Դիմել բժշկի

Լապարացենտեզ

Լապարացենտեզը որովայնի խոռոչից ասցիտիկ հեղուկի էվակուացիան է:

Կատարվում է մանիպուլյացիոն սրահում: Հիվանդը՝ մեջքի պառկած կամ կիսանստած դիրքում, նախապես կատարվում է որովայնի ՈւՁ հետազոտություն: ՈւՁ պատկերներով վիզուալիզացվում է որովայնում ազատ հեղուկի տեղակայումը և ընտրվում է առավել անվտանգ պունկցիոն ուղին:

Այնուհետև կատարվում է որովայնի պատի վարակազերծում ապանեխիչ լուծույթներով:

Միջամտությունը կատարվում է տեղային ինֆիլտրատիվ անզգայացման ներքո. հաջորդաբար անզգայացվում է մաշկ, ենթամաշկ, մականային շերտ, որովայնամիզ: Անզգայացման փուլից հետո ՈւՁ հսկողության ներքո պունկցիոն եղանակով հատուկ կաթետեր է տեղակայվում ասցիտիկ հեղուկի մեջ՝ այն դուրս բերելու նպատակով: 

laparacentesis
 

Թույլատրելի միանվագ չափաբաժին է համարվում 3-7 լիտր հեղուկի էվակուացիան:

Միջամտության ընթացքում հիվանդը ստանում է ներերակային ինֆուզիա կրիստալոիդ լուծույթներով, ինչը թույլ է արյան շրջանառությունում հեղուկի ավելցուկը ապահովել և խուսափել հեղուկի էվակուացիայի ընթացքում կոլապտոիդ վիճակներից: Հաճախ արյան պլազմայի դեֆիցիտը լրացնելու նպատակով ներերակային եղանակով ներարկվում է ալբումին: Միջամտության տևողությունը 5-10 րոպե է, կախված էվակուացվող հեղուկի քանակից՝ հիվանդը մանիպուլյացիոն սրահում կարող է անցկացնել 20-40 րոպե:

Միջամտությունը չի ուղեկցվում ցավերով, և հեղուկի դատարկման հետ մեկտեղ հիվանդն անմիջապես զգում է ընդհանուր թեթևացում, շնչառության լավացում, և հանգիստ կարողանում է պառկել մեջքի վրա:

Այն պարագայում, երբ հեղուկի քանակը որովայնում գերազանցում է 7 լիտրը, հեղուկի էվակուացիան կազմակերպվում է 3 օր ընդմիջմամբ մի քանի փուլերով կամ որովայնի խոռոչում միևնույն կերպով տեղադրվում է հարմարավետ դրենաժային խողովակ, որն ամրացվում է մաշկին կարով, իսկ դրենաժը փակվում է հատուկ պտուտակով: Այնուհետև, ըստ բժշկի ցուցման՝ հիվանդը տնային պայմաններում օրական 1 անգամ բացում է դրենաժը և այն ամրացնում ընդունիչին՝ դատարկելով շուրջ 1-2 լ հեղուկ:

Դրենաժային խողովակ տեղադրվում է նաև այն դեպքերում, երբ առաջին լապարացենտեզից հետո հեղուկի քանակն արագորեն վերականգնվում է որովայնի խոռոչում մոտավորապես 1 շաբաթվա ընթացքում: