Դիմել բժշկի

Վահանաձեվ գեղձի հանգույցների ռադիոհաճախական աբլացիա

Վահանաձև գեղձի հանգույցները սովորաբար ասիմպտոմ են և հայտնաբերվում են մեծահասակների 33%- 68%-ի դեպքում ուլտրաձայնային ախտորոշման ժամանակ: Չնայած վահանաձև գեղձի հանգույցները բարորակ են և հաճախ բուժում չեն պահանջում, այնուամենայնիվ, երբեմն կանայք ճնշող ախտանիշների կամ կոսմետիկ գանգատների պարագայում բուժման կարիք են զգում:

Ներկայիս ուղեցույցները հավանություն չեն տալիս կլինիկական պրակտիկայում կիրառվող թիրոքսին-ճնշող թերապիային, քանի որ արդյունքները վիճահարույց են և կրում են ոսկրերին ու սրտին առնչվող կողմնակի ազդեցությունների վտանգ: Ոչ վիրահատական, նվազագույն ինվազիվ բուժական տարբերակներից են պերկուտան էթանոլային ներարկումը, պերկուտան լազերային աբլացիան և ռադիոհաճախական աբլացիան, որոնք կիրառվում են վահանձև գեղձի բարորակ սիմպտոմատիկ հանգույցների բուժման նպատակով:

Պերկուտան էթանոլային ներարկումը՝ ՊԷՆ, հայտնի է որպես հաջող բուժական միջամտություն կիստոզ կամ գլխավորապես կիստոզ հանգույցների համար, մինչդեռ կարծր հանգույցների համար դրա կիրառումը շատ երկրներում վերջին տասնամյակում դադարել է: Լազերային աբլացիան կարծր հանգույցների պարագայում նպաստավոր է, ինչպես հետազոտություններն են ցույց տալիս՝ դրանց ծավալը 40% -80% կրճատելու տեսանկյունից, իսկ 5-ամյա հետբուժական ստուգումների կլինիկական արդյունքները ցույց են տալիս, որ դեպքերի մեծամասնությունում այս միջամտությունը միջին և երկարատև կտրվածքով բավարար կլինիկական արդյունքներ է ապահովում: 2006 թ.-ին ներկայացված ռադիոհաճախական աբլացիայիան վահանաձև գեղձի բարորակ հանգույցների բուժման անվտանգ և արդյունավետ մեթոդ է համարվում:

 

վահանաձև գեղձի հանգույցի ռադիոհաճախական աբլացիա 

 

Հիվանդների ընտրության կարգը

2012 թ.-ին Վահանագեղձի ռադիոլոգիայի կորեական միությունը հանդես եկավ ՌՀԱ-ի միջոցով վահանագեղձի հանգույցները բուժելու վերաբերյալ համաձայնեցված հայտարարությամբ: Գլխավորապես, ՌՀԱ ցուցվում է այն պարագայում, երբ հիվանդի մոտ ի հայտ են գալիս հանգույցով պայմանավորված ախտանիշներ կամ հիպերֆունկցիոնալ հագույցների պատճառով զարգանում է թիրեոտոքսիկոզ: Կարևոր է աբլացիայից առաջ հաստատել հանգույցի բարորակ բնույթը նվազագույնը երկու առանձին ՈՒՁ ուղղորդմամբ բարակ ասեղային ասպիրացիոն կամ տրեպանացիոն բիոպսիաների միջոցով:

Առկա են զեկույցներ, որոնցում նշվում են վահանաձև գեղձի առաջնային քաղցկեղի դեպքում ՌՀԱ-ով բուժման թերի արդյունքներ: Վերանայվել են անբավարար ՌՀԱ-ի հյուսվածքաբանական զեկույցները և որևէ ապացույց չի գրանցվել հօգուտ վահանձև գեղձի կարցինոմայի դեպքում ՌՀԱ-ի բուժական հաջողության: Մյուս կողմից, ֆոլիկուլյար և անորոշ ախտահարումների բջջաբանական ախտորոշումը պահանջում է չարորակությունը հերքող հյուսվածքաբանական հետազոտություն: Հետևաբար, կոնսենսուսը խորհուրդ չի տալիս ՌՀԱ-ն ֆոլիկուլյար ախտահարման կամ քաղցկեղի կասկածով հանգույցների պարագայում: Ընդհանուր առմամբ, ՌՀԱ-ն անվտանգ միջամտություն է: Այնուամենայնիվ, ՌՀԱ-ի կիրառումը զգուշավորություն է պահանջվում հղի կամ սրտի լուրջ խնդիրներով այցելուների պարագայում: Վերջին դեպքում պահանջվում է սրտի շարունակական վերահսկողություն ռադիոհաճախական աբլացիայի ողջ ընթացքում:

Վերոնշյալ ուղեցույցները ՌՀԱ խորհուրդ են տալիս այն կանանց դեպքում, որոնց համար վահանագեղձի վիրահատությունը հակացուցված է ուղեկցվող հիվանդությունների կամ անընդունելի շուրջվիրահատական վտանգների պատճառով, ինչպես նաև վիրահատությունից հիվանդի ինքնակամ հրաժարման պարագայում: Հակառակ տեսակետ է ներկայացնում Վահանգեղձի ամերիկյան ասոցիացիան: 2015 թ. իրենց ուղեցույցներում նշվում է, որ չափավոր աճ գրանցող, առանց ախտանիշների ընթացող հանգույցները պետք է վերահսկվեն առանց որևէ միջամտության: Վիրահատությունը պետք է նկատի առնել աճող բարորակ հանգույցների դեպքում, որոնք գերազանցում են 4 սմ և առաջացնում են ճնշող կամ կոսմետիկ ախտանիշներ:

 

Ընթացքը

Միջամտության ընթացքում հիվանդը գտնվում է մեջքին պառկած դիրքում՝ պարանոցը թեթև պարզած: Այնուհետև ներարկվում է տեղային անզգայացնող դեղանյութ՝ լիգնոկաին կամ քսիլոկաին մաշկի տակ՝ պարանոցի շրջանի փափուկ հյուսվածքում և վահանաձև գեղձի պատիճում: Անհարմարության զգացումը կրճատելու նպատակով հնարավոր է նախապես ներմուծվի ֆենտանիլ և միդազոլամ: Երկու ազդրերին ամրացվում են պասիվ էլեկտրոդային բարձիկներ և միացվում են ռադիոհաճախական գեներատորին, որն էլ միացված է ՌՀ էլեկտրոդին:

Մեծ մասամբ ՌՀԱ-ն կատարվում է ամբուլատոր կլինիկական պայմաններում՝ հիվանդը գտնվելով տեղային անզգայացման, գիտակից սեդացիայի ներքո: Ռադիոհաճախական աբլացիան փոփոխվող էլեկտրական հոսանք է, որը տատանվում է 200-1200 կՀց հաճախությամբ: ՌՀ ալիքների կիրառումը բորբոքում է հյուսվածքի իոնները, որոնք փորձում են հետևել փոփոխվող հոսանքի ուղղության փոփոխություններին՝ այդպիսով առաջացնելով շփական ջերմություն էլեկտրոդի շուրջ:

 

Կլինիկական արդյունքները

ՌՀԱ թերապիպան գլխավորապես միտված է եղել ճնշող ախտանիշները նվազեցնելուն, կոսմետիկ արդյունքները բարելավելուն, ինչպես նաև տաք հանգույցների թիրեոտոքսիկ կարգավիճակը վերացնելուն: Սառը հանգույցների պարագայում ՌՀԱ արդյունավետությունը հաշվարկվում է հանգույցի ծավալի, ճնշող և կոսմետիկ ախտանիշների կրճատման գնահատմամբ: Բարորակ հիպերֆունկցիոնալ հանգույցների դեպքում ՌՀԱ-ն ոչ միայն կրճատում է հանգույցի ծավալը, այլև բարելավում է գեղձի ֆունկցիոնալ կարգավիճակը: Դեպքերի մեծ մասում դիտվում է գեղձի ֆունկցիայի բարելավում և հակաթիրոիդային դեղորայքի պահանջի նվազում: Վերջինս փաստացիորեն հնարավոր է դադարեցվել 89% դեպքերում:

 

Անվտանգությունը և բարդությունները

Վահանաձև գեղձի ՌՀԱ-ն սովորաբար անվտանգ և պացիենտների կողմից լավ հանդուրժելի միջամտություն է: Տարբեր բարդություններ կարող են առաջանալ, չնայած հավանականությունը ցածր է: