Դիմել բժշկի

Լյարդի ծավալուն գոյացությունից ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 60 տարեկան

Բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից, էպիգաստրալ շրջանի բութ ցավերից, որոնք ճառագայթում են մեջք և որովայնի ստորին հատվածներ։

Գանգատներն ի հայտ են եկել մոտ 1 ամիս առաջ, ինչի կապակցությամբ բուժառուն դիմել է բժշկի, կատարվել է ՈՒՁՀ քննություն։ Ըստ որովայնի ՈՒՁՀ քննության տվյալների հայտնաբերվել է անհամասեռ ծավալուն նորագոյացություն լյարդի ձախ բլթում։ Բուժառուն ուղղորդվել է ուռուցքաբանի մոտ, վերջինիս կողմից ցուցվել է լյարդի նորագոյացույունից բիոպսիա՝ ախտահարման բնույթը պարզելու նպատակով։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ քննություն։ Էպիգաստրալ տարածությունով վիզուալիզացվել է լյարդի ձախ բլթի գոյացությունը։

Գոյացության ՈՒՁՀ պատկերը

 

Տեղային անզգայացման պայմաններում կատարվել է ասեղային տրեպան բիոպսիա։ Տևողություն՝ 15 րոպե։

 

Բիոպտատներն ուղարկվել են լաբորատորիա՝ հյուսվածաբանական հետազոտության։ Միջամտությունից 2 ժամ անց կատարվել է կրկնակի ՈՒՁՀ քննություն, բարդություններ չեն արձանագրվել։ Բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում՝ առանց գանգատների։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և ուռուցքային բջիջների իմունային/հակածնային կազմը համապատասխանում են լյարդի չտարբերակված High Grade կոմբինացված՝ լյարդաբջջային+խոլանգիոբջջային քաղցկեղին:

Ախտորոշում` լյարդի չտարբերակված High Grade կոմբինացված՝ լյարդաբջջային+խոլանգիոբջջային քաղցկեղ։