Դիմել բժշկի

Միջզարկերակային քիմիաէմբոլիզացիա (TACE)

Ի՞նչ է միջզարկերակային քիմիաէմբոլիզացիան (TACE)


Ուռուցքները մշտապես արյան մատակարարման կարիք ունեն, որպեսզի շարունակեն աճել: Էմբոլիզացիան նվազագույն ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը խցանում՝ փակում է այն անոթը, որը սնուցում է ուռուցքը, որպեսզի արյան մատակարարումը տվյալ անոթով դեպի ուռուցք դադարի: Արդյունքում ուռուցքը սնուցում չի ստանում, սպիանում է և «մահանում»:

Քիմիաէմբոլիզացիաի երկրորդ բուժական էֆեկտը կապված է դեպի ուռուցք դեղորայքի ներարկման հետ, ինչը ուռուցքի վրա ունենում է մոտ 200 անգամ ավելի մեծ դեղաչափով հակաուռուցքային ազդեցություն, քան երակային քիմիաթերապիան: Բացի այդ, քիմիաէմբոլիզացիայի դեպքում դեղորայքից կողմնակի տոքսիկ ազդեցություն գրեթե չի առաջանում:

Օնկոլոգիայում էմբոլիզացիան կատարվում է հեղուկի, մասնիկների կամ միկրոսֆերաների կիրառմամբ: Եթե անոթը խցանելու համար կիրառվել է քիմիական դեղանյութ, ապա միջամտությունը կոչվում է քիմիաէմբոլիզացիա:

 

Ինչու՞ է կատարվում միջզարկերակային քիմիաէմբոլիզացիա


Այս միջամտությունը բուժում է լյարդի առաջնային ուռուցքները, որից ամենատարածվածը լյարդաբջջային քաղցկեղն է: Վերջինս, սովորաբար, լավ անոթավորած է, այսինքն՝ ուռուցքը սնուցում են բազմաթիվ արյունատար անոթներ: Դրանց մեծ մասը արյուն ստանում է լյարդային զարկերակից, լյարդի մյուս մասն էլ՝ դռներակից: Սա թույլ է տալիս քիմիաէմբոլիզացիայի միջոցով խցանել լյարդի զարկերակը, որպեսզի ուռուցքը սնուցում չստանա՝ առանց վնասելու լյարդի մյուս մասը:

Այլ օրգանների ուռուցքների համար կիրառվում են էմբոլիզացիայի այլ տեսակներ:

Էմբոլիզացիան կիրառվում է նաև բարորակ ուռուցքների համար: Երբեմն հնարավոր է, որ էմբոլիզացիան կիրառվի հիվանդին վիրահատության նախապատրաստելու փուլում՝ նվազեցնելու արյան հոսքը, որպեսզի վիրահատությունն ավելի անվտանգ ընթանա:

 

Ինչպե՞ս է կատարվում միջզարկերակային քիմիաէմբոլիզացիան


Միջամտությունից առաջ հիվանդը պետք է լինի անոթի: Միջամտությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացման պայմաններում, հնարավոր է հիվանդը ստանա նաև հանգստացնող դեղամիջոցներ: Միջամտությունը կատարվում է անգիոգրաֆիկ սարքի պատկերների ուղղորդմամբ: Միջամտությունը տևում է միջինում 1-2 ժամ:

 

էմբոլիզացիա

 

 

Ինտերվենցիոն ռադիոլոգը փոքր ասեղի օգնությամբ պունկցիա է կատարում ազդրի զարկերակից և այնուհետև ներմուծում է հատուկ կաթետերը զարկերակի մեջ։ Կաթետերի միջով ներմուծվում է կոնտրաստ նյութ (գունանյութ), որպեսզի ճառագայթային պատկերներում տարածքն ավելի տեսանելի դառնա: Այնուհետև, ինտերվենցիոն ռադիոլոգը միկրոկաթետերն ուղղում է ուռուցքին հնարավորին մոտ և ներմուծում էմբոլիկ մասնիկներ: Սովորաբար դրանք միկրոսֆերաներ են, որոնք 0.5 մմ-ից փոքր են, քիմիաէմբոլիզացիայի դեպքում կիրառվում են քիմիաթերապևտիկ դեղանյութի հետ համատեղ: Էմբոլիզացիայի այլ տեսակների դեպքում կիրառվում են տարբեր էմբոլիկ նյութեր:

Միջամտությունից հետո շատ հիվանդներ ունենում են ցավ և սրտխառնոց, ինչի համար նշանակվում է ցավազրկող և սրտխառնոցը կանխող դեղորայք: Հնարավոր է հիվանդը 1-2 օր անցկացնի հիվանդանոցում:

 

Ի՞նչ վտանգներ կան


Սովորաբար այս միջամտության տեխնիկական հաջողության ցուցանիշը 95%-ից բարձր է: Կլինիկական հաջողությունը (այսինքն ուռուցքի մասնակի կամ ամբողջական ոչնչացում և սպիացում) գնահատվում է 30-35%, ինչը տարբերվում է՝ կախված ուռուցքի տեղակայումից, հիվանդության աստիճանից և բնույթից:

Հնարավոր է առաջարկվի միջամտության մի քանի անգամյա կրկնություն, կամ կարիք լինի հետագայում բուժման ավելի կտրուկ եղանակներ կիրառելու, օրինակ՝ աբլացիա կամ վիրահատություն:

Միջամտության վտանգը մասնիկների պատահական հոսքն է դեպի այլ անոթներ, որտեղ կարող են արգելք առաջացնել և հանգեցնել առողջ հյուսվածքի նեկրոզի (մեռուկացում) կամ օրգանին արյան մատակարարման պակասի: Հնարավոր է պունկցիայի հատվածում արյունահոսություն, կապտուկ կամ ցավ առաջանա: Հազվադեպ հնարավոր է հիվանդի որովայնային արյունազեղում առաջանա, ինչի պարագայում կպահանջվի արյան փոխներարկում: Մեկ այլ վտանգ է հետէմբոլիզացիոն համախտանիշի զարգացումը, որն առաջացնում է տենդ, արտխառնոց և ցավ: