՈւՁՀ պատկերներով վիզուալիզացվել է միջկողային շրջանի ախտահարումը, առավել քիչ տրավմատիկ է գնահատվել վերջինիս ասեղային բիոպսիան։

Սլաքով ցուցադրված է միջկողային ախտահարումը։

Տեղային անզգայացման պայմաններում իրականացվել է միջկողային գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Տևողություն՝ 15 րոպե։ Պրեպարատներն ուղարկվել են հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների։

Սլաքներով ցուցադրված են միջկողային ախտահարումն ու բիոպսիոն ասեղը։ 

Միջամտությունից 2 ժամ անց հիվանդը դուրս է գրվել կլինիկայից առանց գանգատների։

Ախտորոշում՝ ոսկրային հյուսվածքի մետաստատիկ ախտահարում թոքի ցածր տարբերակված ադենոկարցինոմայով, G3: