Դիմել բժշկի

Զստագոտկային (իլիոփսոաս) մկանի թարախակույտի մաշկընթաց դրենավորում՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառու՝ 77 տարեկան, արական սեռի

Բուժառուն դիմել է Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի բաժանմունք՝ գանգատվելով աջ ստորին վերջույթի այտուցվածությունից։

Մոտ 3-4 ամիս առաջ ի հայտ է եկել այտուցվածություն աջ ստորին վերջույթի սրունք-թաթային շրջանում, որն աստիճանաբար տարածվել է դեպի վերև։ Հիվանդը դիմել է բժշկի, կատարվել է ՀՇ քննություն, ըստ որի հայտնաբերվել է հեղուկ կուտակում աջ զստագոտկային մկանի շրջանում։ Հիվանդը զննվել է վիրաբույժի կողմից, ցուցվել է հեղուկ կուտակման դրենավորում։

Բուժման պլան

Հիվանդը զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն, ըստ որի վիզուալիզացվել է աջ զստագոտկային մկանի շրջանի հեղուկ կուտակումը։ Որոշվել է իրականացնել վերջինիս մաշկընթաց դրենավորում՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Թարախակույտի ՈՒՁՀ պատկերը

Միջամտությունն իրականացվել է տեղային անզգայացման պայմաններում։ ՈւՁՀ պատկերներով ընտրվել է առավել անվտանգ պունկցիոն ուղին, հատուկ պունկցիոն ասեղով կատարվել է հեղուկ կուտակման նշանակետային պունկցիա, ստացվել է թարախային բնույթի արտադրություն (ստացված պունկտատն ուղարկվել է մանրեաբանական քննության)։

 

Այնուհետև ՈՒՁՀ ուղղորդմամբ Սելդինգերի մեթոդով կատարվել է թարախակույտի մաշկընթաց դրենավորում։

Հեռացվել է  պունկցիոն ասեղի մանդրենը, անցկացվել է  ուղղորդող լար, որի վրայով հեռացվել է նաև պունկցիոն ասեղը։ Կատարվել է բուժավորում, որից հետո ուղղորդող լարի վրայով անցկացվել է դրենաժը։ Դրենաժով կատարվել է ասպիրացիա, ստացվել է թարախ։

Դրենաժը ֆիքսվել է մաշկին հանգուցակարերով, միացվել է ամբուլատոր պարկին։

Միջամտությունից 2 ժամ անց հիվանդը դուրս է գրվել կլինիկայից, գանգատներ չի նշել։ Սահմանվել է ամբուլատոր հսկողություն։

2 օր անց դրենաժից այլևս արտադրություն չի դիտվել։ Հիվանդը կրկին զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն, հեղուկ կուտակում չի վիզուալիզացվել։

Դրենաժը հեռացվել է ամբուլատոր պայմաններում։