Դիմել բժշկի

Բիոպսիան բժշկական միջամտություն է, որի ժամանակ վիրաբույժը կամ ինտերվենցիոն ռադիոլոգը հյուսվածքի կամ բջիջների նմուշ է վերցնում ախտահարված օջախից, հետագայում այն լաբորատոր (հյուսվածքաբանական, իմունահիստաքիմիական) հետազոտության ուղարկելու համար:
 
 
 
Ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիաները բավականին ընդլայնել են բիոպսիայի իրականացման հնարավորությունները՝ նվազագույնի հասցնելով բիոպսիայի հետ առնչվող տրավման: Բիոպսիայի գործընթացի ժամանակ, կիրառելով ճառագայթային կամ ուլտրաձայնային ախտորոշման հսկողություն, հնարավորություն է ստեղծվում ստանալ հյուսվածքի նմուշ օրգանիզմի գրեթե ցանկացած տեղամասից:

Ինտերվենցիոն ռադիոլոգիան բիոպսիայի իրականացման հսկողության նպատակով հիմանականում օգտագործում է ուլտրաձայնային հետազոտության և կոմպյուտերային տոմոգրաֆիայի սարքավորում, հազվադեպ՝ մագնիսառեզոնանսային սարքավորում:

Հաճախ միջամտությունն իրականացվում է ՈւՁՀ հսկողության ներքո:
 
  
 
ՈւՁՀ-ն թույլ է տալիս վիզուալիզացնել պարենխիմատոզ օրգանների ախտահարումները, ինչպիսիք են ՝ լյարդ, երիկամ, մակերիկամ ենթաստամոքսային գեղձ, թոքերի պլևրայի մակերեսային ախտահարումներ, ձվարան, փափուկ հյուսվածքների ախտաբանական ախտահարումներ, մակերեսային, ինչպես նաև խորանիստ տեղակայման արտաօրգանային նորագոյացություններ:

Ուլտրաձայանային հսկողությամբ իրականացվող բիոպսիան մատչելի, արագ և անվնաս մեթոդ է համարվում, քանզի ՈւՁՀ-ն չի կիրառում ռենտգեն ճառագայթներ:

Առավել դժվարամատչելի տեղակայում ունեցող գոյացություններից (թոքերի պերիֆերիկ գոյացություններ, միջնորմի գոյացություններ, պարաաորտալ լիմֆատիկ հանգույցներ և այլն) հնարավոր է լինում մինիմալ ինվազիվ ճանապարհով ստանալ բիոպտատ համակարգչային շերտագրության պատկերների հսկողության ներքո:
 
 
Միջամտությունը հիմնականում իրականացվում է ամբուլատոր կարգով, տևողությունը 10 ր-ից մինչև 40 ր., երբեմն՝ ավելին: Կատարվում է տեղային ինֆիլտրատիվ անզգայացման պայամններում, երբեմն հնարավոր է կիրառվի նաև տագնապամարիչ, սեդատիվ դեղորայք:

ՈւՁ հսկողությամբ բիոպսիան իրականացվում է հետևյալ կերպ:

Հիվանդը պառկում է մանիպուլյացիոն սրահում : ՈւՁ-ով նախապես վիզուալիզացվում է ախտաբանական օջախը, այնուհետև, պունկցիոն դաշտը ասեպտիկ լուծույթներով մշակելուց հետո ինտերվենցիոն ռադիոլոգը ՈւՁ հսկողության ներքո հաջորդաբար անզգայացնում է մաշկը, ենթամաշկը, մկանային հյուսվածքը, որովայնամիզը կամ պլևրան: Ինտերվենցիոն ռադիոլոգը, հատուկ բիոպսիայի համար նախատեսված ասեղով ՈւՁ պատկերների հսկողության ներքո նշանակետային մուտք է գործում նախապես ընտրված օջախի մեջ: Այնուհետև բիոպսիայի հատուկ ատրճանակի օգնությամբ կատարվում է նշված օջախից ասեղային նմուշառում ՈւՁ պատկերների հսկողության ներքո: Ասեղը հեռացվում է օրգանիզմից, ստացված նյութը կամ նյութերը տեղադրվում են ֆորմալինի 4%-ոց լուծույթի մեջ և ուղարկվում հետագա պաթոհյուսվածքաբանական լաբորատորիա, որտեղ բիոպտատաները ենթարկվում են մանրակրկիտ պաթոհյուսվածքաբանական, իմունահիստաքիմիական, երբեմն՝ գենետիկ հետազոտության:

ՀՏ (ԿՏ) հսկողության ներքո բիոպսիան իրականացվում է հետևյալ կերպ:
 

 
Հիվանդը պառկում է ՀՏ սեղանին մեջքի, կողքի կամ որովայնի վրա, կատարվում է նշված ախտահարման հատվածի ՀՏ սկանավորում, այնուհետև բժիշկ-ռադիոլոգի հետ համատեղ որոշվում է օպտիմալ պունկցիոն ուղին, կատարվում է պունկցիոն ուղու շերտ առ շերտ տեղային ինֆիլտրատիվ անզգայացում, քայլ առ քայլ ՀՏ պատկերների հսկողության ներքո բիոպսիայի ասեղը ներմուծվում է պաթոլոգիկ օջախի մեջ:

Համոզվելուց հետո, որ ասեղը հասել է պաթոլոգիկ օջախին օպտիմալ դիրքով, կատարվում է նշված օջախից նմուշառում՝ հատուկ բիոպսիայի համար նախատեսված ատրճանակով: Այնուհետև ստացված բիոպտատները տեղադրվում են ֆորմալինի լուծույթի մեջ և ուղարկվում պաթոհյսուվածաբանական լաբորատորիա:

Բիոպսիայից հետո հիվանդը ստացիոնարում հսկվում է 2 ժամ, որից հետո կրկին զննվում է բժշկի կողմից, բարդություններ չհայտնաբերելու դեպքում հիվանդը դուրս է գրվում ստացիոնարից՝ հետագա ամբուլատոր հսկողության ցուցումով:

Նշված տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստացված բիոպտատների ախտորոշիչ արդյունավետությունը 98% է:

Մինիմալ ինվազիվ բիպոսիայի տեխնոլոգիան բժշկության մեջ փոխեց ինվազիվ դիագնոստիակայի մոտեցումները՝ անհամեմատ մեծացնելով ախտորոշման արդյունավետությունը նվազեցնելով միջամտության տրավման: