Դիմել բժշկի

Մակերիկամի նորագոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա

Բուժառուն՝ արական սեռի, 68 տարեկան ։

Մոտ 2 ամիս առաջ հիվանդի մոտ ի հայտ են եկել ընդհանուր թուլություն, ցավեր աջ ենթակողային և կողմնային շրջաններոմ, որոնք ճառագայթում են դեպի մեջք, հազ և խորխարտադրություն ։

Հիվանդը դիմել է բժշկի, ամբուլատոր կարգով հետազոտվել է։ Կատարվել է ՀՇ քննություն, ըստ որի հայտնաբերվել է աջ թոքի կենտրոնական նորագոյացություն՝ C-r?, մակերիկամների երկրորդային ախտահարում, միջնորմային լիմֆադենոպաթիա, աջակողմյան հիդրոթորաքս։

Սլաքով պատկերված է թոքի նորագոյացությունը։

Հիվանդը զննվել է կրծքային վիրաբույժի կողմից, կատարվել է բրոնխոսկոպիա բիոպսիայով։ ՊՀՔ/ԻՀՔ հայտնաբերվել են ինվազիվ քաղցկեղային համալիրներ ֆիբրոզ հյուսվածքում։ Օնկոլոգի կողմից ցուցվել է մուտացիաների հետազոտություն, սակայն բրոնխոսկոպիկ բիոպտատների քանակը եղել է ոչ բավարար։ Ցուցվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիա։

Ախտորոշման պլան

Միջամտությունից առաջ իրականացվել է կրծքավանդակի ՀՇ քննություն, հայտնաբերվել է աջակողմյան հիդրոթորաքսի ավելացում։

Սալքով պատկերված է աջակողմյան հիդրոթորաքսը։

Իրականացվել է աջակողմյան թորակոցենտեզ, էվակուացվել է մոտ 1800 մլ շճային արտադրություն։

Թոքում ատելեկտազի զոնայի չափերի մեծացման պատճառով՝ ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից որոշվել է ասեղային տրեպանացիոն բիոպսիան իրականացնել աջ մակերիկամի օջախային ախտահարումից։ 

Կատարվել է ՈՒՁՀ քննություն, վիզուալիզացվել է մակերիկամի նորագոյացությունը։

Սլաքով նշված է մակերիկամի նորագոյացությունը։

Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացման պայմաններում։ Տևողություն՝ 15 րոպե։

Հիվանդը միջամտությունից 2 ժամ անց դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հետազոտվող նյութի սահմաններում հյուսվածաբանական պատկերը և իմունոֆենոտիպը համապատասխանում են ինվազիվ, ցածր տարբերակված մուցինոզ ադենոկարցինոմային, G3:

Ախտորոշում` Մակերիկամի մետաստատիկ ախտահարում թոքի ինվազիվ, ցածր տարբերակված մուցինոզ ադենոկարցինոմայով, G3։