Երիկամի քաղցկեղի ոչ-վիրահատական բուժում՝ աբլացիա
Ի՞նչ է նշանակում ուռուցքի ռադիոհաճախական աբլացիա
Ուռուցքի ռադիոհաճախական աբլացիան միջամտություն է, որն իրականացվում է ճառագայթային ախտորոշման սարքավորումների (ՈւՁՀ, ՀՏ) ուղղորդմամբ: Ռադիոհաճախական աբլացիայի սարքը բաղկացած է գեներատորից (որը գեներացնում է հաճախականային ալիքներ) և էլեկտրոդներից (ասեղներ, որոնք մաշկի միջով ներմուծվում են անմիջապես ուռուցքի մեջ): Աբլացիայի տեխնոլոգիան թույլ է տալիս քաղցկեղային բջիները ոչնչացնել էլեկտրական էներգիայի միջոցով:
Երիկամի քաղցկեղ
Երիկամի քաղցկեղն ամենահաճախ հանդիպող 10 քաղցկեղներից մեկն է: Ավելի հաճախ այն զարգանում է տղամարդկանց շրջանում, քան կանանց: Ամենատարածված տեսակը երիկամաբջջային քաղցկեղն է (ԵԲՔ):
Երիկամի քաղցկեղի ախտանշաններից են՝
- հեմատուրիան (արյուն մեզում)
- մեջքի շրջանում ցավերը
- քաշի կորուստ
- ուժասպառությունը:
Նախկինում երիկամի քաղցկեղը հայտնաբերվում էր միայն ուշ փուլերում, երբ բուժառուն գանգատվում էր վերոնշյալ ախտանշաններից, իսկ բուժման միակ տարբերակը բաց վիրահատությամբ իրականացվող նեֆրէկտոմիան էր կամ երիկամի մասնահատումը:
Այսօր երիկամի քաղցկեղն ավելի վաղ փուլերում է հայտնաբերվում՝ շնորհիվ պլանային ուլտրաձայնային և այլ ճառագայթային հետազոտությունների: Ուստի փոքր ուռուցքների բուժման համար նոր մեթոդի պահանջարկ է առաջանում: Վիրահատության այլընտրանքային մեթոդը՝ ռադիոհաճախական աբլացիան արդեն շուրջ 20 տարի կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում:
Աբլացիան հասանելի է նաև Հայաստանում: Ուիգմոր քլինիքի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում կարող եք ստանալ բարձրորակ մասնագիտական խորհրդատվություն և բուժում:
Ո՞ր բուժառուներին է ցուցվում աբլացիա
Նրանց, ովքեր ունեն՝
- Ժառանգական երիկամաբջջային քաղցկեղ
- Վոն Հիպել-Լինդաուի հիվանդություն և բազմակի երկկողմ երիկամաբջջային քաղցկեղ
- Փոքր չափի երիկամաբջջային քաղցկեղ՝ խաթարված երիկամային ֆունկցիայով
- Բուժառուներին, որոնք ունեն վիրահատության հակացուցում կամ հրաժարվում են վիրահատվելուց:
Աբլացիան իրականացվում է միջմաշկային եղանակով, ինչի արդյունքում վիրահատական վերքեր չեն ձևավորվում, ասեղային էլեկտրոդները մաշկանց եղանակով անմիջապես ներմուծվում են ուռուցքի մեջ: Էլեկտրոդի միջոցով փոխանցվող հոսանքի արդյունքում ջերմություն է առաջանում ուռուցքի շրջանում: Ջերմության ազդեցությամբ էլ ուռուցքային բջիջները սկսում են ոչնչանալ: Աբլացիայի միջամտությունը հնարավոր է իրականացնել ամբուլատոր կարգով՝ տեղային անզգայացմամբ:
Իսկ ինչպե՞ս է աբլացիայի մեթոդով ուռուցքը վերանում
Ուռուցքի մոլեկուլային փոփոխությունները, որոնք ի վերջո հանգեցնում են ուռուցքի ոչնչացման, տեղի են ունենում երեք փուլով.
- Ուռուցքի շրջանում ջերմության բարձրացման արդյունքում տեղի է ունենում բջիջների սպիտակուցի դենատուրացիա, բջջի ոչնչացում
- Մի քանի օր անց աբլացիայի գոտում առաջանում է այտուց, կոագուլացիոն նեկրոզ, բորբոքում: Հենց այս փուլերի արդյունքում է ուռուցքը ոչնչանում:
- Նեկրոտիկ (քայքայված) հյուսվածքը ներծծվում է օրգանիզմի կողմից:
Աբլացիայի հաջողությունը կախված է ուռուցքի ճշգրիտ թիրախավորումից, ջերմության ճիշտ ապլիկացիայից և մեթոդի ընդհանուր ճիշտ կիրառումից: Աբլացիան իրականացնում է ինտերվենցիոն ռադիոլոգը:
Աբլացիայի գլխավոր առավելությունը մեթոդի նվազագույն ինվազիվ (օրգանիզմի համար քիչ տրավմատիկ) լինելն է: Բացի այդ, աբլացիայի դեպքում չի պահանջվում հոսպիտալացում, բարդությունների առաջացման վտանգները քիչ են, ըստ պահանջի՝ աբլացիան կարելի է կրկին կիրառել: Հաջող աբլացիայի արդյունքում ուռուցքը չափերով կրճատվում է՝ հասնելով սպիացման և ամենակարևորը՝ հնարավոր է լինում պահպանել օրգանը, քանի որ ուռուցքի ոչնչացումը կատարվում է տեղում՝ օրգանի ներսում: