Դիմել բժշկի

Արդյո՞ք բիոպսիան արագացնում է ուռուցքային աճը

2022-11-22

Հասարակության, ցավոք սրտի նաև հենց բժիշկների, շրջանում կան բազմաթիվ միֆեր՝ կապված բժշկական միջամտությունների հետ ։ Այդ միֆերից ամենատարածվածներից մեկը վերաբերում է բիոպսիային և նրա ազդեցությանը ուռուցքային աճի վրա։

Ի՞նչ է բիոպսիան

Բիոպսիան բժշկական միջամտություն է, որի ընթացքում վիրաբույժը կամ ինտերվենցիոն ռադիոլոգը ախտահարման օջախից վերցնում է նմուշ՝ հյուսվածաբանական/բջջաբանական հետազոտության ուղարկելու և ախտահարման բնույթը պարզելու նպատակով։ Դեպքերի գերակշիռ մասում բիոպսիան ցուցվում է քաղցկեղը հաստատելու կամ հերքելու նպատակով։

Իսկ ո՞ր գործոններն  են համարվում ուռուցքածին

Ուռուցքածին համարվում են այն գործոնները, որոնք անկախ ազդեցության մեխանիզմից, ազդելով բջիջների գենետիկ ապարատի վրա, ունակ են առաջացնելու կամ արագացնելու նորագոյացության զարգացումը։ Այսինքն այս գործոնները մեր նորմալ բջիջները վերածում են ուռուցքայինի։ Իսկ այն միտքը, որ բիոպսիան կարող է ազդել բջիջների վրա գենետիկ մակարդակով և արագացնել ուռուցքային աճը, որևէ աղերս չունի իրականության հետ։

Բուժառուներից շատ հաճախ կարելի է լսել հետևյալ  արտահայտությունները՝ «կկպնենք, կարագանա պրոցեսը», «բիոպսիա կանենք, կտարածվի», «ուռուցքը կկատաղի» ևլն․․․ Այս տարածված միֆի պատճառով շատերը հրաժարվում են միջամտությունից՝ արդյունքում կորցնելով ժամանակ և վտանգելով սեփական առողջությունը։ Ուռուցքային հիվանդությունների բուժման գրագետ մոտեցումը ենթադրում է հյուսվածաբանական հստակ վերիֆիկացիա, որից հետո միայն ուռուցքաբանի կողմից մշակվում է բուժման պլան՝ ըստ միջազգային ուղեցույցների։ Բիոպսիայից հրաժարվելը կասկածի տակ է դնում բուժման արդյունավետությունն ու վտանգում բուժառուի կյանքը։

2015թ․-ին Ֆլորիդայի Mayo Clinic-ում իրականացվել է հետազոտություն, որին մասնակցել են շուրջ 2000 բուժառուներ՝ ենթաստամոքսային գեղձի չմետաստազավորված քաղցկեղով։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բիոպսիան չունի որևէ ազդեցություն ուռուցքային պրոցեսի տարածման վրա։ Ավելին՝ այն բուժառուները, որոնց կատարվել է բիոպսիա, ստացվել է հյուսվածաբանական վերիֆիկացիա և մշակվել է առավել հստակ բուժման պլան, ունեցել են առավել բարենպաստ ելքեր։ 

Հորդորում ենք չտարածել ոչ ստույգ, առանց գիտական հաստատված հիմքի ինֆորմացիա՝ հատկապես բժշկության հետ կապված։ Թույլ մի՛ տվեք, որ ապատեղեկատվությունը կամ գիտելիքների բացակայությունը վտանգի տակ դնեն Ձեր մտերիմների, ինչու չէ նաև Ձեր կամ պարզապես դիմացինի առողջությունը։

Եղեք առողջ և տեղեկացված․․․