Դիմել բժշկի

Լյարդային երակին և դռներակին հարող մետաստատիկ օջախների ՌՀԱ՝ ներանոթային տեխնիկայով (Տեսանյութ)

Բուժառուն՝ 44 տարեկան

Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, պարբերաբար աջ ենթակողային շրջանի բութ ցավեր։

Անամնեզում մոտ 1 տարի առաջ բուժառուի մոտ ախտորոշվել է ուղիղ աղու ռեկտոսիգմոիդալ հատվածի ադենոկարցինոմա և մետաստատիկ օջախներ լյարդում, ինչի կապակցությամբ ստացել է 6 կուրս քիմիոթերապևտիկ բուժում։ Ամիսներ անց վիրահատվել է, կատարվել է ուղիղ աղու առաջային մասնահատում։ Հիվանդը գտնվել է օնկոլոգի հսկողության տակ, և ,որպես լյարդի մետաստատիկ օջախների բուժման մեթոդ, ցուցվել է  վերջիններիս ռադիոհաճախական աբլացիա։

Բուժման պլան

Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, վերանայվել են կատարված ՀՇ քննության արդյունքները։

Լյարդում վիզուալիզացվել են թվով 2 մետաստատիկ օջախներ լյարդի S-5/S-6 և S-8 սեգմենտներում։ Ըստ ՀՇ պատկերների լյարդի S-5/S-6 սեգմենտի մետաստատիկ օջախը հարում էր աջ լյարդային երակին և դռներակի աջ ճյուղերից մեկին։

Լյարդի S-5/S-6 սեգմենտի մետաստատիկ օջախի ՀՇ պատկերները 

 

Նման իրավիճակում բարձր է ռադիոհաճախական աբլացիայի էֆեկտիվության նվազման ռիսկը։ Պատճառը խոշոր երակների «հովացման» էֆեկտն է ՝ արյան հոսքն իր հետ «տանում է» ջերմությունը, որի հաշվին պետք է իրականացվի մետաստատիկ օջախի ոչնչացումը։ Ռադիոհաճախական աբլացիայի առավելագույն արդյունք ստանալու համար որոշվել է կիրառել հատուկ ներանոթային ինտերվենցիոն տեխնիկա՝ մետաստատիկ օջախներին հարող երակների ժամանակավոր բալոնային օկլյուզիա(փակում)։

Մետաստատիկ օջախների ՀՇ պատկերը

Լյարդի S-8 սեգմենտի մետաստատիկ օջախին հարող խոշոր երակներ չեն վիզուալիզացվել։ Կատարվել է օջախի նիշավորում՝ թվով 3 տիտանե նիշերով՝ հետագա աբլացիայի էֆեկտիվությունը և հետաբլացիոն զոնայի չափսերը գնահատելու համար։

Բուժառուն նախապատրաստվել է վիրահատության՝ ընդհանուր անզգայացման եղանակով։

Առաջին փուլով իրականացվել է լյարդի S-8 սեգմենտի մետաստատիկ օջախի ՌՀԱ։ ՈՒՁՀ ուղղորդմամբ դեպի օջախի կենտրոն է ուղղվել ՌՀԱ էլեկտրոդը, ըստ համապատասխան սխեմայի իրականացվել է  ՌՀԱ 2 ապլիկացիա։ 

Հաջորդիվ իրականացվել է  S-5/S-6 սեգմենտի մետաստատիկ օջախի ՌՀԱ-ն։ Նախապես  աջ լյարդային երակում տեղադրվել է բալոն՝ տրանսյուգուլյար մուտքով։ Կատարվել է  աջ արտաքին լծային երակի պունկցիա և ռենտգեն պատկերների հսկողությամբ ուղղորդող լարի օգնությամբ նախապես նշված հատված է անցկացվել առաջին բալոնը։ Երկրորդ բալոնն անցկացվել է դեպի դռներակի աջ սեգմենտար ճյուղերից մեկը, որը հարում էր ուռուցքային օջախին։ Ընտրվել է  պերկուտան մուտք էպիգաստրալ շրջանից, ՈՒՁՀ ուղղորդմամբ իրականացվել է սեգմենտար ճյուղերից մեկի պունկցիա։ Ուղղորդող լարի օգնությամբ նախապես ընտրված հատված հասնելուց հետո անցկացվել է բալոնը։ Այնուհետև ՈՒՁՀ ուղղորդմամբ ՌՀԱ էլեկտրոդը ներմուծվել է մետաստատիկ օջախային ախտահարման կենտրոն։ Էլեկտրոդի դիրքը ՈՒՁՀ և ռենտգեն պատկերներով ադեկվատ գնահատելուց հետո իրականացվել է նախապես տեղադրված բալոն-լայնիչների բացում՝ ընտրված երակների ժամանակավոր բալոնային օկլյուզիա։ Իրականացվել է մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա՝ համապատասխան սխեմայով։ ՌՀԱ ավարտից հետո բալոնային լայնիչները և էլեկտրոդները հեռացվել են։

Աբլացիայի էֆեկտիվությունը գնահատելու համար ցուցվել է ՀՇ քննություն՝ ն/ե կոնտրաստ նյութով։ 3 օր անց կատարված ՀՇ քննությամբ լյարդի կոլոռեկտալ մետաստատիկ օջախների ՌՀԱ-ն գնահատվել է ադեկվատ։ 

Հետաբլացիոն զոնաների ՀՇ պատկերներ

 

Դե, սա էլ ապացույցը, որ Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի թիմն աշխատում է Սիրով․․․