Դիմել բժշկի

Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա. երբ և ինչու

2022-05-25

Վահանաձև գեղձի պաթոլոգիաների տարածվածությունը տարեցտարի աճում է: Միջազգային պրակտիկայի տվյալներով 50-անց կանանց կեսն ունի հանգույցներ, իսկ 70 տարեկանի դեպքում այդ թիվը ձգտում է 100%-ի:

Այս իրավիճակը բժիշկներից պահանջում է ոչ միայն ճշգրիտ ախտորոշում, այլև չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և վիրահատական միջամտությունների ճիշտ ցուցումներ: Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան վահանաձև գեղձի հետազոտման ամենաարդյունավետ մեթոդն է, որ կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ կա հանգույց և անհրաժեշտ է որոշել հանգույցի բնույթը:

 

Ե՞րբ է ցուցվում բիոպսիա

Ներկայումս վահանաձև գեղձի հանգույցները դասակարգվում են ըստ ուլտրաձայնային հետազոտության տվյալների՝ ՈւՁ TIRADS դասակարգմամբ: Այս դասակարգումը ստեղծվել է, որպեսզի թույլ տա բժիշկներին գնահատել հանգույցի չարորակության վտանգը: Ելնելով TIRADS դասակարգումից և հանգույցի չափերից՝ բուժառուն ուղղորդվում է բիոպսիայի:

Բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան ցուցված է այն դեպքերում երբ՝

  1.  ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է հանգույց, որի չափը մեծ է 1 սմ-ից
  2.  ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է հանգույց, որը փոքր է 1 սմ-ից, սակայն բուժառուն ենթարկվել է ճառագայթման կամ ունի արյունակից հարազատներ, որոնց մոտ ախտորոշվել են չարորակ նորագոյացություններ  
  3.  ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվել է հանգույց, որը կասկածելի է և կարիք ունի ճշգրտման:

Մինչև 0,5 սմ չափի հանգույցներն ընդունված է համարել չարորակության ցածր վտանգ ունեցող և այսպիսի բուժառուներին պարզապես սահմանվում է ուլտրաձայնային հսկողություն:

 

Ինչու՞ է անհրաժեշտ բիոպսիան

Բիոպսիան թույլ է տալիս պատասխանել հետևյալ գլխավոր հարցերին՝

  • Հանգույցը բարորակ է, թե չարորակ
  • Կա՞ արդյոք վիրահատական միջամտության ցուցում
  • Եթե այո, ապա ի՞նչ ծավալի միջամտություն է պահանջվում

Բարակ ասեղային պունկցիոն բիոպսիայի կիրառումը բժշկական պրակտիկայում ցույց տվեց, որ հանգույցների շուրջ 5% է ունենում չարորակ բնույթ, իսկ մնացածը՝ կարելի է համարել անվտանգ: Բիոպսիայի կիրառման արդյունքում վիրահատության ցուցումների թիվը կրճատվել է շուրջ տասն անգամ: Սա բացատրվում է նրանով, որ բիոպսիայի շնորհիվ վիրահատության ենթարկվում են միայն նրանք, ովքեր իսկապես ունեն ցուցում՝ հիմնված ճշգրիտ ախտորոշման վրա:

Նշենք նաև, որ ներկայումս ընդունված է կատարել միայն ուլտրաձայնային հսկողությամբ բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա:

 

Քանի՞ անգամ է կատարվում բիոպսիա

Սովորաբար, բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան կատարվում է մեկ անգամ, սակայն միջամտության ընթացքում նմուշ վերցվում է տարբեր մասերից: Բարձր ինֆորմատիվություն ապահովում է 5 տարբեր մասերից կատարված նմուշառումը:

Կրկնակի բիոպսիայի կարիք է առաջանում երբ՝

  • հանգույցն ուլտրաձայնային հետազոտության տվյալներով կասկածելի դրսևորումներ ունի (վերջին տարվա ընթացքում մեծացել է 1սմ և ավելի)
  • կամ երբ բառաջին բիոպսիայի արդյունքները եղել են ոչ ինֆորմատիվ:

Բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան բացարձակ անվնաս է մարդու առողջության համար և չունի որևէ հակացուցում: Ժողովրդի մեջ տարածված վախերն անհիմն են, իսկ վախի պատճառով բիոպսիայից հրաժարվելը ցուցում ունենալու դեպքում կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Բիոպսիայի միջամտությունը տևում է շուրջ 10 րոպե և բուժառուն այնուհետև վերադառնում է իր առօրյա կյանքին:

 

Կարդացեք նաև՝ Հաճախ հնչող հարցեր վահանաձև գեղձի բիոպսիայի վերաբերյալ