Դիմել բժշկի

ԻՌԳ թիմի հերթական ուշագրավ միջամտությունը

2022-10-27

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի թիմը շարունակում է նոր հաջողություններ գրանցել:

Հայաստանում ինտերվենցիոն ռադիոլոգիայի միշմաշկային տեխնոլոգիաների հիմնադիր, հեպատոպանկրեատոբիլիար վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Գալումյանի գլխավորությամբ ԻՌ թիմն իրականացրեց եզակի միջամտություն՝ քարի հեռացում վիրսունգյան ծորանից միջմաշկային անտեգրադ ճանապարհով:

Բուժառուն 54-ամյա տղամարդ է, որը գանգատվել է ընդհանուր թուլությունից, ախորժակի բացակայությունից, սրտխառնոցից, դեպի ողնաշար ճառագայթող էպիգաստրալ շրջանի բութ ցավերից, դողերոցքից և ջերմության պարբերաբար բարձրացումից մինչև 38 C։

Գանգատները նրան անհանգստացրել են շուրջ 3 տարի։ Խոլանգիոլիթիազի կապակցությամբ նախկինում կատարվել էր խոլեդոխոտոմիա, սակայն խնդիրն արմատական լուծում չէր ստացել։

Վերջին շրջանում գանգատները հարաճել են, ինչի կապակցությամբ բուժառուն դիմել է Ուիգմոր Քլինիքի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայություն՝ հետագա բուժման նպատակով։

ԻՌ ծառայությունում կատարված կլինիկո-լաբորատոր և գործիքային քննությունների արդյունքում ախտորոշվեց քրոնիկ կալկուլյոզ պանկրեատիտ, խոլանգիոլիթիազ, պանկրեատոլիթիազ։ Արմատական բուժման նպատակով որոշվեց կատարել վիրսունգյան ծորանից քարի հեռացում նվազագույն ինվազիվ եղանակով։ Միջամտության ընթացքը կարող եք կարդալ կլինիկական դեպքեր բաժնում:

Քարը հեռացվեց ծորանի բալոն լայնիչի օգնությամբ, որից հետո վիրսունգյան ծորանը լիարժեք անցանելի էր:

ինտերվենցիոն ռադիոլոգիա

Միջամտությունից մեկ օր անց բուժառուն դուրս գրվեց ստացիոնարից։

Շնորհիվ նվազագույն ինվազիվ վիրաբուժության՝ իրականացվեց արմատական բուժում առանց ընդհանուր անզգայացման, և միջամտությունից հետո վերականգնողական շրջան չպահանջվեց։

Բուժառուն ազատվեց իրեն անհանգստացնող գանգատներից՝  ցավային համախտանիշը վերացավ, դիտվեց ախորժակի լավացում և քաշի ավելացում։

Ինտերվենցիոն ռադիոլոգիան ժամանակակից բժշկություն է, որն առաջարկում է վիրահատության այլընտրանքային՝ նվազագույն միջամտող մեթոդներ, որոնք որոշ դեպքերում նաև հանդիսանում են բուժական միջամտության միակ հնարավոր տարբերակ: