Դիմել բժշկի

Դեպի պլևրա ներաճով գոյացության ասեղային տրեպան բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ

Բուժառուն՝ իգական սեռի, 45 տարեկան 

Անամնեզում բուժառուն 2011 թ․-ին աջ կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ վիրահատվել է, կատարվել է աջակողմյան ռադիկալ մաստէկտոմիա՝ անութափոսի լիմֆոդիսեկցիայով։ Այնուհետև ստացել է 15 կուրս քիմիոթերապևտիկ բուժում։ Պարբերաբար կատարվել է ՀՇ քննություն՝ դինամիկ հսկողության նպատակով։ 2020թ․-ին հայտնաբերվել է օջախային ախտահարում ձախ կրծքագեղձում։ Կատարված հյուսվածաբանական քննությամբ ախտորոշվել է կրծքագեղձի ինվազիվ բլթակային քաղցկեղ։ Կատարվել է ձախակողմյան ռադիկալ մաստէկտոմիա՝ ըստ Մադենի, որից հետո ստացել է 5 կուրս քիմիոթերապևտիկ և 25 կուրս ճառագայթային բուժում։

Մոտ 1 ամիս առաջ կատարված ՀՇ քննությամբ հայտնաբերվել է նորագոյացություն՝ ձախակողմյան հետճառագայթային ֆիբրոզի մակարդակին, ներաճով դեպի պլևրա։

Ախտորոշման պլան

Օնկոլոգի կողմից նորագոյացության բնույթը պարզելու նպատակով ցուցվել է վերջինիս բիոպսիա։ Բուժառուն զննվել է ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից, կատարվել է ՈՒՁՀ քննություն։ Գոյացությունը ՈՒՁՀ քննությամբ լիարժեք վիզուալիզացվել է։

Որոշվել է կատարել նորագոյացության ասեղային տրեպանացիոն բիոպսիա՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։ Միջամտությունը կատարվել է տեղային անզգայացման պայմաններում, որն ապահովում է լիարժեք ցավազրկում։

 

Միջամտությունից 2 ժամ անց բուժառուն դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում, գանգատներ չի նշել։

Հյուսվածաբանական եզրակացություն

Հյուսվածաբանական պատկերը և իմունոհիստոքիմիական հետազոտության արդյունքները համապատասխանում են թոքի ախտահարմանը կրծքագեղձի կարցինոմայի համալիրներով, ոչ հստակ տեսակ, Grade 2 (Score 6):