bool(true)
Արյունահոսությունը դեպի շնչառական ուղիներ առաջացնում է արյունախխում: Արյունախխման 5% դեպքերում այն զանգվածային բնույթ է կրում, ինչը կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է, քանի որ հնարավոր է հանգեցնի շնչահեղձության (ասֆիքսիա): Այսպիսի պացիենտների հետազոտումն ու բուժումը պետք է կազմակերպել հնարավորին արագ, քանի որ արյունախխման հետևանքները լուրջ վտանգ են կրում:
Զանգվածային արյունախխում նշանակում է, որ պացիենտը 24 ժամում հազում է 100մլ -ից մինչև 1լ արյուն, չնայած ավելի քիչ քանակությամբ արյունը նույնպես կյանքին վտանգ է սպառնում, այդ պատճաով հաճախ պահանջվում է միջամտություն:
90% դեպքերում արյան աղբյուրը բրոնխներն են՝ շնչառական ուղիները, որոնցով օդն անցնում է թոքեր: 5% դեպքերում արյան աղբյուրը թոքային համակարգն է, որը թթվածնով աղքատ արյունը տեղափոխում է սրտից դեպի թոքեր և վերադարձնում է թթվածնով հարուստ արյունը սիրտ: Գոյություն ունեն այունախխման տարբեր պատճառներ, ներառյալ՝ տուբերկուլյոզ, բրոնխիտ, վնասվածք և քաղցկեղ:
Արյունախխումը գնահատելու առաջին քայլը կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն է, չնայած՝ դրա արդյունքները 30% դեպքերում խախտումներ չեն հայտնաբերում: Մեկ այլ օգտակար ախտորոշիչ մոտեցում է բրոնխոսկոպիան, երբ էնդոսկոպիկ սարք է ներմուծվում շնչուղիներ: Արյունահոսության աղբյուրը և պատճառը հայտնաբերելու համար նպատակահարմար է ՀՇ (համակարգչային շերտագրում) հետազոտությունը:
Զանգվածային արյունախխման բուժման մեթոդ է բրոնխային զարկերակի էմբոլիզացիան, որը նվազագույն ինվազիվ միջամտություն է: Այս միջամտության ժամանակ ռենտգեն անգիոգրաֆիկ հսկողության ներքո ինտերվենցիոն ռադիոլոգը կաթետեր է ներմուծում հիվանդի ազդրային (ֆեմորալ) երակից, այնուհետև կաթետերն ուղղում է բրոնխային զարկերակ և ներարկում է էմբոլիզացնող նյութն այն արյունատար անոթի ճյուղի մեջ, որը արյունահոսում է՝ այդպիսով արգելափակելով տվյալ հատվածը և դադարեցնելով արյունահոսությունը: Էմբոլիզացիայից հետո միջամտության հաջողության գնահատման համար հիվանդին կատարվում է անգիոգրաֆիկ (անոթագրություն) հետազոտություն:
Այս միջամտությունն ունի արագաազդեցիկ կլինիկական հաջողության բարձր ցուցանիշներ: Եթե արյունահոսությունը կրկնվում է, էմբոլիզացիայի գործընթացը կարելի է կրկնել: Միջամտությունը երբեմն հնարավոր է ուղեկցվի որոշ բարդություններով, օրինակ՝ կրծքավանդակի ցավ, կլման ակտի ժամանակ հավանական ցավ, լուրջ բարդություններից է ողնաշարի բորբոքային պրոցեսը, ինչն այնուամենայնիվ խիստ հազվադեպ է պատահում:
Բուժման վիրահատական մեթոդներ նույնպես հասանելի են, սակայն դրանք նախատեսված են այն դեպքերի համար, երբ էմբոլիզացիան հաջող արդյունք չի ապահովում, կամ դրանից հետո վիճակը հաճախակի է կրկնվում: Վիրահատությունն ունի մահացության 14-18% ցուցանիշ:
Մեկ այլ միջամտություն է էնդոբրոնխային տամպոնադան, որի ժամանակ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով կիրառվում է ներծծող խցան: Այս մեթոդը կիրառվում է այն հիվանդների դեպքում, ովքեր վիրահատության կամ էմբոլիզացիայի ենթակա չեն: Այլ տարբերակ է չոր բրոնխոսկոպիան, որը կիրառելի է այն հիվանդների դեպքում, ովքեր ունեն արյան հոսքի խանգարում կամ շնչական խնդիրներ: Բրոնխոսկոպիան կարելի է կիրառել շնչուղիները մաքրելու համար կամ այլ միջամտությունների օժանդակության նպատակով:
նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am