bool(true)
Անոթային մալֆորմացիաներն արյունատար անոթների ախտահարված կույտեր են, որոնք զարգանում են պտղի ներարգանդային կյանքում: Գոյություն ունեն անոթային մալֆորմացիաների տարբեր տեսակներ: Ամենատարածված ձևը երակային մալֆորմացիան է, ինչը նշանակում է, որ երակների զարգացումն անկանոն կերպով է ընթացել: Ավշային (լիմֆատիկ) մալֆորմացիաները անկանոն գոյացություների սպունգանման կուտակմներ են, որոնք մաքուր հեղուկ են պարունակում: Երակաավշային (վենոլիմֆատիկ) մալֆորմացիան ախտահարում է և՛ երակները, և՛ ավշային անոթները՝ առաջացնելով բուշտեր և վարիկոզ երակներ: Զարկերակ-երակային մալֆորմացիան երակների և զարկերակների միջև անկանոն/ախտաբանական կապն է:
Թեև անոթային մալֆորմացիան բնածին է, այն կարող է տեսանելի դառնալ ծնունդից շաբաթներ կամ նույնիսկ տարիներ անց:
Ամենատարածված ախտանիշը ցավն է: Կախված անոթային մալֆորմացիայի տեղակայումից՝ հիվանդի մոտ դիտվում են այլ ախտանիշներ, օրինակ՝ ծննդյան սպիեր և վերջույթների այտուց: Եթե հվանդի մոտ ավշային մալֆորմացիա է, ապա հնարավոր է վարակի պատճառով բարդություններ առաջանան: Որոշ դեպքերում զարկերակ-երակային մալֆորմացիան սթրեսային ազդեցություն է ունենում սրտի վրա և առաջացնում է արյունահոսության բարդություններ: Թոքային զարկերակ-երակային մալֆորմացիայի պարագայում հիվանդի մոտ առաջանում են թթվածնի քիչ մատակարարման ախտանիշներ, շնչարգելություն, հոգնածություն և հազ:
Հաճախ անոթային մալֆորմացիաները տեսանելի են ֆիզիկալ հետազոտության ժամանակ: Եթե հիվանդի մոտ առկա են անոթային մակերեսային ախտահարումներ, դրանք կարելի է հայտնաբերել ուլտրաձայնային հետազոտության միջոցով, որը սակայն սահմանափակ տեղեկություն է հաղորդում ավելի խոր տեղակայում ունեցող ախտահարումների մասին: Արյան հոսքը և արագությունը կարելի է հետազոտել դոպլեր սոնոգրաֆիայի միջոցով:
Անոթային մալֆորմացիաները գնահատելու ամենաօգտակար գործիքը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) է, որը ճշգրիտ կերպով ցույց է տալիս անոթային մալֆորմացիայի կենտրոնը (ախտօջախը), դրա տարածման հեռավորությունը և շրջակա անոթների հետ կապը: ՄՌՏ նաև կիրառվում է տվյալ ախտահարումներում արյան հոսքի մասին տեղեկություն ձեռք բերելու և բուժման հաջողությունը գնահատելու համար:
Նվազագույն ինվազիվ միջամտությունները ներառում են ֆլեբոգրաֆիա և անգիոգրաֆիա, որոնք իրականացվում են անգիոգրաֆի օգնությամբ: Կոնտրաստ նյութ է ներարկվում, որպեսզի անոթային մալֆորմացիաները տեսանելի (վիզուալ) դառնան: Սա սովորաբար իրականացվում է նախքան սկլերոթերապիայով կամ էմբոլիզացիայով բուժումը իրականացնելը:
Պահպանողական բուժումը լավ տարբերակ է այն հիվանդների համար, ում պարագայում հիվանդությունը մեղմ բնույթ է կրում: Վիրահատական եղանակով մալֆորմացիան հեռացնելը բոլոր դեպքերում նպատակահարմար չէ և այն ունի կրկնության բարձր հաճախություն:
Անոթային մալֆորմացիաների բուժման եղանակներից են ինտերվենցիոն ռադիոլոգների կողմից պատկերային հսկողության ուղղորդմամբ իրականացվող նվազագույն ինվազիվ միջամտությունները: Այս տեխնիկաներից են էմբոլիզացիան և սկլերոթերապիան, որոնք կատավում են անգիոգրաֆի ներքո: Այս միջամտությունների ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգն ուղղորդում է կաթետերը դեպի անոթային մալֆորմացիա և ներարկում է այնտեղ սպիրտային լուծույթներ, սոսնձող կամ հատուկ միկրո գնդիկներ, որոնք առաջացնում են անոթային մալֆորմացիայի սկլերոզ, ինչը հանգեցնում է դեպի մալֆորմացիա արյան ու ավշի հոսքի դադարեցման:
Միջամտության նպատակն է ոչնչացնել մալֆորմացիայի օջախը: Միջամտության հաջողությունը հաստատվում է անոթագրության (անգիոգրաֆիա) միջոցով: Այս միջամտությունն իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում և միջամտությունից հետո հիվանդը սովորաբար հիվանդանոցում անցկացնում է մեկ օր: Հնարավոր է հաջորդող օրերին հիվանդն ունենա անհարմարության չնչին զգացում:
նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am