Դիմել բժշկի

Սուր խոլանգիտ (լեղաբորբ)

Սուր խոլանգիտը (լեղաբորբ) բակտերիալ վարակ է, որի հիմքում ընկած է բիլիար (լեղուղիների) ծառի խցանումը՝ մեծ մասամբ պայմանավորված լեղաքարերով, չնայած այն կարող է կապված լինել նորագոյացությունների կամ ստրիկտուրաների հետ: Ախտանիշների դասական եռյակը ներառում է աջ վերին քառանկյան շրջանում ցավ, տենդ և դեղնուկ: Ախտանիշների հնգյակ նույնպես կարող է դիտվել, որի դեպքում վերոնշյալ եռյակին հավելվում են մտավոր կարգավիճակի փոփոխությունները և սեպսիսը:

Խոլանգիտը (լեղաբորբ) կարող է դրսևորվել սկսած մեղմ ախտանիշներից մինչև սրընթաց, անհաղթահարելի սեպսիս: Հիվանդների համար բուժական տարբերակներ են լայն սպեկտրի հակաբիոտիկների ընդունումը և ենթադրաբար` բիլիար ծառի անհետաձգելի դեկոմպրեսիան:

 

Ախտաֆիզիոլոգիա

Սուր խոլանգիտի ախտածագման գլխավոր գործոններն են լեղուղիների խցանումը, բարձր ներլուսանցքային ճնշումը և լեղու վարակը: Լեղային համակարգում բակտերիալ կոլոնիզացիան, որից խցանում չի առաջանում, սովորաբար չի հանգեցնում խոլանգիտի: Կա համոզմունք, որ բիլիար (լեղուղիների) խցանումը թուլացնում է մարդու օրգանիզմի հակաբակտերիալ պաշտպանությունը, առաջացնում է իմունային ֆունկցիայի խանգարում և հետևաբար բարձրացնում է բակտերիալ կոլոնիզացիան բարակ աղիներում: Չնայած հստակ մեխանիզմը պարզ չէ, կա համոզմունք, որ բակտերիան մուտք է գործում բիլիար ծառ 12-մատնյա աղիքի հետին վերին ուղուց կամ դռներակային արյան հոսքով: Արդյունքում, վարակը բարձրանում է դեպի լյարդային ծորաններ՝ առաջացնելով լուրջ վարակներ: Բարձր բիլիար ճնշումը վարակը մղում է դեպի լեղածորանիկներ, լյարդային երակներ և շուրջլյարդային ավշային համակարգ՝ հանգեցնելով բակտերեմիայի (25-40%): Լեղուղիներում վարակը կարող է լինել թարախային:

Լեղին սովորաբար մանրէազերծ (ստերիլ) է: Լեղաքարերի կամ գլխավոր լեղածորանի քարերի դեպքում, այնուամենայնիվ, բակտիբիլիայի զարգացման հավանականությունը մեծանում է: Լեղում հայտնաբերվող ամենատարածված օրգանիզմներն են Էշերիխիա կոլին`27% (Escherichia coli), կլեբսիելլայի տեսակերը` 16% (Klebsiella species), էնտերոկոկի տեսակները` 15% (Enterococcus species), Ստրեպտոկոկի տեսակները` 8% (Streptococcus species), Էնտերոբակտերիաների տեակները` 7%, (Enterobacter species) և Պսևդոմոնադ աերուգինոսը` 7% (Pseudomonas aeruginosa):

Արյան կուլտուրայում առանձնացված օրգանիզմները նման են լեղում հանդիպող օրգանիզմներին: Արյան կուլտուրայում ամենահաճախը հայտնաբերվող ախտածիններից են Էշերիխիա կոլին (59%), կլեբսիելլայի տեսակերը (16%), Պսևդոմոնադ աերուգինոսը (5%), և էնտերոկոկի տեսակները (4%): Ի լրումն, բազմամանրէային վարակները լեղու կուլտուրաներում հանդիպում են ավելի հաճախ(30-87%), քան արյան կուլտուրայում (6-16%):

Առաջնային սկլերոզացնող (կարծրացնող) խոլանգիտը լյարդի քրոնիկ հիվանդություն է, որը ենթադրաբար զարգանում է աուտոիմունային մեխանիզմի պատճառով: Այն բնորոշվում է ներլյարդային և արտալյարդային լեղածորանների բորբոքումով և ֆիբրոզով: Այդ վիճակն իվերջո հանգեցնում է դռներակային գերճնշման և լյարդի ցիրոզի, որի վերջնական բուժումը լյարդի փոխպատվաստումն է:

 

Պատճառագիտություն

Արևմտյան երկրներում խոլեդոխոլիթիազը սուր խոլանգիտի ամենատարածված պատճառներից է, որին հաջորդում են էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան (ԷՌԽՊԳ/ERCP) և ուռուցքները:

Ցանկացած վիճակ, որը հանգեցնում է գլխավոր լեղածորանում լեղու կանգի կամ խցանման, ներառյալ` բարորակ կամ չարորակ ստրիկտուրաները, մակաբուծային վարակները կամ ենթաստամոքսային գեղձի կողմից արտաքին ճնշումը կարող է առաջացնել բակտերիալ վարակ և խոլանգիտ: Մասնակի խցանումն ասոցացվում է վարակի ավելի բարձր հաճախականության հետ, քան ամբողջական խցանումը:

Գլխավոր լեղածորանի քարեր

Գլխավոր լեղածորանի քարերը հիվանդին նախատրամադրում են խոլանգիտի: Խոլեցիստիտով (լեղապարկաբորբ) հիվանդների մոտ 10-15%-ը ունենում է գլխավոր լեղածորանի քարեր:

Խոլեցիստէկտոմիայից (լեղապարկի հեռացում) հետ հիվանդների 1%-ի մոտ պահպանվում են լեղաքարերը: Գլխավոր լեղածորանի քարերի դեպքերի մեծ մասն անմիջապես ախտանիշներ է առաջացնում, այնինչ որոշ դեպքերում այն մնում է տարիներով ասիմպտոմատիկ (անախտանշային): Գլխավոր լեղածորանի քարերը հիմնականում ձևավորվում են որպես առաջնային քարեր, ավելի հազվադեպ` որպես երկրորդային` լեղապարկի քարերից հետո:

Խցանումային ուռուցքներ

Խցանումային ուռուցքներն առաջացնում են խոլանգիտ: Մասնակի խցանումն ավելի շատ է ասոցացվում է վարակի ավելի բարձր հաճախականության հետ, քան ամբողջական ուռուցքային խցանումը:

Խցանումային ուռուցքներ են հետևյալները.

• ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

• խոլանգիոկարցինոմա

• վատերիան պտկիկի քաղցկեղ

• լյարդի դրունքի ուռուցքներ կամ մետաստազներ

 

Այլ պատճառներ.

• ստրիկտուրաներ և ստենոզներ (նեղացում)

• գլխավոր լեղածորանի էնդոսկոպիկ միջամտություներ

• խոլեդոխոցելե

• սկլերոզացնող խոլանգիտ (լեղուղիների կարծրախտից)

• ՁԻԱՀ խոլանգիոպաթիա

• ասկարիդոզ

 

Համաճարակաբանություն

ԱՄՆ-ում խոլանգիտը համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն առաջանում է այլ հիվանդությունների ֆոնին, որոնք առաջացնում են լեղուղիների խցանում և բակտիբիլիա (օրինակ` էնդոսկոպիկ ռետրոգրադ խոնալգիոպանկրեատոգրաֆիայից հետո հիվանդների 1-3 %-ի մոտ զարգանում է խոլանգիտ): Վտանգը բարձրանում է եթե ներկը ներարկվում է ռետրոգրադ (հետադարձ):

Հարավարևելյան Ասիայի տեղանքին բնորոշ է կրկնվող թարախածին խոլանգիտը (երբեմն անվանվում է արևմտյան խոլանգիոհեպատիտ): Այն բնորոշվում է լեղուղիների բազմակի վարակներով, ներլյարդային և արտալյարդային լեղուղիների քարերի ձևավորմամբ, լյարդի թարախակույտով և ներլյարդային և արտալյարդային լեղածորանների լայնացումով (դիլատացիա) և ստրիկտուրայով:

Խոլանգիտը հաճախ զարգանում է որպես գլխավոր լեղածորանում լեղաքարերի խցանման երկրորդային հիվանդություն: Այնուամենայնիվ, այն կրում է նույն վտանգները, ինչ խոլելիթիազը:

Լեղաքարերը շատ են հանդիպում Հյուսիսային Եվրոպայի, ինչպես նաև իսպանական կամ բնիկ ամերիկյան ծագման մարդկանց շրջանում: Մեծ վտանգի խմբում են մանգաղաբջջային հիվանդությամբ սևամաշկ անձինք:

Չնայած լեղաքարերը ավելի շատ հանդիպում են կանանց, քան տղամարդկանց պարագայում, խոլանգիտի դեպքում այդ հարաբերակցությունը հավասարվում է: Տարեց (միջինում 50-60 տ.) մարդկանց դեպքում ավելի հավանական է ասիմպտոմատիկ լեղաքարերից լուրջ բարդությունների և խոլանգիտի զարգացումը:

 

Կանխատեսումը

Հիվանդության կանխատեսումը կախված է մի շարք գործոններից, այդ թվում` հետևյալներից. 

• խոլագիտի վաղ հայտնաբերումը և բուժումը

• բուժման նկատմամբ արձագանքը

• հիվանդի մոտ ախտաբանական վիճակները

Մահացության ցուցանիշը 5-10% է և ավելի բարձր` անհետաձգելի դեկոմպրեսիա կամ վիրահատություն պահանջող հիվանդների դեպքում:

Հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշի հետ ասոցացվում են հիվանդի հետևյալ վիճակները.

• հիպոտենզիա (ցածր ճնշում)

• սուր երիկամային անբավարարություն

• լյարդի թարախակույտ

• ցիրոզ

• աղիների բորբոքային հիվանդություն

• խիստ չարորակ ստրիկտուրաներ

• ռադիոլոգիական խոլանգիտ` միջմաշկային միջլյարդային խոլանգիոգրաֆիայից հետո

 

Վտանգի գործոններ են նաև

• իգական սեռը

• 50-ից բարձր տարիքը

• հակաբիոտիկների և պահպանողական բուժման նկատմամբ թույլ արձագանքը: