Դիմել բժշկի

Գաստրոստոմիա

Միջմաշկային գաստրոստոմիան մինիմալ ինվազիվ բժշկական միջամտություն է, որի ժամանակ որովայնի պատի միջով հատուկ խողովակ է ներմուծվում ստամոքսի մեջ, որպեսզի դրանով իրականացվի սնուցում։ Դա կատարվում է այն դեպքում, երբ հիվանդը բերանով սնվել չի կարողանում:

Գաստրոստոման խողովակ է, որն ունի կաթետերի կամ կոճակի տեսք: Երկու տեսակներն էլ ծայրին ունեն բալոն (փուչիկ), ինչն օգնում է խողովակն իր ճիշտ տեղում պահել։

Ինչպե՞ս է կատրավում գաստրոստոմիան


Եթե պացիենտն օգտագործում է հակամակարդիչ (արյան մակարդումը կանխող) կամ թրոմբոլիտիկ դեղորայք, ապա հնարավորության պարագայում դրանց ընդունումը դադարեցվում է: Միջամտությունը կատարվում է պացիենտի անոթի վիճակում: Ինտերվենցիոն ռադիոլոգը ներմուծում է բարակ խողովակը քթի միջով դեպի ստամոքս (սա կոչվում է քիթ-ստամոքսային խողովակ), այնուհետև կատարում է ստամոքսի ուլտրաձայնային հետազոտություն՝ ստուգելու համար լյարդի դիրքը և համոզվելու, որ խողովակը ճիշտ է տեղակայված:

Սովորաբար, գաստրոստամիան կատարվում է տեղային անզգայացման կամ ներերակային քնաբեր դեղորայքի ազդեցության ներքո: Պացիենտը պառկում է մեջքի վրա:

Շատ դեպքերում պացիենտին ներարկվում է գլուկագոն հիդրոքլորիդ, որը ժամանակավորապես պարալիզում է ստամոքսի մկանները: Այնուհետև օդ է մղվում քիթ-ստամոքսային խողովակով: Ինտերվենցիոն ռադիոլոգը կատարում է ստամոքսի ֆլյուորոսկոպիա, որպեսզի որոշի ասեղնածակման (պունկցիայի) հստակ տեղը, ինչը սովորաբար ստամոքսի միջին հատվածում է: Այնպիսի դեպքերում, երբ օրինակ հաստ աղիքի կամ լյարդի մի մասը ստամոքսի դիմացն է տեղակայված՝ գաստրոստոմիան իրականցվում է ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա) օգնությամբ:

Այնուհետև իրականացվում է գաստրոպեքսիա, որը ստամոքսի առաջային պատի միացումն է որովայնի պատին, ինչից հետո ինտերվենցիոն ռադիոլոգը փոքր ասեղի օգնությամբ մաշկի միջով ծակում է ստամոքսը՝ անցնելով որովայնի առաջային պատը։ Ասեղի ծայրը դիրքավորելով ստամոքսի մեջ՝ ներմուծվում է օդ կամ կոնտրաստանյութ։ Համոզվելով ասեղի ճիշտ տեղկայման մեջ, ուղղորդող լարը ասեղի միջով անցկացվում է դեպի ստամոքս, տարբեր տրամաչափի լայիչներ են անցկացվում ուղղորդող լարի վրայով, որպեսզի լայնացվի պունկցիոն ուղին: Այնուհետև ստամոքսի մեջ ներմուծվում է գաստրոստոմիայի խողովակը: Դրա ծայրին գտնվում է բալոն (փուչիկ), որը փչվում է, որպեսզի խողովակն իր տեղում մնա, իսկ ուղղորդող լարը դուրս է բերվում ստամոքսից:

Ինտերվոնցիոն ռադիոլոգը ներարկում է մի քանի միլիլիտր կոնտրաստ նյութ գաստրոստոմի խողովակի միջով, որպեսզի ռենտգեն հսկողությամբ ստուգի խողովակի դիրքը:

   
 

Հնարավոր է պացիենտը գիշերն անցկացնի հիվանդանոցում, սակայն միջամտությունը նաև իրականացվում է ամբուլատոր պայմաններում: Հնարավոր է միջամտության հաջորդող մի քանի ժամերի ընթացքում պացիենտն ունենա անհարամրության զգացում կաթետերի շրջանում:

Գաստրոստոմի՝ մաշկին մոտ մուտքի հատվածը ստուգվում է ամեն օր, որպեսզի բորբոքման կամ արտահոսքի նշանները շուտ հայտնաբերվեն և վերացվեն: Միջամտությունից 8-24 ժամ անց պացիենտի սնուցումը կարող է սկսվել, եթե մինչ այդ նվազագույնը 4 ժամ պացիենտը ժամում 50 մլ ջուր է խմել և որևէ բացասական երևույթ չի գրանցվել: 
 

Ինչու՞ է կատարվում գաստրոստոմիան


Գաստրոստոմիան ցուցվում է այն դեպքերում, երբ հնարավոր չէ սնունդն ընդունել բերանով։ Դա լինում է կերակրափողի, բերանի խոռոչի, քթըմպանի զանազան բարորակ և չարորակ նորագոյացությունների դեպքում։ Գաստրոստոմիայի կարիք է լինում նաև տարբեր նյարդաբնական խնդիրներ ունեցող հիվանդների մոտ առկա կլման ակտի խանգարման դեպքում։ Այն ցուցված է վերակենդանացման բաժանմունքում կոմատոզ վիճակում գտնվող հիվանդին սնուցում ապահովելու նպատակով։

Եթե պացիենտի մոտ առկա է սննդի անցանելիության խանգարում 12 մատնյա աղիքով , և հիվանդին ցուցված է պալիատիվ բուժում, այս դեպքում նույնպես կատարվում է գաստրոստոմիա՝ ստամոքսահյութի դեկոմպրեսիան ապահովելու նպատակով։

Գաստրոստոմիան հակացուցված է արյան մակարդման խանգարումների, պերիտոնիտի (որովայնամզաբորբ), անբուժելի զանգվածային ասցիտի (որովայնում հեղուկի կուտակում), աղիքային անանցանելիութան դեպքում (բացառությամբ երբ գաստրոստոմիան նախատեսված է դրենավորում ապահովելու համար):

Հարաբերական հակացուցումներ են ստամոքսի լորձաթաղանթի անոմալիաները (դռներակային հիպերտենզիվ գաստրոպաթիա, կերակրափողի, ստամոքսի անոթների լայնացում), ներորովայնային չարորակ գոյացությունը, պաթոլոգիական գիրությունը, նախկինում կատարված կերակրափողի, ստամոքսի վիրահատությունները և այլն:

Գաստրոստոմիայի տեխնիկական հաջողությունը գնահատվում է բավականին բարձր՝ շուրջ 97%:

Վտանգները


Ամենատարածված վտանգը գաստրոստոմայի շուրջ մաշկի բորբոքումն է և կապտուկի առաջացումը: Խողովակի տեղադրման ժամանակ հնարավոր է  հաստ աղիքի թափածակում , ինչը հնարավոր է հանգեցնի պերիտոնիտի (որովայնամզաբորբ): Եթե գաստրոստոմը տեղադրվում է լյարդի ձախ բլթի միջով, հնարավոր է առաջանա լյարդի հեմատոմա։ Այնուամենայնիվ, եթե ինտերվենցիոն ռադիոլոգի կողմից պացիենտին ցուցվում է այս միջամտությունը, ապա բարդությունների առաջացման վտանգը չնչին է: