Դիմել բժշկի

Լյարդի մետաստատիկ օջախի միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 41 տարեկան

Ախտորոշում

Ձախ կրծքագեղձի քաղցկեղ աքսիլյար ավշահանգույցների ախտահարմամբ, վիճակ ձախակողմյան ռադիկալ մաստէկտոմիայից, ք/թ և հորմոնալ բուժումից հետո, լյարդի մետաստատիկ ախտահարում։

Անամնեզում բուժառուն ստացել է 8 կուրս նեոադյուվանտ(մինչվիրահատական) քիմիոթերապևտիկ բուժում, կատարվել է ձախակողմյան մաստէկտոմիա(կրծքագեղձի հեռացում)՝ նյարդապահպան աքսիլյար լիմֆոդիսեկցիայով։ Այնուհետև ստացել է քիմիոթերապևտիկ և հորմոնալ թերապիա (ադյուվանտ)։ Մշտապես գտնվել է ուռուցքաբանի հսկողության տակ և պարբերաբար հետազոտվել է։ Հերթական ՀՇ քննությամբ հայտնաբերվել է օջախային ախտահարում լյարդի VII սեգմենտում՝ հավանական երկրորդային բնույթի։

ՀՇ պատկերը միջամտությունից առաջ

 

Լյարդի S-VII սեգմենտում վիզուալիզացվում է մետաստատիկ օջախ՝ 3.1x3.2սմ չափսերով։

Հիվանդը զննվել է օնկոլոգի կողմից, ցուցվել է օջախային ախտահարման բիոպսիա և ռադիոհաճախական աբլյացիա(ՌՀԱ)։

 Բուժական պլան

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում կատարվեց հայտնաբերված օջախի ասեղային տրեպանացիոն բիոպսիա, հաստատվեց օջախի մետաստատիկ բնույթը։ Այնուհետև պլանավորվեց մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Վիրասրահում, բուժառուի՝ մեջքի վրա պառկած դիրքում, ՈւՁՀ պատկերներով վիզուալիզացվեց օջախային ախտահարումը։ Քանի որ տվյալ մետաստատիկ օջախի չափերը համարվում են սահմանային ՌՀԱ-ի ցուցման համար, ընտրվեց ՌՀԱ ամենամեծ էլեկտրոդը։ Ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվեց մետաստատիկ օջախի ռադիոհաճախական աբլացիա՝ ըստ ընտրված էլեկտրոդի համապատասխան ալգորիթմի։

Միջամտությունից 1 օր անց բուժառուն դուրս գրվեց կլինիկայից բավարար վիճակում։ Հաջորդիվ կատարվեց որովայնի ՀՇ քննություն ն/ե կոնտրաստ նյութով, ըստ որի լյարդի S- VII սեգմենտում վիզուալիզացվում էր  հետաբլացիոն խոշոր նեկրոզի զոնան՝ մոտ 8.6x5.4սմ չափսերով, ինչը վկայում է ՌՀԱ-ի լիարժեքության մասին։

ՀՇ պատկերները միջամտությունից հետո տարբեր հարթություններում

 

Միջամտությունից հետո սահմանվեց դինամիկ հսկողություն։ 3 ամիս անց կատարված ՀՇ քննությամբ մետաստատիկ նոր օջախներ չեն հայտնաբերվել, հետաբլացիոն զոնան փոքրացել է չափսերով։