Դիմել բժշկի

Լեղապարկի կրիոաբլացիան որպես խոլեցիստիտի մինիմալ ինվազիվ բուժում

2019-04-15

ԱՄՆ-ում լեղապարկի քարային հիվանդություններն ախտահարում են շուրջ 20 միլիոն բնակչության, և տարեկան ավելի քան 300.000 խոլեցիստոստոմիա է կատարվում: Դժբախտաբար, մեծահասակների պարագայում միջամտության բարդությունների ցուցանիշը 31% է կազմում: Դա ստեղծում է պերկուտան խոլեցիստոստոմիայի անհրաժեշտություն: Այնուամենայնիվ, վերջինս նույնպես անթերի լուծում չէ, քանի որ խողովակի հեռացումից հետո քարային խոլեցիստիտի ախտադարձի հավանականությունը 46% է:

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի միության ամենամյա կոնֆերանսի ընթացքում Հյու ՄաքԳրեգորը, Արիզոնայի համալսարանից, ներկայացրեց լեղապարկի կրիոաբլացիայի արդյունավետության իրենց հետազոտությունը: Նա և համահեղինակները նշում են, որ կրիոաբլացիան վիրահատության ոչ ենթակա հիվանդների համար երկարատև խոլեցիստոստոմիայի խոստումնալից այլընտրանք է:

Խոզերի մոդելներում նախակլինիկական փորձարկման հաջողությունից հետո նրանք հանձն են առել առաջին անգամ հետազոտել միջամտության արդյունավետությունը մարդկանց պարագայում:

Առաջին հիվանդը 71-ամյա տղամարդ է՝ ճարպակալմամբ, քրոնիկ խցանող թոքային հիվանդությամբ, դիաբետով և սրտի իշեմիկ հիվանդությամբ: Ընդունվել է կլինիկա սուր լեղաքարային խոլեցիստիտով, կատարվել է ԿՏ ուղղորդմամբ խոլեցիտոստոմիա:

Հիվանդանոցից դուրս գրվելուց 24 օր անց ինտերվենցիոն ռադիոլոգիայի թիմը կատարել է ԿՏ ուղղորդմամբ լեղապարկի կրիոաբլացիա: Միջամտությունը հաջողությամբ կատարվել է PCS-24 երեք էլեկտրոդներով, ԿՏ ուղղորդման պայմաններում:

 

Կրիոբլացիա, cryoprobes

 

Երկու 19-gauge Yueh ասեղների միջմաշկային ներմուծմամբ կատարվել է միջաձիգ և 12-մատնյա աղիների հիդրոդիսսեկցիա: 10-8-10 ր. սառեցում-հալեցում ցիկլով, ընդհատվող ԿՏ-ի կիրառմամբ հաջողվել է աբլացիայի ենթարկել լեղապարկը և հասնել 5մմ աբլացիոն գոտու: Միջամտությունից անմիջապես հետո հեռացվել է խոլեցիստոստոմը: Հիվանդը դուրս է գրվել միջամտության հաջորդ օրը՝ մոքսիֆլոկացինի 10 օրյա նշանակմամբ:

Միջամտության հաջորդ օրը լաբորատոր հետազոտության արդյունքներում չնչին բարձր էր ալկալին ֆոսֆատազի մակարդակը (167IU/L), որը կարգավորվել է երեք ամսվա ընթացքում: Միջամտության 28 –րդ օրը կոնտրաստ ուժգնացմամբ ՄՌՏ պատկերներով գնահատվել է. լեղապարկի պատը հաստ՝ լուսանցքի պահպանմամբ, ընդհանուր լեղածորանը բաց, առանց պարկային ծորանի լցման: 3-րդ ամսվա դինամիկ հսկողության ՄՌՏ պատկերներով հայտնաբերվել է լեղապարկի մասնակի կոլապս՝ շարունակական բորբոքման և ֆիբրոզի կանխավարկածով: 6-ամսյա դինամիկ հսկողության ՄՌՏ պատկերներով հայտնաբերվել է լեղապարկի շարունակվող կրճատում (ինվոլյուցիա), սպիացում: Հիվանդի մոտ դինամիկ հսկողության ողջ ընթացքում ախտանիշներ չեն դրսևորվել:

ՄաքԳրեգորի խոսքերով իրենց թիմը կատարել է հինգ հիվանդի կրիոաբլացիա, և ընդհանուր առմամբ արդյունքները խոստումնալից են:

 

 

 

Կարդացեք նաև կլինիկական դեպքեր՝

ՆԵՐԼՅԱՐԴԱՅԻՆ ԼԵՂԱԾՈՐԱՆՆԵՐԻ ՄԻՋՄԱՇԿԱՅԻՆ ՄԻՋԼՅԱՐԴԱՅԻՆ ԽՈԼԱՆԳԻՈՍՏՈՄԻԱ

ԼՅԱՐԴԻ ԲԻԼՈՄԱՅԻ ՄԻՋՄԱՇԿԱՅԻՆ ԴՐԵՆԱՎՈՐՈՒՄ