Դիմել բժշկի

Կոնքի կանգային համախտանիշ

Ի՞նչ է կոնքի կանգային համախտանիշը

 

Կոնքի քրոնիկ ցավը կանանց շրջանում տարածված խնդիր է և ունի մի շարք պատճառներ: Վերջին տարիներին հայտնաբերված պատճառներից մեկը կոնքի կանգային համախտանիշն է: Այս վիճակն առաջանում է կոնքի և ձվարանների վարիկոզ երակների պատճառով, որի ժամանակ արյունը լճանում է երակներում և վնասում է շրջակա նյարդերը՝ առաջացնելով ցավ արգանդում, ձվարաններում և իգական արտաքին սեռական օրգաններում (վուլվա):
 

Կոնքի կանգային համախտանիշը սովորաբար առաջանում է 20-50 տարեկան կանանց մոտ, և տարածված չէ այն կանանց շրջանում, ովքեր երբեք հղիություն չեն ունեցել:


 

Ախտանիշները

 

Գլխավոր ախտանիշը կոնքում և մեջքի ստորին շրջանում առաջացած ցավն է, որը շարունակվում է 6 ամսից ավելի: Ցավը սովորաբար ուժգնանում է դաշտանի ընթացքում, կանգնած դիրքում, օրվա վերջին, սեռական ակտից հետո և հղիության ընթացքում:

Հիվանդների մոտ կարող է նաև դիտվել միզապարկի գրգռում, դաշտանային անբնական արյունահոսություն և հեշտոցային արտադրություն: Վարիկոզ երակներ կարող են լինել արտաքին սեռական օրգանների, հետույքի և ազդրերի վրա: Այլ ախտանիշները ներառում են էներգիայի պակաս, դեպրեսիա, դիսկոմֆորտ ուղիղ աղիքում և մեջքի ստորին շրջանի քրոնիկ ցավ:




 

Կոնքի կանգային համախտանիշի ախտորոշումը

 

Եթե կինն ունի կոնքի քրոնիկական ցավ և այլ տեսակի խանգարումները բացառվել են, ապա հնարավոր պատճառը կոնքի կանգային համախտանիշն է: Բժիշկն օգտագործում է կոնքի կամ միջհեշտոցային (տրանսվագինալ) ուլտրաձայնային հետազոտություն ախտորոշումը հաստատելու համար, և դոպլեր հետազոտություն՝ հիվանդի երակային արյան հոսքի վերաբերյալ տեղեկություն ձեռք բերելու համար:

Պառկած դիրքում երակների լայնացումն ավելի քիչ ակնհայտ է դառնում, այդ պատճառով կոնքի օրգանների պրոֆիլակտիկ հետազոտության ընթացքում այս ախտորոշումը հեշտությամբ կարող է աննկատ մնալ: Կանգնած դիրքում ՈՒՁՀ անցկացնելն ավելի տեղեկատվական է, քանի որ այն թույլ կտա հայտնաբերել կոնքի լայնացած երակները:

ՄՌ (մագնիսառեզոնանսային) վենոգրաֆիան, որը պատկերում է երակային ողջ անատոմիան, կոնքի կանգային համախտանիշն ախտորոշելու և աստիճանը որոշելու լավագույն ոչ ինվազիվ մեթոդն է:

Կոնքի վենոգրաֆիան ախտորոշման ամենաճշգրիտ մեթոդն է: Այս միջամտության ժամանակ իներվենցիոն ռադիոլոգը, անգիոգրաֆի հսկողության պայմաններում, կաթետեր է ներմուծում ազդրային (ֆեմորալ) երակ, ուղղում է այն դեպի լայնացած երակները և ներարկում է կոնտրաստ նյութ, որպեսզի ռենտգենային պատկերներում երակներն ավելի պարզ տեսանելի լինեն:

 

Կոնքի կանգային համախտանիշի բուժումը

 

Կոնքի կանգային համախտանիշի առաջացրած ցավերի համար բժիշկը նշանակում է ցավազրկող դեղորայք: Հորմոնային դեղամիջոցները նույպես նպաստում են ախտանիշների մեղմացմանը:

Այս մոտեցումների անարդյունավետության դեպքում այն կարելի է բուժել մինիմալ ինվազիվ տեխոլոգիայով՝ էմբոլիզացիայի մեթոդով: Ինտերվենցիոն ռադիոլոգը նախ իրականացնում է կոնքի վենոգրաֆիա, ինչպես նշված էր վերում, այնուհետև վարիկոզ երակներում ներարկում է ներանոթային պարույրներ, որպեսզի երակները փակվեն: Երակների մեջ նաև ներարկվում են որոշակի քիմիկատներ՝ սկլերոտիկ ագենտներ:Միջամտությունը չի պահանջում ընդհանուր անզգայացում և իարականցվում է ամբուլատոր պայմաններում: Միջամտությունից անմիջապես հետո հիվանդը վերսկսում է բնականոն գործունեությունը:

Հնարավոր է վիրահատական եղանակի, օրինակ՝ հիստերէկետոմիայի կամ երակների հեռացման անրաժեշտություն առաջանա, սակայն սա շատ հազվադեպ է:

 

 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am