Դիմել բժշկի

Հիդրոնեֆրոզ

Հիդրոնեֆրոզը երիկամի բաժակ ավազանային համակարգի կայուն, պրոգրեսիվ լայնացումն է՝ պիելոուրեթերալ սեգմենտում մեզի արտահոսքի խանգարման պատճառով: Այս վիճակը հետզհետե առաջացնում է երիկամի պարենխիմայի ատրոֆիա:

 

  


Դասկարգումը


Առանձնացնում են այս հիվանդության զարգացման երեք փուլ:

• I փուլ – լայնացած է միայն երիկամի ավազանային համաարգը, երիկամի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է թեթև աստիճանի
• II փուլ – երիկամի չափերը մեծացած են 15-20%, ավազանային համակարգը զգալիորեն լայնացած, պատերը բարակած են: Ավազանային համակարգի էվակուատոր ֆունկցիան զգալիորեն տուժած է: Երիկամի ֆունկցիան տուժած է 20-40%
• III փուլ – Երիկամի չափերը մեծացած են 1,5-2 անգամ: Բաժակ ավազանային համակարգը լայնացած է, երիկամն իրենից ներկայացնում է բազմախորշ խոռոչ: Առաջանում է երիկամի էվակուատոր ֆունկցիայի խիստ խանգարում: Երիկամի ֆունկցիան նվազած է 60-80% կամ ընդհանրապես բացակայում է:

Կախված երիկամի պարենքիմայի ատրոֆիայի արտահայտվածությունից՝ տարբերակում են հիդրոնեֆրոզի 4 աստիճան:
• 1 աստիճան – պարինքիման պահպանված է
• 2 աստիճան – պարենքիմայի աննշան վնասում
• 3 աստիճան – պարենքիմայի զգալի վնասում
• 4 աստիճան – պարենքիման բացակայում է՝ երիկամը չի գործում

Կախված պատճառներից հիդրոնեֆրոզը կարող է լինել ի ծնե կամ ձեռքբերովի:

• Ի ծնե հիդրոնեֆրոստենոզի առաջացման հիմքում կարող է ընկած լինել նեֆրոնի բջջային կազմվածքի արատը կամ պիելոուրեթելիալ սեգմենտի ստենոզը, որը պայմանավորված է միզածորանի լորձաթաղանթի փականի ստենոզով, հավելյալ արյունատար անոթի ճնշման արդյունքում և այլն:
• Ձեռքբերովի հիդրոնեֆրոզի պատճառներից են միզաքարային հիվանդությունը, ուռուցքները, միզուղիների վնասվածքները:
Ձեռքբերովի և ի ծնե հիդրոնեֆրոզը կարող է լինել ասեպտիկ և ինֆեկցված:
 

Կլինիկա


Կլինիկակորեն հիդրոնեֆրոզն արտահայտվում է որովայնի ցավերով, երկրորդային պիելոնեֆրիտով և որովայնի խոռոչում ուռուցքանման գոյացության առկայությամբ, որը հայտնաբերվում է որովայնի պալպացիայի ժամանակ: Մանկահասակ երեխաների մոտ որպես առաջնային ախտանիշ դիտվում է որովայնի մեծացում, դիսպեպսիա, փսխում, անհանգստություն և միզուղիների վարակման նշաններ: Երկկողմանի հիդրոնեֆրոզի ժամանակ կարող է առաջանալ երեխայի աճի դանդաղում:

 

Ախտորոշումը


Ախտորոշումը կատարվում է ուլտրաձայնային հետազոտության, էքսկրետոր ուրոգրաֆիայի և ռենտգեն հետազոտության հիման վրա:
 

Բուժումը


Բուժումը 2 փուլի ժամանակ կոնսերվատիվ է, ուղղված է մեզի արտահոսքի ստիմուլյացիան ուժեղացնելուն: Այլ փուլերի ժամանակ բուժման մոտեցումը վիրաբուժական է և ուղղված է պիելոուրեթելիալ սեգմենտի անցանելիության վերականգնմանը, օրինակ՝ նեֆրոստոմայի տեղադրում, ինչի ժամանակ վերականգնվում է մեզի արտահոսքը և վերանում է բորբոքումը: