Վահանաձև գեղձի հանգույցների ռադիոհաճախական աբլացիա (ՌՀԱ)
Վահանաձև գեղձի հանգույցները սովորաբար ասիմպտոմ են և հայտնաբերվում են մեծահասակների 33%- 68%-ի դեպքում ուլտրաձայնային ախտորոշման ժամանակ: Չնայած վահանձև գեղձի հանգույցները բարորակ են և հաճախ բուժում չեն պահանջում, այնուամենայնիվ, երբեմն կանայք ճնշող ախտանիշների կամ կոսմետիկ գանգատների պարագայում բուժման կարիք են զգում : Կլինիկական պրակտիկայում կիրառվող թիրոքսին-ճնշող թերապիայի արդյունքները վիճահարույց են և կրում են ոսկրերին ու սրտին առնչվող կողմնակի ազդեցությունների վտանգ:
Ոչ վիրահատական, նվազագույն ինվազիվ բուժական տարբերակներից են ռադիոհաճախական աբլացիան` ՌՀԱ, որը կիրառվում է վահանձև գեղձի բարորակ հանգույցների բուժման նպատակով:
Հիվանդների ընտրության կարգը
Գլխավորապես, ՌՀԱ ցուցվում է այն պարագայում, երբ հիվանդի մոտ ի հայտ են գալիս հանգույցով պայմանավորված ախտանիշներ կամ հագույցների պատճառով զարգանում է թիրեոտոքսիկոզ: Կարևոր է աբլացիայից առաջ հաստատել հանգույցի բարորակ բնույթը նվազագույնը երկու առանձին ՈՒՁ ուղղորդմամբ բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիաների միջոցով:
Միջամտության ընթացքը
Միջամտության ընթացքում հիվանդը գտնվում է մեջքին պառկած դիրքում՝ պարանոցը թեթև պարզած: Այնուհետև ներարկվում է տեղային անզգայացնող դեղանյութ՝ պարանոցի շրջանի փափուկ հյուսվածքում և վահանաձև գեղձի պատիճում: Անհարմարության զգացումը կրճատելու նպատակով հնարավոր է նախապես ներմուծվի ներերակային սեդատիվ դեղորայք: Երկու ազդրերին ամրացվում են պասիվ էլեկտրոդային բարձիկներ: Դրանք միացվում են ռադիոհաճախական գեներատորին, որին միացված է նաև ՌՀ էլեկտրոդը:
ՌՀԱ-ի ասեղային էլեկտրոդը սոնոգրաֆիայի հսկողության ներքո ներմուծվում է անմիջապես հանգույցի մեջ, որից հետո միացվում է աբլացիայի գեներատորը՝ ինչի արդյունքում հանգույցի մեջ ջերմաստիճանը բարձրանում է: 10-25 ր անց հանգույցը ամբողջությամբ ենթարկվում է բնաջնջման:
Վերջնական բուժական էֆեկտը՝ հանգույցի չափերի կրճատումը, ի հայտ է գալիս մի քանի ամիս անց:
Մեծ մասամբ ՌՀԱ-ն կատարվում է ամբուլատոր կլինիկական պայմաններում. հիվանդը նույն օրը դուրս է գրվում բուժհաստատությունից:
Կլինիկական արդյունքները
ՌՀԱ թերապիան գլխավորապես միտված է հանգույցից առաջացած ախտանիշները վերացնելուն, կոսմետիկ արդյունքները բարելավելուն: Սառը հանգույցների պարագայում ՌՀԱ արդյունավետությունը հաշվարկվում է հանգույցի ծավալի, ճնշող և կոսմետիկ ախտանիշների կրճատման գնահատմամբ: Բարորակ հիպերֆունկցիոնալ հանգույցների դեպքում ՌՀԱ-ն ոչ միայն կրճատում է հանգույցի ծավալը, այլև բարելավում է գեղձի ֆունկցիոնալ կարգավիճակը: Դեպքերի մեծ մասում դիտվում է գեղձի ֆունկցիայի բարելավում և հակաթիրոիդային դեղորայքի պահանջի նվազում:
Վահանաձև գեղձի ՌՀԱ-ն սովորաբար անվտանգ և պացիենտների կողմից լավ հանդուրժելի միջամտություն է:
Կարդացեք նաև՝ Վահանձև գեղձի կիստայի բուժում պերկուտան էթանոլային ներարկմամբ: