bool(true) Հանգուցավոր խպիպ (զոբ), ախտանիշները, բուժման ժամանակակից մեթոդները
Դիմել բժշկի

Հանգուցավոր խպիպ (զոբ)

հանգուցավոր խպիպ /զոբ/

 

Վահանաձև գեղձի հանգույցները կարծր (սոլիդ) կամ հեղուկով լցված գոյացություններ են, որոնք ձևավորվում են վահանաձև գեղձի ներսում: Վերջինս փոքր գեղձ է՝ տեղակայված պարանոցի հիմքում՝ կրծոսկրի անմիջապես վերևում:

Վահանաձև գեղձի հանգույցների մեծ մասը լուրջ խնդիր չէ և ախտանիշներ չի առաջացնում: Հանգույցների չնչին մասն է լինում քաղցկեղային: Հանգույցների առկայության մասին հաճախ իմանում են միայն պլանային բժշկական ստուգումների արդյունքում: Հնարավոր է` բժիշկը հայտնաբերի այն առողջական այլ խնդրի առիթով անցկացված հետազոտության ընթացքում: Այնուամենայնիվ, որոշ դեքերում հանգույցները բավականին մեծ չափեր են ձեռք բերում և դառնում են տեսանելի կամ առաջացնում են կլման ակտի, շնչառության դժվարություններ:

Հանգույցի բուժումը կախված է դրա տեսակից:

 

Հանգույցի ախտանիշները

 

Մեծ մասամբ վահանաձև գեղձի հանգույցները չեն առաջացնում նշաններ կամ ախտանշաններ, սակայն եթե դրանք հասնեն մեծ չափերի՝

  • հնարավոր կլինի հանգույցը զգալ
  • հնարավոր կլինի հանգույցը տեսնել, հաճախ՝ որպես պարանոցի հիմքի այտուցվածություն (ուռածություն)
  • հնարավոր է այն ճնշի շնչափողը կամ կերակրափողը՝ առաջացնելով դժվարաշնչություն կամ կլման ակտի դժվարացում: 

Որոշ դեպքերում, հանգույցն արտադրում է հավելյալ քանակությամբ թիրոքսին հորմոն: Թիրոքսինը վահանաձև գեղձում արտադրվող հորմոններից է: Թիրոքսինի հավելյալ քանակության դեպքում հնարավոր է առաջանան վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրությանը՝ հիպերթիրեոդիզմին բնորոշ ախտանշաններ: Դրանք են.

  • առանց պատճառի քաշի կորուստ
  • շատ քրտնոտություն
  • սարսուռ/ցնցումներ
  • նյարդայնություն
  • սրտի ռիթմի արագացում կամ անկանոնություն

Չնայած վահանաձև գեղձի հանգույցների միայն չնչին մասն է քաղցկեղային, այնուամենայնիվ, ախտանիշների գնահատումից զատ պահանջվում են հետազոտություններ, որոնք կօգնեն պարզել հանգույցի բնույթը: Քաղցկեղային հանգույցները կարող են չնկատվել, դանդաղ աճել, հազվադեպ՝ լինել ագրեսիվ, մեծ, պինդ և ֆիքսված:

 

Երբ դիմել բժշկի

 

Ապահովության համար անհրաժեշտ է դիմել բժշկի, երբ նկատում եք անսովոր փքվածություն պարանոցում: Շատ կարևոր է քաղցկեղի վտանգի գնահատումը: Դիմեք բժշկի, երբ նկատում եք հիպերթիրեոիդիզմի նշաններ, ինչպիսիք են.

  • հանկարծակի քաշի նվազում, չնայած ախորժակը նորմալ կամ բարելավված է
  • սրտխփոց
  • քնի դժվարություն
  • մկանային թուլություն
  • նյարդայնություն կամ գրգռվածություն

Դիմեք բժշկի նաև հիպոթիրեոիդիզմի՝ վահանաձև գեղձի հորմոնների թերարտադրության ախտանիշների դեպքում: Դրանք են.

  • մրսելը
  • արագ հոգնածությունը
  • չոր մաշկը
  • հիշողության խնդիրները
  • դեպրեսիան
  • փորկապությունը

 

Հանգույցի առաջացման պատճառները

 

Որոշ ախտաբանական վիճակներ խթանում են վահանաձև գեղձում հանգույցների առաջացումը: Օրինակ՝

  • Վահանաձև գեղձի նորմալ հյուսվածքի գերաճ. Այս ախտաբանական վիճակը երբեմն անվանում են վահանաձև գեղձի ադենոմա: Հայտնի չէ, թե ինչու է զարգանում այս վիճակը, սակայն այն քաղցկեղային չէ և չի համարվում լուրջ՝ քանի դեռ այն չի առաջացրել խանգարող ախտանիշներ իր չափի պատճառով: Որոշ ադենոմաներ հանգեցնում են հիպերթիրեոիդիզմի:
  • Վահանաձև գեղձի կիստա. Հեղուկով լցված խոռոչները (կիստաներ) սովորաբար առաջանում են վահանաձև գեղձի ադենոմաների կազմափոխության (դեգեներացիայի) արդյունքում: Կիստաները սովորաբար քաղցկեղային չեն, սակայն երբեմն պարունակում են քաղցկեղային կարծր բաղադրիչներ:

Կարդալ՝ Վահանաձև գեղձի կիստայի բուժում էթանոլի միջմաշկային ներարկման մեթոդով:

  • Վահանաձև գեղձի քրոնիկ բորբոքում. Հաշիմոտոյի հիվանդությունը վահանաձև գեղձի խանգարումներից է, որը կարող է առաջացնել գեղձի բորբոքում և հանգեցնել հանգույցների մեծացման: Հաճախ, սա ասոցացվում է հիպոթիրեոիդիզմի հետ:
  • Հանգուցավոր խպիպ (զոբ). Խպիպ տերմինն օգտագործվում է վահանաձև գեղձի մեծացման դեպքերը նկարագրելու համար: Գեղձի մեծացում կարող է դիտվել յոդի անբավարարության կամ գեղձի այլ խանգարումների դեպքում: Հանգուցավոր խպիպի դեպքում գեղձում առկա են մի քանի առանձին հանգույցներ, որոնց առաջացման պատճառը հստակ հայտնի չէ:

 

hangucavor-xpip

  • Վահանաձև գեղձի քաղցկեղ. Հանգույցի քաղցկեղի հավանականությունը քիչ է: Այնուամենայնիվ, մեծ և պինդ կամ ցավ/անհարմարություն առաջացնող հանգույցների դեպքում անհրաժեշտ է զգուշանալ: Խորհուրդ է տրվում ստուգել հանգույցի բնույթը: Որոշ գործոններ, ինչպիսիք են ընտանիքում վահանաձև գեղձի կամ այլ էնդոկրին քաղցկեղի դեպքերը, նախկինում (բժշկական կամ ատոմային) ճառագայթայման ենթարկվելը, բարձրացնում են քաղցկեղի առաջացման վտանգը:
  • Յոդի անբավարարություն. Սննդակարգում յոդի պակասը երբեմն կարող է հանգույցների առաջացման պատճառ դառնալ: Մեր տարածաշրջանում յոդի անբավարարությունը տարածված երևույթ է:

 

Ի՞նչ բարդություններ է առաջացնում հանգույցը

 

Վահանաձև գեղձի հանգույցի դեպքում առաջացող բարդություններն են.

  • Կլման ակտի կամ շնչառության դժվարացում

Մեծ կամ մի քանի հանգույցները կարող են ճնշում գործադրելու հաշվին դժվարացնել կլման ակտը կամ շնչառությունը:

  • Հիպերթիրեոիդիզմ

Խնդիրն առաջանում է, երբ խպիպն արտադրում է վահանաձև գեղձի հորմոններ՝ հանգեցնելով օրգանիզմում այդ հորմոնի բարձր մակարդակի: Հիպերթիրեոիդիզմը կարող է հանգեցնել քաշի կորստի, մկանային թուլության, ջերմության հանդեպ անտանելիության և անհանգստության կամ գրգռվածության: Հիպերթիրեոիդիզմի հավանական բարդություններից են սրտի անկանոն ռիթմը, թույլ ոսկրերը և թիրեոտոքսիկ կրիզիսը, որը հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, երբ ախտանիշները ուժգնանում են և պահանջում անհապաղ բժշկական օգնություն:

 

Հանգույցի ժամանակակից բուժումը

Վահանաձև գեղձի հանգույցի բուժումը կախված է հանգույցի տեսակից և դրան ուղեկցող ախտաբանական վիճակներից: Հանգույցի տեսակը որոշելու համար կատարվում է բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա: Բիոպսիան թույլ է տալիս որոշել հանգույցի բարորակ/քաղցկեղային լինելը: Բարորակ հանգույցները հնարավոր է բուժել ոչ վիրահատական մեթոդով՝ ռադիոհաճախական աբլացիայի (ՌՀԱ) տեխնոլոգիայով:

ՌՀԱ բուժում ցուցվում է հետևյալ դեպքերում.

  • չափերով մեծ, եզակի հանգույց
  • հարակից օրգանները ճնշող հանգույց
  • կոսմետիկ խնդիրներ առաջացնող հանգույց

 

 

Վահանաձև գեղձի հանգույցի բուժման նորարական այս մեթոդը հասանելի է Ուիգմոր Քլինիքի ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում: Խորհրդատվության համար կարող եք այցելել Պուշկին 56 հասցե, նախապես գրանցվելու համար զանգահարեք 094 94 96 85 հեռախոսահամարին: