Դիմել բժշկի

Ինչ է ուռուցքի ռադիոհաճախական աբլացիան


Ուռուցքի ռադիոհաճախական աբլացիան (ՌՀԱ) ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիաներից է: Անմիջապես ուռուցքի մեջ ներմուծված հատուկ ասեղային էլեկտրոդներով հաղորդվում է ջերմություն, որը և ոչնչացնում է քաղցկեղային բջիջները կամ բարորակ ուռուցքային հյուսվածքը: ՌՀԱ-ն ջերմային աբլացիայի մեթոդներից մեկն է, մյուս մեթոդներից են միկրոալիքային աբլացիան, կրիոաբլացիան, էլեկտրապորացիան և այլն:

 

Ինչպես է կատարվում ռադիոհաճախական աբլացիան


Ռադիոհաճախական աբլացիան կատարվում է ամբուլատոր կամ ստացիոնար պայմաններում, սովորաբար հիվանդը վերականգնում է բնական գործունեությունը միևնույն կամ հաջորդ օրը:

Օգտագործելով համակարգչային շերտագրում՝ ՀՇ կամ ուլտրաձայնային հետազոտություն՝ ՈւՁՀ և ուղղորդվելով այդ սարքավորումների պատկերներով՝ ինտերվենցիոն ռադիոլոգը միջմաշկային եղանակով ներմուծում է ՌՀԱ հատուկ էլեկտրոդ(ներ)ն անմիջապես ուռուցքի մեջ: Այդ էլեկտրոդի միջով ուռուցքի հյուսվածքին հաղորդվում են ռադիոհաճախական ալիքներ: Սա բարձրացնում է հյուսվածքում ջերմաստիճանը և հանգեցնում է ուռուցքային բջիջների մահվան՝ այդպիսով ոչնչացնելով ուռուցքը:
 
ռադիոհաճախական աբլացիա

Կախված հիվանդի կարգավիճակից և ուռուցքի տեղակայումից՝ միջամտությունը կարող է իրականացվել անէսթեզիայի կամ տեղային անզգայացման պայմաններում:

Աբլացիան գնահատելու նպատակով միջամտությունից հետո կատարվում է ՀՇ հետազոտություն: Հնարավոր է պահանջվի ՌՀԱ միջամտության մի քանի կրկնություն:

 

Ինչու է կատարվում ռադիոհաճախական աբլացիան

Ռադիոհաճախական աբլացիան կատարվում է բուժելու որոշ տեսակի քաղցկեղային ուռուցքներ: Սա վիրահատության ոչ ենթակա ուռուցքների բուժման այլընտրանք է: Սովորաբար կատարվում է 4սմ-ից փոքր ուռուցքների պարագայում:

ՌՀԱ հաճախ կիրառվում է բուժելու հետևյալ տեղակայման քաղցկեղները.
• լյարդի առաջնային քաղցկեղ
• լյարդի մետաստատիկ ախտահարումներ
• թոքի առաջնային քաղցկեղ
• թոքի մետաստատիկ ախտահարումներ
• երիկամի քաղցկեղ
• կրծքագեղձի քաղցկեղ
• մակերիկամի քաղցկեղ
• վահանձև գեղձի բարորակ հանգույցներ
• ոսկրերի բարորակ նորագոյացությունների (օստեոիդ օստեոմա)
 

Որոնք են վտանգները


ՌՀԱ-ից հետո բարդությունների առաջացման վտանգը չնչին է, սակայն կարող է առաջանալ արյունահոսություն կամ ինֆեկցիա: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են ցավը կամ անհանգստության զգացումը, թույլ տենդը, անառողջության զգացումը: