bool(true)
Շագանակագեղձի գերաճը՝ մեծացումը, տարածված խնդիր է 50-ն անց տղամարդկանց շրջանում: Շագանակագեղձն սկսում է աճել 25 տարեկանից հետո: Մեծացմանը զուգընթաց այն սկսում է ճնշում գործադրել միզապարկի և միզուկի վրա՝ խցանելով մեզի հոսքը և առաջացնելով անհարմարության զգացում:
Շագանակագեղձի հիպերտրոֆիան զուգակցվում է ստորին միզուղիների ախտանիշներով, օրինակ՝ մեզի հոսքի տատանում, դադարում կամ թուլացում և միզապարկը դատարկելու շտապ պահանջ: Այլ ախտանիշները ներառում են՝ միզելուց հետո մեզի հոսքի թուլացում, միզապարկի ոչ ամբողջական դատարկվելու զգացում և հաճախակի միզում, հատկապես՝ գիշերային ժամերին:
Դիտվում են նաև ախտանիշներ՝ կապված մեզի մեջ բակտերիայի առկայության հետ, որը, պահպանվելով միզապարկում, առաջացնում է միզապարկի հաճախակի բորբոքումներ և հանգեցնում է միզաքարերի առաջացման: Ավելի բարդ դեպքերում շագանակագեղձի հիպերտրոֆիան կարող է հանգեցնել մեզի ռետենցիայի՝ միզակապության (երբ միզարձակում տեղի չի ունենում) և երիկամային անբավարարության, թեպետ սա շատ հազվադեպ է հանդիպում:
Նախնական հետազոտության ժամանակ բժիշկը կազմում է հիվանդության պատմություն՝ հատկապես ուշադրություն հատկացնելով միզուղիների խնդիրներին: Կատարվում է ուղիղ աղիքի (ռեկտալ) մատնային հետազոտություն և արյան և մեզի ընդհանուր քննություն:
Շագանակեղձի կառուցվածքը գնահատելու և չափերը պարզելու նպատակով կատարվում է որովայնային կամ ռեկտալ (ուղիղ աղիքի) ուլտրաձայնային հետազոտություն՝ ՈՒՁՀ: Այն նաև կիրառվում է միզելուց հետո մնացորդային մեզի ծավալը հաշվարկելու նպատակով:
Շագանակագեղձի հիպերտրոֆիայի դեպքում պահպանողական բուժումը ներառում է ապրելակերպի փոփոխություն, այսինքն՝ սթրեսի նվազեցում և խուսափում երեկոյան ժամերին հեղուկի ընդունումից: Կան նաև դեղորայքային միջոցներ, որոնք օգնում են մեղմելու միզուղիների ախտանիշները:
Եթե պահպանողական բուժումը չի օգնում ախտանիշների մեղմացմանը, ուրոլոգների կողմից առաջարկվում է շագանակագեղձի տրանսուրետերալ մասնահատում՝ ՏՈՒՌ միջամտությունը: Վերջինս շագանակագեղձի մի մասի հեռացումն է միզուկի միջով: Այս մեթոդը լայնորեն կիրառվում է այն հիվանդների համար, ում պարագայում պահպանողական բուժումն անարդյունավետ է: Վիրահատական բուժման բարդությունները ներառում են միզուղիների բորբոքում, վիրահատած հատվածի նեղացում, հետվիրահատական ցավ, անմիզապահություն, սեռական դիսֆունկցիա և արյունահոսություն: Վտանգները ներառում են նաև ընդհանուր անզգայացման (անէսթեզիայի) հետ կապված բարդություններ:
Այլընտրանքային մինիմալ ինվազիվ բուժական մեթոդ է շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիան, որը կիրառվում է շագանակագեղձի գերաճի բուժման նպատակով՝ ապահովելով հուսալի արդյունքներ: Այս միջամտությունը կատարվում է շագանակագեղձի գերաճի գրեթե բոլոր դեպքերում և օժտված է բարձր էֆեկտիվությամբ և նվազագույն կողմնակի ազդեցությամբ:
Շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիան իրականացվում է տեղային ազգայացման պայմաններում: Միջամտության ընթացքում ինտերվենցիոն ռադիոլոգը կաթետեր է ներմուծում հիվանդի ազդրային (ֆեմորալ) զարկերակ, այնուհետև, անգիոգրաֆիկ հսկողության պայմաններում այն ուղղում է դեպի շագանակագեղձը սնուցող զարկերակները և այնտեղ ներարկում է միկրոսգնդիկներ՝ զարկերակն արգելափակելու նպատակով: Սա նպաստում է շագանակագեղձի չափերի փոքրացմանը: Միջամտության հաջող ընթացքը և արդյունքը հաստատվում է միջամտությունից հետո պատկերային հետազոտության միջոցով: Միջամտությունը կատարվում է ամբուլատոր պայմաններում և հիվանդն անմիջապես կարող է վերադառնալ իր բնականոն գործունեությանը:
նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am