bool(true)
Թոքի քաղցկեղ նշանակում է թոքային հյուսվածքում բջիջների անվերահսկելի աճ: Թոքի քաղցկեղի վտանգի առաջնային գործոնը ծխախոտի ծխի ազդեցության ենթարկվելն է, թոքի քաղցկեղի 80-90% դեպքերում պատճառը ծխելն է:
Քաղցկեղի առաջացման այլ պատճառներ են գենետիկ գործոնը, ասբեստի ազդեցության ենթարկվելը և օդի աղտոտվածությունը:
Ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղը հիվանդացության տարածվածությամբ գրավում է առաջին տեղը բոլոր տեսակի քաղցկեղով հիվանդների շրջանում: Եթե քաղցկեղն առաջացել է թոքում, ապա այն կոչվում է թոքի առաջնային քաղցկեղ: Թոքում հաճախ քաղկեղային օջախներ հայտնաբերվում են այլ օրգաններում առաջացած առաջնային քաղցկեղի տարածման հետևանքով, որը կոչվում է թոքի մետաստատիկ ախտահարում (մետաստազ)::
Թոքի քաղցկեղն ունի բազմաթիվ ախտանիշներ, ներառյալ՝ հազ, խզզոցներ և շնչարգելություն, ինչպես նաև արյունային հազ, հատկապես՝ ծխողների պարագայում: Հնարավոր է առաջանա քաշի կորուստ, տենդ, հոգնածություն և մատների ու եղունգների դեֆորմացիա:
Ուռուցքին մոտ տեաղկայված կառույցները հնարավոր է ճնշվեն ուռուցքի կողմից, ուռուցքը հնարավոր է ներաճի վերջիններիս մեջ (ուռուցքային ինվազիա), ինչը իր հերթին կառաջացնի հավելյալ ախտանիշներ, օրինակ՝ կրծքավանդակի ցավ (երբ ուռուցքը հարում է կրծքավանդակի պատին), ձայնի խռպոտություն (երբ ուռուցքը ճնշում է ձայնալարերը), դեմքի և պարանոցի այտուցվածություն (երբ ուռուցքը ճնշում է արյունատար անոթները, որոնք ապահովում են արյան հետհոսքը դեպի սիրտ):
Գոյություն ունեն թոքի քաղցկեղի ախտորոշման տարբեր հետազոտություններ: Հաճախ առաջին քայլը կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն է, իսկ ՀՇ հետազոտության մեթոդը կիրառվում է քաղցկեղի տեսակի, տեղակայման և հիվանդության փուլի մասին մանրամասներ պարզելու նպատակով:
Անհրաժեշտ է կատարել բիոպսիա՝ ուռուցքից նմուշային հյուսվածք վերցնելու և հետազոտելու նպատակով: Բիոպսիան կարելի է կատարել բրոնխոսկոպիայով, երբ բերանով կամ քթով և շնչափողով հատուկ էնդոսկոպիկ խողովակ (բրոնխոսկոպ) է ներմուծվում թոք, և ուռուցքից փոքրիկ նմուշ է վերցվում: Բրոնխոսկոպիայով բիոպսիան կատարվում է թոքի կենտրոնական քաղցկեղի ախտորոշման դեպքում:
Թոքի ծայրամասային տեղակայման քաղցկեղից բիոպսիա իրականացվում է ԻՌ տեխնոլոգիայի միջոցով: Կատարվում է տրանսթորակալ ասեղային բիոպսիա: Այս միջամտության ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը պատկերային (սովորաբար՝ ՀՇ, երբեմն՝ ՈՒՁՀ) հսկողության պայմաններում ասեղը միջմաշկային եղանակով ներմուծում է այն հատված, որտեղից անհրաժեշտ է վերցնել նմուշ:
Եթե քաղցկեղը տեղակայված է թոքի ամենածայրին և բժիշկը ենթադրում է, որ այն կարող է ներխուժած լինել պարանոցի և կրծքավանդակի նյարդային ցանց (պարանոցային կամ բազկային հյուսակ) կամ անոթային համակարգ, նշանակվում է ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրում, МРТ) հետազոտություն:
Հետազոտության մեկ այլ մեթոդ է պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (PET CT), որի ժամանակ փոքր քանակությամբ իզոտոպային ինդիկատոր է ներարկվում, որն արյունատար անոթներով տարածվում է օրգաններ և հյուսվածքներ և թույլ է տալիս ավելի պարզ տեսնել հետազոտվող հատվածները:
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է քաղցկեղին բնորոշ առանձնահատկություններից, ներառյալ՝ բջջի տեսակը, տեղակայումը, մետաստազների առկայությունը և պացիենտի սրտի և շնչառական համակարգի ընդհանուր վիճակը:
Վիրահատությունը համարվում է գլխավոր բուժական միջոց: Եթե պացիենտին հակացուցված է վիրահատություն, իսկ քաղցեղը սահմանափակվում է թոքով, մեծ դեր է խաղում ինտերվենցիոն ռադիոլոգիայի պատկերային հսկողությամբ աբլացիայի մեթոդը:
Այս միջամտության ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը պատկերային հսկողության պայմաններում ներմուծում է ասեղն ուռուցքի մեջ: Այնուհետև հաղորդվում է համապատասխան էներգիան (ռադիոհաճախական աբլացիայի դեպքում՝ ռադիոհաճախական ալիքներ, միկրոալիքային աբլացիայի դեպքում՝ միկրոալիքային ջերմություն, կրիոաբլացիայի դեպքում՝ սառեցնող գազ), որը ոչնչացնում է ուռուցքը:
Թոքի մանրաբջջային քաղցկեղի կամ անբուժելի քաղցկեղի պարագայում հիվանդի կյանքի տևողությունն ու որակը բարելավելու համար կիրառվում է քիմիաթերապիա և ռադիոթերապիա (որի ժամանակ բարձր էներգիայի ռենտգենային ճառագայթներ են ուղղվում քաղցկեղի հատված):
նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am