Դիմել բժշկի

Երիկամի քաղցկեղի ոչ-վիրահատական բուժում՝ աբլացիա

2022-05-08

Ի՞նչ է նշանակում ուռուցքի ռադիոհաճախական աբլացիա

Ուռուցքի ռադիոհաճախական աբլացիան միջամտություն է, որն իրականացվում է ճառագայթային ախտորոշման սարքավորումների (ՈւՁՀ, ՀՏ) ուղղորդմամբ: Ռադիոհաճախական աբլացիայի սարքը բաղկացած է գեներատորից (որը գեներացնում է հաճախականային ալիքներ) և էլեկտրոդներից (ասեղներ, որոնք մաշկի միջով ներմուծվում են անմիջապես ուռուցքի մեջ): Աբլացիայի տեխնոլոգիան թույլ է տալիս քաղցկեղային բջիները ոչնչացնել էլեկտրական էներգիայի միջոցով:

 

Երիկամի քաղցկեղ

Երիկամի քաղցկեղն ամենահաճախ հանդիպող 10 քաղցկեղներից մեկն է: Ավելի հաճախ այն զարգանում է տղամարդկանց շրջանում, քան կանանց: Ամենատարածված տեսակը երիկամաբջջային քաղցկեղն է (ԵԲՔ):

Երիկամի քաղցկեղի ախտանշաններից են՝

  • հեմատուրիան (արյուն մեզում)
  • մեջքի շրջանում ցավերը
  • քաշի կորուստ  
  • ուժասպառությունը:

Նախկինում երիկամի քաղցկեղը հայտնաբերվում էր միայն ուշ փուլերում, երբ բուժառուն գանգատվում էր վերոնշյալ ախտանշաններից, իսկ բուժման միակ տարբերակը բաց վիրահատությամբ իրականացվող նեֆրէկտոմիան էր կամ երիկամի մասնահատումը:

Այսօր երիկամի քաղցկեղն ավելի վաղ փուլերում է հայտնաբերվում՝ շնորհիվ պլանային ուլտրաձայնային և այլ ճառագայթային հետազոտությունների: Ուստի փոքր ուռուցքների բուժման համար նոր մեթոդի պահանջարկ է առաջանում: Վիրահատության այլընտրանքային մեթոդը՝ ռադիոհաճախական աբլացիան արդեն շուրջ 20 տարի կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում:

Աբլացիան հասանելի է նաև Հայաստանում: Ուիգմոր քլինիքի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայությունում կարող եք ստանալ բարձրորակ մասնագիտական խորհրդատվություն և բուժում: 

 

Ո՞ր բուժառուներին է ցուցվում աբլացիա

Նրանց, ովքեր ունեն՝

  • Ժառանգական երիկամաբջջային քաղցկեղ  
  • Վոն Հիպել-Լինդաուի հիվանդություն և բազմակի երկկողմ երիկամաբջջային քաղցկեղ
  • Փոքր չափի երիկամաբջջային քաղցկեղ՝ խաթարված երիկամային ֆունկցիայով
  • Բուժառուներին, որոնք ունեն վիրահատության հակացուցում կամ հրաժարվում են վիրահատվելուց:

 

Աբլացիան իրականացվում է միջմաշկային եղանակով, ինչի արդյունքում վիրահատական վերքեր չեն ձևավորվում, ասեղային էլեկտրոդները մաշկանց եղանակով անմիջապես ներմուծվում են ուռուցքի մեջ: Էլեկտրոդի միջոցով փոխանցվող հոսանքի արդյունքում ջերմություն է առաջանում ուռուցքի շրջանում: Ջերմության ազդեցությամբ էլ ուռուցքային բջիջները սկսում են ոչնչանալ: Աբլացիայի միջամտությունը հնարավոր է իրականացնել ամբուլատոր կարգով՝ տեղային անզգայացմամբ:

 

Իսկ ինչպե՞ս է աբլացիայի մեթոդով ուռուցքը վերանում

Ուռուցքի մոլեկուլային փոփոխությունները, որոնք ի վերջո հանգեցնում են ուռուցքի ոչնչացման, տեղի են ունենում երեք փուլով.

  1. Ուռուցքի շրջանում ջերմության բարձրացման արդյունքում տեղի է ունենում բջիջների սպիտակուցի դենատուրացիա, բջջի ոչնչացում
  2. Մի քանի օր անց աբլացիայի գոտում առաջանում է այտուց, կոագուլացիոն նեկրոզ, բորբոքում: Հենց այս փուլերի արդյունքում է ուռուցքը ոչնչանում:
  3. Նեկրոտիկ (քայքայված) հյուսվածքը ներծծվում է օրգանիզմի կողմից:

Աբլացիայի հաջողությունը կախված է ուռուցքի ճշգրիտ թիրախավորումից, ջերմության ճիշտ ապլիկացիայից և մեթոդի ընդհանուր ճիշտ կիրառումից: Աբլացիան իրականացնում է ինտերվենցիոն ռադիոլոգը:

Աբլացիայի գլխավոր առավելությունը մեթոդի նվազագույն ինվազիվ (օրգանիզմի համար քիչ տրավմատիկ) լինելն է: Բացի այդ, աբլացիայի դեպքում չի պահանջվում հոսպիտալացում, բարդությունների առաջացման վտանգները քիչ են, ըստ պահանջի՝ աբլացիան կարելի է կրկին կիրառել: Հաջող աբլացիայի արդյունքում ուռուցքը չափերով կրճատվում է՝ հասնելով սպիացման և ամենակարևորը՝ հնարավոր է լինում պահպանել օրգանը, քանի որ ուռուցքի ոչնչացումը կատարվում է տեղում՝ օրգանի ներսում: