Դիմել բժշկի

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիաներ

Ինտերվենցիոն ռադիոլոգիան գործնական աշխատանքը սկսել է 2013 թ-ից, երբ առաջին անգամ սկսվեցին իրագործվել նվազագույն ինվազիվ միջամտություններ` ճառագայթային ախտորոշման սարքավորումների հսկողության ներքո: Առաջին միջամտություններից էին մեխանիկական դեղնուկի ժամանակ լեղապարկի միջմաշկային դրենավորումը (Percutaneouse Drainage), ներլյարդային և արտալյարդային լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորումները (PTBD), որովայնի խոռոչի պարենխիմատոզ օրգանների (լյարդ, երիկամ) ինչպես նաև արտաօրգանային ուռուցքային ախտահարումների ասեղային, տրեպանացիոն բիոպսիան ՈՒՁՀ հսկողության ներքո, հետվիրահատական բարդությունների ժամանակ առաջացած աբսցեսի (թարախակույտ) միջմաշկային դրենավորող միջամտությունները:

  

 

2014 թ-ից կատարվեցին միջամտություններ hամակարգչային տոմոգրաֆիայի պատկերների հսկողության պայմաններում, այդ թվում՝ դժվարահասանելի տեղակայման աբսցեսների դրենավորումներ, թոքի ուռուցքային օջախներից տրանսթորակալ ասեղային բիոպսիա ՀՏ հսկողության ներքո, լեղուղիների անտեգրադ նիտինոլային ստենտավորում՝ բիլիար համակարգի չարորակ նորագոյացություններով ախտահարման ժամանակ:

2014 թ.-ին կատարվեց նաև ինտերվենցիոն օնկոլոգիական առաջին էնդովասկուլյար բուժական միջամտությունը Հայաստանում՝ լյարդաբջջային քաղցկեղով հիվանդի միջզարկերակային քիմիաէմբոլիզացիա (TACE):

 

  

 

2015 թ.- ին միջամտությունների ցանկն ընդլայնվեց ենթաստամոքսային գեղձի բարորակ և չարորակ բնույթի հիվանդությունների ժամանակ կիրառվող մի շարք միջամտություններով.

  • ենթաստամոքսային գեղձի օջախային ախտահարումներից ասեղային տրեպանացիոն բիոպսիաներ ՀՏ և ՈՒՁՀ հսկողության ներքո,
  • ծանր պանկրեատիտների՝ պանկրեոնեկրոզի ժամանակ նվազագույն ինվազիվ դրենավորող միջամտություններ ՈՒՁՀ և ՀՏ հսկողության ներքո,
  • ենթաստամոքսային գեղձի պսևդոկիստայի միջմաշկային տրանսգաստրալ ցիստոգաստրոստոմիա, լյարդի էխինակոկային բշտի միջմաշկային դրենավորում (էխինակոկի նվազագույն ինվազիվ PAIR բուժման մեթոդ),
  • էթանոլի միջմաշկային ներարկում լյարդաբջջային (հեպատոցելյուլյար) քաղցկեղի դեպքում (PEI percutaneous ethanol injection)

Էնդովասկուլյար միջամտություններից առաջին անգամ կիրառվեցին՝

  • արգանդի միոմատոզ հանգույցների էմբոլիզացիան,
  • լյարդի հեմանգիոմայի էմբոլիզացիան,
  • դռներակի էմբոլիզացիա (պորտոէմբոլիզացիա):

 

chemoembolization    chemoembolization

 

2016 թ.-ին միջամտությունների ցանկն ընդլայնվեց ուռուցքային օջախների բուժման մեջ ռադիոհաճախական աբլացիայի (ՌՀԱ) տեխնիկայի ներդրմամբ: Կատարվեցին լյարդի մետաստատիկ ախտահարումների միջմաշկային ռադիոհաճախական աբլացիա ՀՏ և ՈՒՁՀ (հիբրիդ) հսկողության ներքո, շագանակագեղձի բարորակ ադենոմաների էնդովասկուլյար էմբոլիզացիա: Կիրառության մեջ մտավ ներանոթային (էնդովասկուլյար) էմբոլիզացիան սուր արյունահոսությունների ժամանակ:

IRG-ը, կազմակերպելով բարձր մակարդակի ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջամտություններ, նպաստում է բժշկության տվյալ ոլորտի զրգացմանը Հայաստանում։ Այսօր ողջ աշխարհում ինտերվենցիոն ռադիոլոգիան մեծ զարգացում է ապրում, գրեթե ամեն տարի ի հայտ են գալիս ինտերվենցիոն ռադիոլոգիայի նորագույն միջամտություններ, որոնք բարձրացնում են տարաբնույթ հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը։ IRG-ը համագործակցում է օտարեկրյա առաջատար ինտերվենցիոն ռադիոլոգների հետ, և հանդիսանում է CIRSE -ի (Անոթային և ինտերվենցիոն ռադիոլոգիայի եվրոպական միություն) լիիրավ անդամ։