Դիմել բժշկի

ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՌԱԴԻՈԼՈԳԻԱ

ԻՌ նշանակում է նվազագույն վտանգ, նվազագույն ցավ և հոսպիտալացման նվազագույն ժամկետներ...

Բժշկության ոլորտը մշտապես փոփոխվում է, և վերջին 40 տարվա ժամանակահատվածում բժշկական նորարարությունների և զարգացման գլխավոր պատասխանատուն ինտերվենցիոն ռադիոլոգներն են, ովքեր իրականացնում են նվազագույն ինվազիվ միջամտություններ: Ինտերվենցիոն ռադիոլոգիան (կրճատ ԻՌ կամ ՎԻՌ՝ վասկուլյար (անոթային) ինտերվենցիոն ռադիոլոգիա, նաև հայտնի է որպես ռենտգեն վիրաբուժություն) առանձին բժշկական մասնագիտություն է (ճյուղ), որը մինչ վերջերս համարվում էր ախտորոշիչ ռադիոլոգիայի ենթաբաժին: ԻՌ կամ ՎԻՌ-ն իրականացնում է մինիմալ ինվազիվ միջամտություններ՝ ճառագայթային ախտորոշման պատկերների հսկողության ներքո` ախտորոշելով և բուժելով բազմաբնույթ հիվանդություններ գրեթե բոլոր օրգան-համակարգերում: Ինտերվենցիոն ռադիոլոգիան, գործադրելով մինիմալ ագրեսիա օրգանիզմի վրա, թույլ է տալիս հասնել ախտորոշիչ և բուժական լուրջ արդյունքների:

Charles Dotter
Ինտերվենցիոն ռադիոլոգիայի հիմնադիրը բժիշկ Չարլս Դոթթերն է, ով հայտնագործեց անգիոպլաստիկան և ստենտավորումը: 1964 թվականի հունվարի 16-ին նա առաջին անգամ կատարեց ազդրային զարկերակի ստենոզի բալունային լայնացում: Նա նաև զարգացրեց լյարդի բիոպսիայի մեթոդը: Որպես անգիոպլաստիկայի և ներանոթային ստենտավորման հայտնագործողներ՝ ինտերվենցիոն ռադիոլոգները ստեղծեցին ժամանակակից մինիմալ ինվազիվ բժշկություն:
 

Աշխատանքի մեջ օգտագործելով ռենտգենոսկոպիկ, ուլտրաձայնային հետազոտություն ՈւՁՀ, համակարգչային շերտագրում ՀՇ ,մագնիսառեզոնանսային շերտագրություն ՄՌՇ,  անգիոգրաֆ սարքավորումներ և ստանալով բարձրակարգ պատկերներ՝ ինտերվենցիոն ռադիոլոգը հնարավորություն է ստանում նշանակետորեն ուղղորդել համապատասխան գործիքները (ասեղ, կաթետեր, դրենաժ և այլն) մարմնի տարբեր հատվածներ՝ չկատարելով մեծ կտրվածքներ, ինչպես ավանդական վիրաբուժությունում:

Այսօր տարբեր օրգան համակարգերի հիվանդություններ ախտորոշվում և բուժվում են ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիաների միջոցով՝ այդպիսով շրջանցելով ավանդական վիրաբուժական մոտեցումները, ապահովելով առավել ճշգրիտ ախտորոշիչ և լավագույն բուժական արդյունքներ, կրճատելով հիվանդների հոսպիտալիզացիայի ժամկետները, ինչպես նաև նվազագույնի հասցնելով հետվիրահատական բարդությունների ռիսկը (վարակներ, թարախակալում, կարերի անբավարարություն և այլն):