bool(true) Լյարդի քաղցկեղ, բուժման նորագույն մեթոդներ
Դիմել բժշկի

Լյարդի քաղցկեղ

Ի՞նչ է լյարդի քաղցկեղը

 

Լյարդի քաղցկեղը լյարդի ներսում կամ դրա մակերեսին բջիջների անվերահսկելի բազմացումն է: Աշխարհում ըստ տարածվածության, լյարդի քաղցկեղը երրորդ տեղում է: Լյարդի առաջնային քաղցկեղ նշանակում է ուռուցք, որը սկիզբ է առնում լյարդում:

Լյարդի առաջնային քաղցկեղի տեսակներից ամենատարածվածը լյարդաբջջային (հեպատոցելուլար) քաղցկեղն է (HCC): Լյարդաբջջային քաղցկեղի զարգացման վտանգը մեծ է հատկապես այն հիվանդների դեպքում, ովքեր ունեն լյարդի քրոնիկ հիվանդություն (օրինակ՝ քրոնիկ հեպատիտ B կամ C՝ ալկոհոլի չարաշահման կամ լյարդի ճարպային հեպատոզի արդյունքում): Լյարդի ցիռոզի պարագայում լյարդաբջջային քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է մոտ 100 անգամ:
 


Լյարդում կարող են ուռուցքային օջախներ առաջանալ այլ օրգաններում առաջացած քաղցկեղի տարածման պատճառով (օրինակ՝ թոք , ստամոքս, աղիք և այլն): Այս պարագայում լյարդում առաջացած ուռուցքային օջախը չի համարվում լյարդի առաջնային ուռուցք, այդ ախտահարումը կոչվում է երկրորդային ախտահարում կամ մետաստազ (mts):

 

Լյարդի քաղցկեղի ախտանիշները

Սովորաբար լյարդի ուռուցքները ասիմպտոմ են (այսինքն՝ հիվանդին անհանգստություն չեն պատճառում): Ուռուցքը հայտնաբերվում է պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակ: Լյարդի քաղցկեղը կարող է դրսևորվել ախտանիշներով՝ կախված ուռուցքային օջախի տեղակայումից և չափից: Տարածված ախտանիշներն են` թուլություն, հոգնածություն, քաշի և ախորժակի կորուստ: Հնարավոր ախտանիշներից են նաև տենդը, գիշերային քրտնարտադրությունը և հազվադեպ՝ որովայնային ցավը:

Լյարդի քրոնիկ հիվանդությամբ պացիենտների պարագայում սովորաբար առաջանում են ցիռոզի խորացման ախտանշաններ, ինչպես օրինակ՝ դեղնուկ (մաշկի և աչքերի դեղին գունավորում), քոր, փայծաղի մեծացում, քաշի կտրուկ նվազում և թուլություն, ինչպես նաև արյունահոսություն ստամոքսից կամ կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից: Այս տեսակ արյունահոսությունը համարվում է կյանքին վտանգ սպառնացող վիճակ, որի պարագայում անմիջապես պետք է դիմել բժշկի:

 

Լյարդի քաղցկեղի ախտորոշումը

Լյարդի քաղցկեղի ախտորոշման և փուլը (ստադիա) որոշելու համար կիրառվում են գործիքային հետազոտության զանազան մեթոդներ՝ ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) :

Մեծ մասամբ, քաղցկեղի հստակ տեսակը որոշելու և ագրեսիվությունը գնահատելու համար պահանջվում է կատարել բիոպսիա: Բիոպսիան կատարվում է նվազագույն ինվազիվ եղանակով: Ինտերվենցիոն ռադիոլոգը լյարդի օջախից նմուշ ստանալու նպատակով միջմաշկային եղանակով ներմուծում է ասեղը լյարդի օջախի մեջ և վերցնում հյուսվածքի կտոր:

Ախտորոշումը ներառում է նաև պատկերային տեխնիկաների կիրառում և արյան քննություն՝ ուռուցքային մարկերների հայտնաբերման նպատակով:

 

Լյարդի քաղցկեղի բուժումը

Լյարդի քաղցկեղի բուժման հարցում առանցքային դեր ունեն տարբեր ծավալի ավանդական վիրահատական միջամտությունները: Վիրահատություն կատարվում է լյադի ուռուցքը հեռացնելու նպատաով, և երբեմն ուռուցքը հեռացվում է լյադից մի որոշ հատվածի ներառմամբ: Լյարդաբջջային քաղցկեղի պարագայում արմատական բուժման նպատակով երբեմն կատարվում է լյարդի փոխպատվաստում: Այնուամենայնիվ, այսպիսի բուժումը հիվանդների մեծ մասին հակացուցվում է տարատեսակ պատճառներով:

Լյարդի ուռուցքի բուժման նպատակով հաճախ կիրառվում են  ինտերվենցիոն ռադիոլոգիայի  տեխնոլոգիաներ: Ինտերվենցիոն այլընտրանքային տարբերակներից է միջմաշկային  աբլացիայի մեթոդը, երբ պատկերային հսկողության ուղղորդմամբ ինտրեվենցիոն ռադիոլոգը ներմուծում է հատուկ ասեղն անմիջապես լյարդի ուռուցքի մեջ, և նրան հաղորդում է բարձր ջերմություն, որը ոչնչացնում է ուռուցքը:

Ջերմային աբլացիայի տեխնոլոգիաները ներառում են՝ ռադիոհաճախական աբլացիա՝ ՌՀԱ (որն օգտագործում է ռադիոհաճախական ալիքներ), միկրոալիքային աբլացիա՝ ՄԱԱ (օգտագործում է միկրոալիքային ջերմություն), կրիոաբլացիա (որի դեպքում օգտագործվում է գազ՝ հյուսվածքը սառեցնելու համար), էլեկտրապորացիա (օգտագործում է հզոր էլեկտրական դաշտ՝ բարձր լարման հոսանք):

Որոշ դեպքերում լյարդի քաղցկեղն ունենում է իրեն կապակցված մեծ թվով արյունատար անոթներ: Սա մեծացնում է արյունահոսության վտանգը՝ դժվարացնելով ուռուցքի հեռացումը: Այսպիսի ուռուցքների դեպքում նպատակահարմար է կիրառել ուռուցքի միջզարկերակային քիմաէմբոլիզացիայի (TACE) մեթոդը: Ինտերվենցիոն ռադիոլոգը քաղցկեղը ոչնչացնող դեղանյութը մեծ չափաբաժնով ներմուծում է անմիջապես ուռուցքի մեջ:

Մեկ այլ տարբերակ է ռադիոէմբոլիզացիան, որը քիմիաէմբոլիզացիայի նման տեխնոլոգիա է, բայց այս դեպքում ուռուցքի մեջ ներմուծվում են ռադիոակտիվ միկրոգնդիկներ, ինչը թիրախային մոտեցում է և ոչնչացնում է ուռուցքը կամ դանդաղեցնում է նրա աճը: Այս երկու մեթոդներն էլ ուղղված են հիվանդի կյանքի որակի բարելավմանն ու կյանքի տևողության երկարացմանը:


 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am