Դիմել բժշկի

Ինչ է միջմաշկային դրենավորումը


Միջմաշկային դրենավորումն ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիա է, որը կիրառվում է օրգանիզմում հեղուկ կուտակումների, մասնավորապես` աբսցեսի (թարախակույտ) կամ օդի կուտակումների (օր.՝ պնևմաթորաքս) վերացման նպատակով: Ինտերվենցիոն ռադիոլոգը միջմաշկային եղանակով ներմուծում է հատուկ կաթետերը (դրենաժը) հեղուկ կուտակման մեջ՝ ուղղորդվելով  ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ) կամ երբեմն  համակարգչային շերտագրման (ՀՇ) պատկերներով:
Մեծ մասամբ, դրենավորումն իրականացվում է տեղային անզգայացման կամ ներերակային սեդացիայի (մակերեսային քուն) պայմաններում: Հնարավոր է պունկցիայի շրջանում թույլ ցավի զգացում առաջանա: Միջամտությունը հնարավոր է իրականացնել ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում: Վարակված հեղուկ/օդ կուտակումները 80% դեպքերում բուժվում են դրենավորման միջոցով: Բարդությունների վտանգը շատ չնչին է (հազվադեպ հնարավոր է զարգանա բակտերեմիա` բակտերիայի ներթափանցում արյան մեջ, սեպտիկ շոկ, արյունազեղում):