Դիմել բժշկի

Աբլացիա

Աբլացիա տերմինը նշանակում է օջախի կամ հյուսվածքի ոչնչացում, քայքայում։

20-րդ դարի վերջից աբլացիան սկսեց կիրառվել բժշկության ոլորտում։

Օջախի կամ հյուսվածքի աբլացիա առաջանում է դրանցում ֆիզիկական կամ քիմիական գործոնների անմիջական ներգործության արդյունքում։

Ֆիզիկական աբլացիայի առավել կիրառվող տեխնոլոգիաներն են՝ ռադիոհաճախական աբլացիան ՝ ՌՀԱ (Radiofrequency ablation RFA) , միկրոալիքային աբլացիան՝ ՄԱԱ (Microwave ablation), կրիոաբլացիան (Cryoablation), անհետադարձ էլեկտրոպորացիան (Irreversible electroporation), լազերային աբլացիան (laser ablation) և բարձր ինտենսիվությամբ ֆոկուսավորված ուլտրաձայնը (High-intensity focused ultrasound, HIFU):

Ֆիզիկական աբլացիայի տեխնոլոգիայի կիրառման ժամանակ անմիջապես հյուսվածքի մեջ ներմուծված էլեկտրոդի միջով միկրոալիքներ կամ ռադիոհաճախական ալիքներ են փոխանցվում՝ հյուսվածքում ջերմաստիճանը բարձրացնելով մինչև 90-110օ, ինչի արդյունքում առաջանում է հյուսվածքի ոչնչացում ՝ մեռուկացում։

Այլ մեխանիզմով է իրականացվում կրիոաբլացիան: Այս դեպքում հյուսվածքի ոչնչացման հանգեցնում է հակառակ ազդեցությունը, մասնավորապես՝ ջերմաստիճանի նվազեցումը. հյուսվածքի մեջ ներմուծված էլեկտրոդի միջոցով ջերմաստիճանը նվազեցվում է մինչև - 40-60 Cօ, ինչի արդյունքում կրկին առաջանում է օջախի մեռուկացում։

Քիմիական աբլացիայի կիրառվող տեխնոլոգիաներից են էթանոլի կամ քացախաթթվի ներարկումը անմիջապես հյուսվածքի մեջ։ Այս տեխնոլոգիայով  բուժմանը շատ լավ ենթարկվում է լյարդաբջջային քաղցկեղը։

Ֆիզիկական աբլացիան ունի առավելություն քիմիական աբլացիայի նկատմամբ՝ բուժման էֆեկտի առումով։

Աբլացիայի արդյունքում դենատուրացիայի (բնազրկման) են ենթարկվում ուռուցքային հյուսվածքի սպիտակուցները, ինչը հանգեցնում է աբլացիայի ենթարկված օջախի ոչնչացման:


Ֆիզիկական աբլացիայի տեխնոլոգիաներից առավել տարածված են ռադիոհաճախական աբլացիան՝ ՌՀԱ և միկրոալիքային աբլացիան՝ ՄԱԱ։

Համաշխարհային հավաքական փորձը և հրատարակված տվյալներն ապացուցել են աբլացիայի նշանակալից դերը չարորակ ուռուցքների բուժման հարցում։ Աբլացիան կիրառվում է որպես ինքնուրույն բուժական մեթոդ կամ զուգակցվում է բուժական այլ մեթոդների հետ (քիմիաթերապիա, վիրահատական բուժում)։

Աբլացիան բուժական բարձր արդյունավետություն է ցուցաբերում լյարդի առաջնային քաղցկեղի, երիկամաբջջային քաղցկեղի, թոքի առաջնային քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի, լյարդի մետաստատիկ ախտահարումների (կոլոռեկտալ քաղցկեղի, նեյրոէնդոկրին քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի մետաստազներ), թոքերի մետաստատիկ ախտահարումների (կոլոռեկտալ քաղցկեղի, նեյրոէնդոկրին քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի մետաստազներ) բուժման մեջ։

Աբլացիան ռադիկալ բուժական արդյունք է ցուցաբերում վահանաձև գեղձի բարորակ հանգույցների բուժման մեջ, ինչպես նաև ոսկրային բարորակ նորագոյացությունների՝ օստեոիդ օստեոմայի բուժման հարցում։

Աբլացիան, ինչպես և ցանկացած բուժական մեթոդ, ունի իր ցուցումները և հակացուցումները։

Աբլացիան կիրառելի է ոչ մեծ քանակով և 4 սմ չգերազանցող ուռուցքային օջախների պարագայում: Կատարվում է հիմնականում մաշկընթաց (միջմաշկային) եղանակով, ուլտրաձայնային կամ համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների հսկողության ներքո: Բացի մաշկընթաց եղանակից, աբլացիան կիրառվում է նաև բաց կամ լապարասկոպիկ վիրահատությունների ժամանակ: Մաշկընթաց աբլացիան նվազագույն ինվազիվ լոկոռեգիոնալ բուժման մեթոդ է և հիմնականում ուղեկցվում է հիվանդի կարճաժամկետ հոսպիտալիզացիայով:

Լյարդի կամ երիկամի քաղցկեղի ռադիոհաճախական աբլացիայով (ՌՀԱ) բուժման ընթացքն իր մեջ ներառում է հետևյալ փուլերը.
 

  1. նախնական ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություն՝ ն/ե կոնտրաստավորումով,


 

 2․ ուռուցքային օջախի պունկցիոն-ինպլանտացիոն կլիպավորում:

Կլիպավորումից հետո կատարվում է ՀՏ սկանավորում՝ ուռուցքային օջախների սահմանազատված գոտին վիզուալիզացնելու և աբլացիան պլանավորելու նպատակով:

Աբլացիայի բուն գործընթացը կատարվում է ՈւՁՀ կամ ՀՏ հսկողության պայմաններում:
 


 

Աբլացիայից հետո կատարվում է թիրախ օրգանի կրկնակի ՀՏ սկանավորում՝ հետաբլացիոն զոնան գնահատելու նպատակով:
 

 
 

Եթե հետաբլացիոն զոնան գնահատվում է ոչ բավարար, կատարվում է ուռուցքային հյուսվածքի՝ անբավարար աբլացիայի ենթարկված հատվածի կրկնակի աբլացիա՝ ռադիկալ բուժական էֆեկտ ստանալու նպատակով:
 


Սովորաբար աբլացիան կատարվում է ներերակային սեդացիայի և տեղային անզգայացման պայմաններում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ մաշկընթաց եղանակով կատարվող աբլացիայի բարդությունները աննշան են: Թոքի ուռուցքային ախտահարումների ժամանակ կատարվող աբլացիան երբեմն ուղեկցվում է պնևմոթորաքսով, որը սովորաբար վերացվում է պահպանողական բուժման եղանակով: Աբլացիան, ապացուցելով իր բուժական բարձր արդյունավետությունը, որպես բուժման մեթոդ ընդգրկված է NCCN, ESMO հեղինակավոր ուղեցույցներում: