Դիմել բժշկի

Լյարդի օջախային ախտահարումից ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ արական սեռի, 64 տարեկան

Բուժառուի մոտ 1 ամիս առաջ ի հայտ են բութ ցավեր որովայնի և կրծքավանդակի շրջանում։ Վերջինիս կապակցությամբ դիմել է բժշկի, ցուցվել է ՀՇ քննություն։

Կատարված ՀՇ քննությամբ հայտնաբերվել է գեներալիզացված նեոպլաստիկ պրոցես՝ լյարդի և տարբեր լոկալիզացիաների ավշահանգույցների ախտահարմամբ։

Հաշվի առնելով մեծացած ձախակողմյան վերանրակային ավշահանգույցի առկայությունը (Վիրխովի)՝ ցուցվել է գաստրոսկոպիա ստամոքսի գոյացությունը բացառելու համար։ Կատարվել է ԷԳԴՍ բիոպսիայով, պաթոհյուսվածաբանական քննությամբ հայտնաբերվել են ուռուցքային համալիրներ Ֆատերյան պտկիկի լորձաթաղանթում՝ առավել համատեղելի նեյրոէնդոկրին ուռուցքի հետ։

Հիվանդը զննվել է ուռուցքաբանի կողմից, ցուցվել է լյարդի օջախային ախտահարումից բիոպսիա։

Ախտորոշման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է որովայնի ՈՒՁՀ քննություն։ Որոշվել է կատարել լյարդի օջախային ախտահարման ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Միջամտությունը կատարվել է բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, տեղային անզգայացման պայմաններում։ Տևողություն՝ 15 րոպե։

ՈՒՁՀ պատկերը միջամտության ընթացքում

Միջամտությունից 3 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը համատեղելի է լյարդի ախտահարմանը նեյրոէնդոկրին կարցինոմայի համալիրներով։