Դիմել բժշկի

Լեղուղիների դրենավորում՝ լյարդաբջջային քաղցկեղով պայմանավորված մեխանիկական դեղնուկի կապակցությամբ

Բուժառուն՝ արական սեռի, 54 տարեկան

Ախտորոշում

Մեխանիկական դեղնուկ։ Վիրուսային Հեպատիտ C, լյարդի ցիռոզ, հեպատոցելյուլար կարցինոմա՝ լյարդի դրունքի, ներլյարդային լեղածորանների տարածուն մետաստատիկ ընդգրկվածությամբ։ Ասցիտ։

Անամնեզում բուժառուն 2017թ․-ից գտնվել է լյարդաբանի հսկողության տակ, ստացել է դեղորայքային բուժում վիրուսային Հեպատիտ C-ի և ցիրոզի կապակցությամբ։ Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի ծառայություն դիմել է մոտ 15 օր առաջ ի հայտ եկած գանգատներով՝ մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնություն, աջ ենթակողային և էպիգաստրալ շրջաններում ցավ, դող, ջերմության բարձրացում մինչև 37.5 C, փսխում,անքնություն։

Կատարվել է ՀՇ քննություն, ըստ որի նկարագրվել է լյարդի տարածուն ախտահարում՝ դրունքի ավշահանգույցների ընդգրկվածությամբ, բիլիար հիպերտենզիա, ասցիտ։

Լաբորատոր քննության տվյալներ

Ընդհ, բիլիռուբին-331,9 մկմոլ/լ

Ալբումին-40,06 գ/լ

INR-1,47

Ըստ Չայլդ-Պյուի սանդղակի՝ Դաս B, 9 միավոր։

Հիվանդը զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն, ՀՇ պատկերների և լաբորատոր քննության տվյալների վերանայում։ Որոշվել է իրականացնել լեղուղիների արտաքին դրենավորում՝ միջմաշկային-միջլյարդային խոլանգիոստոմայի ձևավորում։

Միջամտության ընթացքը

Հաշվի առնելով բուժառուի լյարդի ֆունկցիոնալ վիճակը, միջամտությունը կատարվեց տեղային անզգայացման պայմաններում, որը լիարժեք ապահովում է բուժառուի հարմարավետությունը միջամտության ընթացքում։

ՈՒՁՀ ուղղորդմամբ տեղային ինֆիլտրատիվ անզգայացման պայմաններում 9 - 10 միջկողային տարածությունով` միջին անութային գծով կատարվեց S6 սեգմենտի լայնացած լեղածորանի նշանակակետային պունկցիա: Ասեղով ստացվեց լեղի:

Ռենտգեն հսկողության պայմաններում կատարվեց ներլյարդային լեղուղիների կոնտրաստավորում` կոնտրաստավորվեցին աջ սեգմենտար և բլթային լեղածորանները:

Այնուհետև Սելդինգերի մեթոդով կատարվեց լյարդի աջ բլթի ներլյարդային լեղուղիների կատետերիզացիա և կոնտրաստավորում։ Ռենտգեն խոլանգիոգրաֆիայով վիզուալիզացվեցին աջ և ձախ սեգմենտար և բլթային լեղածորանները։

Ընդհանուր լեղածորանի միջև բիֆուրկացիա չձևավորվեց: Ներլյարդային լեղուղիներ մեջ վիզուալիզացվում էին լցման դեֆեկտներ՝ պայմանավորված ուռուցքի ներաճով դեպի ներլյարդային լեղածորաններ։ Լեղուղիների կոնտրաստավորումն աղավաղված էր, դիտվում էր լեղաարյունային արտադրություն։

Տեղադրված մանիպուլացիոն կատետրի միջով անցկացվեց ուղղորդող լար, կատարվեց ռեկանալիզացիա դեպի ընդհանուր լեղածորանի տերմինալ հատված, կրկին կատարվեց կոնտրաստավորում։ Կոնտրաստավորվեցին բոլոր ներլյարդային լեղուղիները և ընդհանուր լեղածորանը մինչև տերմինալ հատված:

Սելդինգերի մեթոդով կատարվեց լյարդի աջ բլթի ներլյարդային լեղուղիների արտաքին միջմաշկային միջլյարդային խոլանգիոստոմիաի ձևավորում։

Դրենաժով կատարվեց կոնտրաստավորում` կոնտրաստավորվեցին աջ և ձախ ներլյարդային լեղուղիները ամբողջությամբ և, կոնտրաստի մեծ չափաբաժին ներարկելուց հետո, կոնտրաստավորվեց նաև ընդհանուր լեղածորանը և կոնտրաստը դժվարությամբ թափանցեց 12-մատնյա աղիք։

Բուժառուի վիճակը գնահատվում էր միջին ծանրության, միջամտությունից հետո խոլանգիոդրենաժից դիտվում էր արյունային արտադրություն։

Կլինիկայում անցկացրած 3 մահճակալային օրերի ընթացքում պարբերաբար կատարվեցին լվացումներ ֆիզ․լուծույթով։ Աստիճանաբար խոլանգիոստոմայից սկսեց դիտվել լեղային արտադրություն՝ մոտ 300-400 մլ (մակարդուկներով)։

Հիվանդը տեղափոխվեց մասնագիտացված լյարդաբանական կլինիկա՝ հետագա հսկողության և բուժման նպատակով։