Դիմել բժշկի

Վահանաձև գեղձի հիվանդությունները

2022-05-15

 

Քանի որ վահանաձև գեղձի հիվանդություններից խոսելիս մարդիկ շատ հաճախ օգտագործում են զոբ (հայերեն` խպիպ) տերմինը, որոշեցինք անդրադառնալ հիվանդության տարատեսակներին, որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչ ախտորոշումներ են դրվում և ինչ են դրանք նշանակում:

 

ԽՊԻՊ 

Սա ընդհանուր տերմին է, որն օգտագործվում է այն բոլոր դեպքերում, երբ առկա է վահանաձև գեղձի չափերի մեծացում: Պայմանականորեն այն կարելի է բաժանել երկու մասի՝ դիֆուզ և հանգուցավոր: Շատ հաճախ խպիպը զարգանում է յոդի անբավարարության հետևանքով, իհարկե մեծ դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը: Խպիպ կարող է առաջանալ ինչպես այն դեպքում, երբ ունենք ֆունկցիոնալ խանգարում, այսինքն՝ հորմոնային շեղումներ, այնպես էլ՝ առանց դրանց:

Ներկայացնենք Ֆունկցիոնալ խանգարումները:

 

 ՀԻՊԵՐԹԻՐԵՈԻԴԻԶՄ

Այլ կերպ ասած՝ վահանաձև գեղձի գերֆունկցիա: Խոսքը գեղձի հորմոնների մեծ քանակով արտադրման մասին է: Հիպերթիրեոիդիզմի ամենահաճախ հանդիպող պատճառը Գրեյվսի հիվանդությունն է (դիֆուզ տոքսիկ խպիպ) կամ գեղձում գերակտիվ հանգույցի առկայությունը:

 

ԳՐԵՅՎՍԻ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆ

Ինչպես արդեն նշվեց՝ սա աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում գեղձի գերխթանում՝ հանգեցնելով հիպերթիրեոիդիզմի զարգացման:

 

ՀԻՊՈԹԻՐԵՈԻԴԻԶՄ

Այլ կերպ ասած՝ վահանաձև գեղձի թերֆունկցիա: Այս դեպքում գեղձն արտադրում է նորմայից ցածր քանակի հորմոններ: Ամենատարածված պատճառը աուտոիմունային հիվանդության պատճառով գեղձի վնասումն է: Մյուս խումբ հիվանդությունները թիրեոիդիտներն են, որոնք հիմնականում լինում են բորբոքային կամ աուտոիմուն բնույթի:

 

ԹԻՐԵՈԻԴԻՏ  

Բորբոքային թիրեոիդիտի դեպքում առաջանում է ցավ, ջերմության բարձրացում և դրսևորվում են բոլոր այն ախտանիշները, որոնք բնորոշ են բորբոքմանը: Աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում օրգանիզմում արտադրվում են հակամարմիններ, որոնք տարիների ընթացքում վնասում են վահանաձև գեղձը՝ հանգեցնելով ֆունկցիայի խաթարման:

 

ՀԱՆԳՈՒՅՑ

Սա վահանաձև գեղձում փոքրիկ պաթոլոգիական (ոչ բնական) զանգված կամ գերաճ է: Հանգույցները չափազանց տարածված են: Չնայած դրանց շատ քիչ տոկոսն է լինում քաղցկեղային, այնուամենայնիվ, շատ կարևոր է դրանց վաղ հայտնաբերումը: Ինչպես նշեցինք՝ կարող են լինել հորմոնալ ակտիվ հանգույցներ, որոնց կոչվում են տաք հանգույց, երբ հանգույցն ինքը հորմոն է սինթեզում: Երբ հանգույցները չափերով մեծ են լինում, առաջացնում են խեղդոցի զգացում, կոսմետիկ դեֆեկտ: Այս պարագայում և տաք հանգույցների բուժման համար լավագույն ժամանակակից բուժան մեթոդը ռադիոհաճախական աբլացիան է: Սա ոչ վիրահատական և քիչ տրավմատիկ բուժման մեթոդ է, որն ապահովում է հանգույցի ոչնչացում և կրճատում է դեղորայքի ընդունման անհրաժեշտությունը:

 

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ

Համեմատած այլ օրգանների քաղցկեղների հետ՝ վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքում ելքը բարենպաստ է լինում, եթե ժամանակին իրականացվում է ճշգրիտ ախտորոշում և բուժում: Հիմնական բուժման մեթոդներից են վիրահատությունը, ճառագայթային թերապիան, որոշ դեպքերում նաև՝ ռադիոհաճախական աբլացիան:

 

Ներկայացրեց բժիշկ-Էնդոկրինոլոգ Մարիամ Ավետիսյանը (Նաիրի ԲԿ, Ուիգմոր Քլինիք)